ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՍԿԼԵՐՈԶ 


 

- Այսօր իշխանությունը հայ մարդու կողքին չէ, խմբի կողքին է: Մենք չենք ունեցել իշխանություն, որը ծառայի ժողովրդին,- այսպիսի հայտարարություն արեց օրերս ՀՅԴ առաջնորդներից մեկը` Վահան Հովհաննիսյանը:

Եթե նա այս խոստովանությունն անում է ինքնաքննադատաբար, ապա կարող ենք ասել, որ վերադաստիարակվել է: Իսկ եթե մեղադրանք է հնչեցնում, ապա լուրջ հարցեր են ծագում: Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո ՀՅԴ-ն միշտ եղել է իշխանության մեջ, միշտ հանդիսացել է նախագահի հենարանը` նրան համարելով իր ներկայացուցիչը: Օրենսդիր և գործադիր իշխանության մեջ Դաշնակցությունն ունեցել է մեծ ներկայություն, ստացել է նախարարների, մարզպետների, փոխնախարարների ու փոխմարզպետների պաշտոններ: Խորհրդարանում դաշնակցականները զբաղեցրել են փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների պաշտոններ: Բազմաթիվ դաշնակցականներ նշանակվել են տարբեր ՊՈԱԿ-ների տնօրեններ, ստացել են հայեցողա կան բազմաթիվ պաշտոններ: Ու հիմա հայտարարվում է, որ մենք չենք ունեցել ժողովրդին ծառայող իշխանություն: Եթե Վահան Հովհաննիսյանն անկեղծ է, ապա հենց նա է ասում, որ ՀՅԴ-ն նույնպես ծառայել է իշխանությանը, եղել է ինքնաբավ և մտածել սեփական նյութական խնդիրների լուծման մասին: 1998-ին իշխանության մեջ տեղեր ստանալով Դաշնակցությունն ամեն ինչ արեց, որպեսզի արշավանք կազմակերպի բոլոր նրանց դեմ, ովքեր իրենց հետ չեն: Դաշնակցական նախարարներից մեկը գլխատեց մեր օպերային թատրոնը` պաշտոնանկ անելով Տիգրան Լևոնյանին, մեկ ուրիշը ղեկավարելով Գյուղատնտեսության, ապա Քաղաքաշինության նախարարությունը` ձեռք բերեց ահռելի տարածքներ, կառուցեց գործարան: Կրթության և գիտության նախարարը Սեբաստիա փողոցի վրա հիմնեց ռեստորանային համալիր…

Շատ-շատ բաներ կարող ենք հիշեցնել, պարզապես չենք կամենում ընտրողներին հիասթափեցնել ընկեր դաշնակցականներից: Միայն ասենք, որ տասը տարի իշխանության մեջ եղած և իշխանություն ունեցած ուժը հիմա էլ ամբողջական իշխանություն է ուզում: Սա նշանակում է, որ դեռ կան անպաշտոն ընկերներ, որոնց նյութական բարեկեցության հարցերը ևս պետք է լուծվեն: Անգլիական առածն այս դեպքում ասում է. «Կեցցե կատուն, որ մուկ է որսում սեփական փորի համար»…

Լ.Մ.