100 հազար ռուբլի McDonalds¬ից


Պետերբուրգի մի բնակիչ արագ սննդի միջազգային ռեստորանային ցանցից 100 հազար ռուբլի հատուցում է ստացել` իր բաժին աղցանում եղած քարի դիմաց: Քար, որն աղցանի հետ ծամելով` պետերբուրգցին կոտրել է ատամը (տեղեկացրել է Svobodanews.ru¬ն): Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ կոտրված ատամից արյուն է եկել, բայց, սննդօբյեկտի աշխատակիցները կոպտել են այցելուին` ասելով, թե նա խարդախ է և ռեստորան է եկել կոտրած ատամով` իրենցից հատուցում պահանջելու: Այդժամ տուժողը` պաշտոնաթող սպա Կոնստանտին Կոսոլապովը, վկաների ներկայությամբ աղցանը փաթեթավորել է, պահանջել է, որ փաթեթի վրա դրվի ռեստորանի կնիքը և դիմել է դատարան: Շուրջ 1 տարի ձգվել է դատաքննությունը, և փորձաքննության արդյունքը հօգուտ տուժողի է եղել, ով պահանջել է 250 հազար ռուբլի: Դատարանը վճռել է սակայն, նրա օգտին բռնագանձել 100 հազար: Ճիշտ է, պատասխանող կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը, բայց այս գործն արտառոց է` իր տեսակի մեջ: Ռուսաստանում (իհարկե` Հայաստանում ևս) նման միջադեպ դեռ չի եղել: - Եթե մեր իրավական դաշտում այսպիսի նախադեպ է ստեղծվել, նշանակում է` դա կկրկնվի. ուրեմն սպառողների իրավունքները պետք է ավելի հուսալիորեն պաշտպանվեն,¬ ասել է Փաստաբանների միջազգային կոլեգիայի փոխնախագահը: