ԱԼԻԵՎՅԱՆ ՆՈՐ ԿԵՂԾԻՔԸ


 

Ադրբեջանի նախագահը դադար չի առնում և անընդհատ ցանկանում է բոլորի գիտակցության մեջ ներարկել այն սուտը, թե իրենք հայերի կողմից ցեղասպանված ու կոտորված են, թե Ադրբեջանի նորոգ պատմությունը լցված է հայերի կողմից իրականացված կոտորածներով: Հիմա էլ Իլհամը կարգադրություն է ստորագրել` այն վերնագրելով «Հայաստանի զինված ուժերի կողմից Շուշի քաղաքի օկուպացման քսանամյակի մասին»: Արդեն իսկ վերնագրի մեջ նա թույլ է տվել կեղծիք` Շուշիի գրավումը (իր բառամթերքով` օկուպացիան) կապելով Հայաստանի հետ: Շուշիի ազատագրումը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ին, ռազմական գործողություններին մասնակցել են ոչ թե Հայաստանի զինված ուժերը, այլ Լեռնային Ղարաբաղի կամավորական ջոկատները: Հայաստանը ճանապարհ չուներ դեպի Ղարաբաղ, որովհետև Լաչինի միջանցքը գտնվում էր ադրբեջանցիների հսկողության ներքո: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հերոսության արդյունքում հաջողվեց ոչ թե օկուպացնել, այլ ազատագրել հայոց հնագույն քաղաքներից մեկը, որն իրականում բռնակցվել էր Ադրբեջանին:

Ալիևն ու նրա սպասարկու պատմաբանները, իբր հիմնավորելու համար Շուշիի «օկուպացիան», այդ կարգադրության մեջ այսպիսի բացատրություն են տվել.

- Այդ քաղաքը պատմության մեջ է մտել շնորհիվ Գասում բեկ Զաքիրի, Խուրշուդբանու Նաթավանի, Միր Մովսում Նավվաբի, Նաջաֆ բեկ Վեզիրովի, Աբդուռահիմ բեկ Հախվերդիևի, Յուսիֆ Վեզիր Չեմենզեմինլիի, Ֆիրուդուն բեկ Քոչարլիի, Ահմեդ բեկ Աղաօղլուի:

Թե որտեղից են հորինվել այս անունները, ինչպես է պատահել, որ 1750 թվականին հայերի կողմից հիմնադրված ու Վարանդայի մելիքության մաս կազմող քաղաքը դարձել բնիկ ադրբեջանական` հաստա´տ Ալիևին էլ հայտնի չէ: Այս քաղաքի փառավոր պատմության մեջ երբեք ադրբեջանցիներ չեն հիշատակվել, Շուշին երբեք չի տեղավորվել Ադրբեջանի պատմության մեջ: Միայն քսաներորդ դարասկզբին են այստեղ հայտնվել կովկասյան թուրքերը, հրդեհել քաղաքը, սկիզբ դրել կոտորածներին: Նրանք ոչնչացրել են հայկական մշակույթի շատ հուշարձաններ, հրո ճարակ են դարձրել Մկրտիչ Խանդամիրյանի կառուցած թատրոնը: Ղարաբաղցի լրագրող Բ. Աթանեսյանն այս կարգադրության մեջ հայերի դերի զրոյացման փաստի առթիվ գրում է.

- «Հանդուրժողական» Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցնողը գոնե հանուն պատշաճության հարկ չի համարել նշելու ծնունդով շուշեցի հայ գրողներին, գիտնականներին, պետական-քաղաքական ու ռազմական գործիչներին: Հայաստանին մեղադրելով «էթնիկ զտումներ իրականացնելու» մեջ, Իլհամ Ալիևն ինքը էթնիկ զտման է ենթարկում Շուշիի պատմամշակութային անցյալը:

Կարգադրության մեջ նշվում է, որ դեռևս 1977 թ. Հեյդար Ալիևի ջանքերով ընդունվել է «Շուշի քաղաքի պատմական հատվածը պատմամշակութային արգելոց հայտարարելու մասին» որոշումը: Ըստ կրտսեր Ալիևի` Շուշիում ստեղծվել են կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովի, երգիչ Բյուլբյուլի տուն-թանգարանները: Ուզեիր Բեկ Հաջիբեյլի-Հաջիբեկովը, որը սեփականել է արևելյան «Արշին մալ-ալան» սիրավեպը և այն հռչակել ադրբեջանական, որևէ առնչություն չունի Շուշի քաղաքի հետ, քանի որ ծնվել է Աղջաբեդիում: Իսկ ահա Բյուլբյուլի ծննդավայրն անհայտ է համարվում, քանի որ ինքը` արվեստագետը, երբեք իր կենսագրականներում չի նշել ծննդավայրի մասին: Շուշիում կառուցվել էր Մոլլա Փանահ Վագիֆի դամբարանը: Սա փոքր-ինչ իրականություն էր, որովհետև հալածված թաթար-թուրքերից, Վագիֆը Ղազախի Սալահլի գյուղից գաղթել էր Շուշի, որպեսզի հայերի մոտ ապահովություն գտներ:

Իլհամի կարգադրությամբ, Շուշիի «օկուպացիայի» 20-ամյակին նվիրված հիշատակի արարողություններ պետք է կազմակերպ վեն ողջ Ադրբեջանում, պետք է լույս տեսնեն գրքեր, նկարահանվեն ֆիլմեր: Այսինքն, հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան պիտի բացի ստերի ու կեղծիքների պարկը` աշխարհին ապացուցելու համար, թե հայերը բարբարոսներ են, գրավել են տոհմիկ ադրբեջանական տարածքները, ոչնչացրել ադրբեջանական մշակույթի հարյուրավոր հուշարձաններ: Իսկ մենք, հավանաբար, դարձյալ տեղային նշանակության հոդվածներ ենք տպագրելու, մեր ներսում ենք միայն դատապարտելու ադրբեջանական կեղծարարությունը: Հենց դրանից էլ օգտվում են ադրբեջանցիները, քանի որ մեր բացահայտումներն ու պարզաբանումները չեն անցնում Հայաստանի սահմաններից: Հզոր Սփյուռք ունեցող երկիրն իրավունք չունի այդկերպ վարվելու, լռության մատնելու ադրբեջանական կեղտոտ քարոզչությունը, որը, ցավոք` հովանավորվում է որոշ տերությունների կողմից: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ