«Քեզ համար, Երևա°ն» ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ` ԳՐԱՎԻՉ ՈՒ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՔԱՂԱՔ


Անկարելի է մտաբերել հայաստանյան որևէ ընտրապայքար, որը դժգոհություններով, հակասություններով, քաղաքական ուժերի կողմից միմյանց սևացնելու ջանքերով ու հարձակողական քարոզչությամբ համեմված չլիներ: Առաջին անգամ անցկացվող Երևանի ավագանու ընտրությունն առանձնանում է նաև ընտրապայքարի ընթացքում ձևավորված հոգեբանական դրական մթնոլորտով: Համենայն դեպս, գոնե մինչ այսօր մրցապայքարն ընթանում է հանգիստ ու կոռեկտ: Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ, նախընտրական շտաբի պետի տեղակալ Ռուբեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ այդ դրական փոփոխությունը պայմանավորում է ձևավորվող ու հետզհետե արմատավորվող ընտրական մշակույթով: - Կարծում եմ` քաղաքական կուսակցությունները հասկացել են խնդրի լրջությունն ու կարևորությունը` մեր մրցակից քաղաքական ուժերի գործողություններում, գործելակերպում և ընտրած մարտավարություններում: Հուսանք, որ մեկնարկած ընտրական քարոզչությունը կշարունակվի շատ կոռեկտ և պատշաճության մակարդակում: Սև քարոզչության մեխանիզմների փոխարեն այն կդառնա կարծիքների, տեսակետների, սկզբունքային մոտեցումների քննարկում: Այդ կերպ միայն կապահովվի իսկական մրցակցություն, և հանրությունը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել: - Ավագանու անդամների ցուցակը կազմվել է` բնականաբար, հաշվի առնելով կադրերի արժանիքները: Այդուհանդերձ, ցանկալի է, որ ավելի մասնավորեցնեիք, թե՞ հատկապես ի՞նչ սկզբունքներով է կազմվել Հանրապետականի ընտրացուցակը: - Այն իրողությունը, որ ընտրելու ենք Երևանի ավագանի, անհրաժեշտություն է առաջացրել, որպեսզի ավագանու անդամների թեկնածություն առաջադրեինք այնպիսի անձանց, ովքեր քաջածանոթ են մայրաքաղաքի հիմնախնդիրներին, իրազեկված են այդ խնդիրներն համակարգող գործառույթներին: Հաշվի ենք առել նաև մեր կուսակից ընկերների կարծիքները: Թեկնածուներ են առաջադրվել տարբեր համայնքներից: Ի դեպ` նաև մեր անկուսակցական համակիրներից: Փորձել ենք ցուցակում ընդգրկել նրանց, ովքեր առավելագույնս կներկայացնեն հանրության տարբեր խավերի, տարբեր շերտերի շահերը: Ի վերջո, ամենքն էլ պատասխանատու են կուսակցության առջև և իրականաց նելու են ՀՀԿ ծրագրերը: Մեր նախընտրական խոստումներում ներառված են խորհրդարանական և ՀՀ նախագահի ծրագրերի բազմաթիվ դրույթները, կարևորագույն սկզբունք ները: Ընդհանուր առմամբ դա է հուշում նաև մեր կարգախոսը` «Քեզ համար, Երևա°ն»: - Հավանաբար, դատելով նախորդ տարվա մարտի 1-ի դեպքերից, սփյուռքում ապրող մեր հայրենակիցները տագնապներ ունեն` չիցե՞ թե հունիսի 1-ը նույնպես խժդժությունների օր դառնա: Իբրև իշխող կուսակցություն, ասել է թե` քաղաքական անվտանգության համար պատասխանատվություն կրող կառույցի ներկայացուցիչ, ինչո՞վ կփարատեիք այդ տագնապները: - Կարծում եմ` մեր մրցակից քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները ներկայացնելիս պետք է լինեն առավելագույնս զուսպ, չփորձեն ավելորդ հոգեբանական ճնշումներ գործադրել հանրության վրա, իրավիճակն արհեստականորեն չթեժացնեն: Համենայն դեպս, քարոզարշավի առաջին տասնօրյակը փաստում է, որ ամեն ինչ հանդարտ և նորմալ է ընթանում: Քաղաքական ուժերը գիտակցում են այն պատասխանատվությունը, որ ունեն պետության ու հանրության առջև: Իսկ եթե, այդուհանդերձ, ոմանք կփորձեն խաթարել ընտրությունների ընթացքը, բնականաբար, պատասխանատվության կենթարկվեն օրենքի շրջանակներում: Մարտի 1-ի դեպքերը դաս եղան, որպեսզի զերծ մնանք ավելորդ բախումներից: Եթե կան խնդիրներ, կա տեսակետների բախում, ցանկալի է` միայն քաղաքական մեթոդներով: - Ի՞նչ չափով են օգտակար լինում մրցապայքարի պատրաստվող քաղաքական ուժին զանազան սոցիոլոգիական հարցումները: Չէ՞ որ, վերջին հաշվով, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը հնարավորություն ունի սեփական վարկանիշը ուսումնասիրել: - Բոլոր դեպքերում մենք ուշադիր հետևում ենք սոցիոլոգիական հարցումներին: Բայց չմոռանանք` Հանրապետականն այն քաղաքական ուժերից մեկն է, որը բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում ունի իր կառույցները, ինչն ավելի դյուրին է դարձնում վերլուծություն կատարելը: Ունենք կայուն ընտրազանգված և մեր ընտրողներին չենք հիշում միայն ընտրությունից ընտրություն: Մեր կատարած աշխատանքը շարունակական է: Իր գործելաոճով և պահվածքով ՀՀԿ-ն փորձում է մշտապես հասանելի լինել ընտրողներին, ականջալուր` ժողովրդի հոգս ու ցավին: Փորձում ենք նրա հետ կիսել հաջողությունները, դժվարություններն ու պատասխանատվության բեռը: Երևանի բոլոր համայքներում ունենք սկզբնական կառույցներ, որոնք ակտիվորեն համագործակցում են ազգաբնակչության հետ: Մեր որդեգրած քաղաքականության և քաղաքացիների հետ առօրեական շփումների շնորհիվ մենք քաջատեղյակ ենք ընթացող գործընթացներին, տեսակետներին և կարծիքների ձևավորման տրամաբանությանը: Դա օգնում է` ճիշտ կողմնորոշվել, ճիշտ մարտավարություն ընտրել: Կուսակցությունը հստակ վերաբերմունք է դրսևորում ընտրությունների կազմակերպմանը: Միաձույլ մեր թիմը գիտե իր գործը, և հստակեցված է աշխատանքների ճիշտ բաժանումը: - Ստանձնելով մայրաքաղաքի ղեկավարումը և իբրև ավանդապաշտ կուսակցություն, Հանրապետականը ունի՞ ծրագրեր` Երևանի հին դիմագիծը և ավանդույթները վերականգնելու ուղղությամբ: - Այս քարոզարշավը վերստին փաստեց, որ կա°ն հիմնախնդիրներ, և քաղաքական ուժերը պետք է իրենց ուշադրությունը սևեռեն հենց այդ խնդիրների կարգավորմանը: Մեր նախընտրական ծրագրում հստակ նախանշված են անելիքները. մաքուր, հարմարավետ, կարգ ու կանոնի, բարեկարգ, ավանդույթները պահպանող քաղաք: Պետք է վերակերտվի Երևանը, երևանցու նկարագիրը: Մայրաքաղաքացին պետք է կարողանա իր բնօրրանում արժանավայել ապրել: Իհարկե, մեր տված խոստումները, նախանշած ծրագրերը մեկ շաբաթում կամ մեկ ամսում իրագործել հնարավոր չէ: Կան ձեռնարկներ, որոնք տարիների քրտնաջան աշխատանք են պահանջում: Մենք նախաձեռնել ենք իրատեսական ծրագրերի կենսակոչում, և ընտրողն էլ վերջին 8-9 տարում համոզվել է, որ Հանրապետական կուսակցությունը իր խոստումները միշտ իրականացրել է և հանրության դատին ներկայացել արդեն կատարված աշխատանքով: Ժամանակը ցույց է տվել, որ ՀՀԿ-ն ոչ թե պատրաստվում է կամ սոսկ մասնակցում է ընտրություններին, այլ շարունակում է տված խոստումների, որդեգրած սկզբունքների իրականացումը: Մենք կրում ենք պատասխանատվություն թե° խորհրդարանական, թե° ՀՀ նախագահի ընտրություններում տված խոստումների համար: Իսկ Երևանի ավագանու մեր ծրագիրը այդ երկուսի համատեքստում է: Հավատացած եմ և վստահ, որ իրագործելու ենք մեր բոլոր խոստումները, և հետևողական ենք լինելու, որպեսզի հետագայում կենսակոչվեն նաև երկարաժամկետ ծրագրերը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ