Գուցե փորձեն կանխե՞լ 


 

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանին է մեղադրել առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դեռևս իշխանության ղեկին է:

- Կառուցողական որոշ միջոցներ ձեռնարկելու հարցում մեզ միանալու նրանց (Ռուսաստանի) մերժումն Ասադին հնարավորություն է տալիս մնալ իշխանության մեջ` լավ զինված և հնարավորություն ունենալ արհամարհելու սեփական տարածաշր ջանի, ժողովրդի ու աշխարհի պահանջները,- ասել է նա` Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքի ռազմածովային ակադեմիա յում ելույթ ունենալիս:

Ինչպես հայտնի է` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, Ռուսաստանն ու Չինաստանը 2 անգամ պատնեշել են ԱԽ բանաձևը: Մոսկվան և Պեկինը զգուշանում են այսպես կոչված «լիբիական սցենարի» կրկնությունից, որի պարագայում կարող է արտաքին ուժային միջամտություն կիրառվել:

Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել է, որ Սիրիայում առկա է քաղաքացիական պատերազմի վտանգ, և խոստացել է իր ռուս պաշտոնակցին (Ս. Լավրովին) հանդիպելով` կփորձի ՌԴ-ին համոզել` համատեղ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք գոնե թույլ կտան սիրիացիներին մարդասիրական օգնություն հասցնել:

Այո, արդեն մեկ տարուց ավելի է` Սիրիայում չեն դադարում հակակառավարական բողոքները: Գրեթե ամեն օր այնտեղ մարդիկ են զոհվում` թե´ խաղաղ բնակիչներ, թե´ ուժային կառույցների աշխատակիցներ: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: Քաղաքացիական պատերազմի վտանգն իսկապես առարկայական է, այն էլ` լիբիական սցենարի կրկնությամբ: Ամենայն հավանականությամբ երեկ` Վաշինգտոնում կայացած «ութնյակի» երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովում կայացել է Քլինթոն-Լավրով հանդիպումը: Արդյունքները դեռ հայտնի չեն, բայց Սիրիայում քաղաքացիական պատերազմին նախապատրաստվելու (իսկ գուցե հրահրելո՞ւ) փոխարեն արդյո՞ք այն կանխելու ուղղությամբ համագործակցելու ծրագրեր կքննարկեն դաշնակիցները: Հազիվ թե: