Հոգու պարտք` աշխարհահռչակ գիտնականի հիշատակին


 

Հանրագիտարանային ամենազուսպ ու համեստ բնութագրումներով` Վիկտոր Համազասպի Համբարձումյանը հայ ականավոր գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի ու գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի: Նա նաև Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

Յուրաքանչյուր ազգի պատիվ բերող այս նախաբանից հետո պիտի կտրուկ անցում կատարենք մռայլ գույներին և ասենք, որ Աշտարակի Բյուրական գյուղում գտնվող աշխարհահռչակ գիտնականի տուն-թանգարանի` 1950 թվականին կառուցված շենքը, որքան էլ զարմանալի, տարօրինակ և ամոթալի է, ներկայումս գտնվում է վթարային, անբարվոք վիճակում: Եվ ասես այդ ամենը քիչ էին, հիմա էլ տուն-թանգարանում տեղի ունեցած մի դեպքի փաստով զբաղվում է ոստիկանությունը: Իսկ համոզված ենք, շենքից մազ անգամ չէր պակասի, եթե պատկան մարմինները սրտացավ վերաբերմունք դրսևորեին և ժամանակին հոգային տուն-թանգարանում առկա մասունքների պահպանության հարցերը: Իսկ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից տեղեկանում ենք, որ ապրիլի 9-ին, ժամը 16.15-ին, Բյուրական գյուղում գտնվող ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրենից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ թանգարանից գողություն է կատարվել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ապրիլի 3-ից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին տեղահանելով, թափանցել են թանգարան և այնտեղից գողացել չինական գրաֆիկական նկար` 100.000 դրամ արժողության:

Թե´ ոստիկանները, թե´ տուն-թանգարանի համար պատասխանատուները հոգու մեծ պարտք ունեն աշխարհահռչակ գիտնականի հիշատակի առաջ. ոստիկանները` հանցագործությունը շուտափույթ բացահայտելու և սրբապիղծ արարքի հեղինակին արագ հայտնաբերելու, իսկ տուն-թանգարանի պատասխանատուները` շենքը կարգի բերելու, հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու և դրանով իսկ` նմանօրինակ դեպքերը բացառելու առումով: