ՏԵՐ-ՊԵՏ-ՐՈՍ-ՅԱ-ՆԻ ՈՒ-ՇԱ-ՑԱԾ 
ՄԱՐ-ԴԱ-ՍԻ-ՐՈՒԹ-ՅՈՒ-ՆԸ


 

Զարմանալի բան է կատարվում ՀՀ առաջին նախագահ և Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Երբեք չլինելով պոպուլիստ, անգամ շատ հարցերում որդեգրելով հոռետեսությունը, հիմա երկրի հիմնադիր նախագահը հանդես է գալիս պոպուլիստական հայտարարություններով, ՀԱԿ-ի նախընտրական ծրագրերում ներառում այնպիսի դրույթներ, որոնք կարող էին զարդարել բոլորովին այլ կուսակցության ծրագիրը:

Այսպես, մարտի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է հետևալ ծրագրային դրույթը.

- ԽՍՀՄ խնայբանկերի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմսեր` դրանք աստիճանաբար մարելով համապատասխան ժամանակացույցով, այն էլ` կրկնակի ավելի մեծ չափով և կրկնակի ավելի արագ, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով:

Գուցե շատերն ասեն, որ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, որ առաջին նախագահը մտածում է մարդկանց կորցրածը վերադարձնելու, սոցիալական արդարություն հաստատելու մասին: Մենք էլ ենք այդ մասին մտածում: Սակայն մի՞թե չէր կարող նա իր նախագահական իշխանության տարիներին հենց նման նախաձեռնության հեղինակ դառնալ, նպաստել, որ պարտատոմ սերի տեսքով մարդկանց վերադարձվեին նրանց գումարները, որոնք փոշիացան բանկերում, և ոմանք էլ դրանց հաշվին ահռելի հարստություններ դիզեցին:

Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին որոշ ընդդիմադիր ուժեր հենց նման դրույթներ էին ներառում իրենց ծրագրերում, մինչդեռ Տեր-Պետրոսյանի վարչապետ և «էգ կովերի մասնագետ» Հրանտ Բագրատյանը ծաղրում ու հեգնում էր, անիրատեսական համարում այդ դրույթը: Հիմա հերթը ՀԱԿ-ինն է, նշանակում է` կարելի է վերադարձնել այդ գումարները և այն էլ` կրկնակի չափով: Մարդիկ այդ գումարների պատճառով աղքատացան, ոմանք, չկարողանալով դիմանալ աղքատությանը` ինքնասպան եղան, մահացան ինֆարկտից, իսկ շատերն էլ հեռացան հայրենիքից: Ու հիմա հայտարարվում, է, որ այդ դրույթը որդեգրվում է որպես ծրագիր...

Գիտեմ, որ ոմանք պիտի պնդեն, թե այն տարիներին երկրի բյուջեն այդ հնարավորությունը չէր տալիս, թե պատերազմական իրավիճակ էր: Սակայն կարելի էր, չէ՞, պարտատոմսեր թողարկել և աստիճանաբար վճարել մարդկանց պարտքերը, փրկել երկրի ունեցվածքն անխիղճ թալանից...