ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ 


 

Գյումրիում կայանալիք ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները, ինչպես պարզվում է, Գյումրու ժուռնալիստ ների «Ասպարեզ» ակումբն ու «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն» են` Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությամբ: Արդեն նշել ենք, որ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» ղեկավարում է ոչ անհայտ Գեորգի Վանյանը: Գյումրիում պայթյունավտանգ իրավիճակ է, երեկ առավոտվանից մարդիկ շրջապատել էին «Ասպարեզ» ակումբը, որտեղ պիտի իր աշխատանքները շարունակի փառատոնը: Մեր ունեցած տեղեկություններով` այն կյանքի է կոչվել որոշակի գրանտների համար: Բողոքի բազմաթիվ հայտարարություններին պատասխանել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Մշտապես բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները և պաշտպանելով որոշ քաղաքացիական նախաձեռնություններ, այնուհանդերձ մեզ զարմանք է պատճառել նրա արդարացումը, որը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում.

- ... Քանի որ ես էլ մի քանի լրագրողներից զանգեր ստացա մեզ մոտ` Գյումրիում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման մասին, ու բացատրել եմ ակումբի դիրքորոշումը այդ կապակցությամբ, հիմա այստեղ էլ ասեմ. 1. «Ասպարեզ» ակումբի խոսքի ազատության սրահը 12 տարի շարունակ բոլոր հնարավոր կամեցողներին տրամադրվել է առանց նախնական կամ այլ գրաքննության: Մարդիկ կամեցել են խոսք ասել, բողոքել, գովալ, ֆիլմ ցուցադրել, վարժանք ներկայացնել ... և այլն` օր ու ժամ են պայմանավորվել, և եկել ասել-արել են:

Մեր պարտականությունը արտահայտման պայմաններ տրամադրել ու ԶԼՄ-ներին տեղեկացնելն է եղել այդ մասին: 12 տարում ավելի քան 1000 մամլո ասուլիս և 200 քննարկում է եղել ակումբում, բոլորն անվճար: Ակումբում տեղի ունեցած ասուլիսների և քննարկումների ժամանակ անգամ քննադատել են ակումբը: Ազատ արտահայտման հնարավորության ստեղծումը, խոսքի և արտահայտման ազատության պաշտպանությունն ակումբի հիմնադիր սկզբունքն է: 2. Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը մեկ ամիս առաջ դիմել է ակումբին, խնդրելով վրացական և ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության համար տարածք տրամադրել ակումբում, ինչը չենք մերժել այնպես, ինչպես չենք մերժել վերը նշված հազարից ավելի դեպքերում: Երկու շաբաթ առաջ ցուցադրվել են վրացական «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» և «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ-2» ֆիլմերը: Դիտումներին մասնակցել են 15-20 հոգի, այդքանն են հետաքրքրված եղել: Ապրիլի 12-ին նախատեսվում է ադրբեջանական 4 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն, ընդհանուր տևողությունը, ինձ ասացին` մոտ 70 րոպե է: Ակումբը այդ և հարանման ցուցադրություններից/միջոցառումներից որևէ ֆինանսական կամ նյութական եկամուտ չունի և չի ունեցել: 3. Մի կողմից Հայաստանում գոյություն չունի որեւէ օրենք նման ցուցադրությունն արգելելու համար, մյուս կողմից ոչ ակումբը, ոչ էլ ես իրավունք չունենք որոշել այլոց հետաքրքրությունները այդօրինակ ֆիլմերի նկատմամբ, իսկ երրորդ կողմից` ակումբը չունի և չի էլ կամենում ունենալ պետության և իշխանության քարոզչության ու պրոպագանդայի բաժնի առաքելությունն ու ֆունկցիաները, որոշելու, թե տեսնես ո՞ր ֆիլմը, ո՞ր հոդվածը կամ լուսանկարն է պետական կամ իշխանական շահերի/հեղինակության պաշտպանության շրջանակներում, որոնք են վնասում կամ նպաստում Հայաստանի ազգային կամ իշխանավորի անձնական անվտանգությանը, որոնք են, որ մշակութային արժեք են ներկայացնում կամ ոչ: Նման դատողությունները ակումբի իրավասություններից դուրս են: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ադրբեջանական կամ թուրքական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վնասում են մեր ազգային անվտանգությանը, տկարամիտներ են, սա իմ անձնական կարծիքն է):

Ամբողջությամբ ներկայացնելով մեր գործընկերոջ արդարացումը, միայն մի նպատակ ենք հետապնդել` ցույց տալ, թե ինչպես է նպատակն «արդարացնում» միջոցները, թե ինչպես են հանուն ինչ-որ գրանտների մարդիկ դավաճանում մեր ազգային արժեքները, ինչպես են ելնում մեր հիշողության ու պատմության դեմ, ինչպես են կամենում կեղծ հանդուրժողներ ներկայանալ: Օրեր առաջ Բաքվում Իլհամ Ալիևը հարձակվեց հայ պատվիրակների վրա` հայերին ցեղասպաններ և ֆաշիստներ կոչելով, ադրբեջանական դիպուկահարները սպանում են մեր զինվորներին, իսկ Գյումրիում գեորգիվանյանական գրանտներով խանդավառված` ոմանք ադրբեջանական ֆիլմերի փառատոներ են կազմակերպում: Մի քաղաքում, որն Արցախյան պատերազմին մոտ երկու հարյուր զոհ տվեց, որի փողոցներով անցնում են որդեկորույս սևազգեստ մայրեր...

Լ.Մ.