ԱՆՊԱՇՏՊԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐ


Արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ հանրապետությունում լուծարվել է Սննդի անվտանգության տեսչությունը, իսկ այլընտրանքային կառույցը, ինչպես հավաստում են պատասխանատուները, կստեղծվի մոտ երեք ամիս հետո: Նշանակում է` առանց այն էլ բարձիթողի վիճակում հայտնված սննդի անվտանգությունը հիմա ամբողջապես կվերածվի ամենաթողության` սպառողներին դնելով անելանելի կացության մեջ: Իսկ այդ կացության նախանշանները վաղուց են ի հայտ եկել: Տարբեր կառույցների կողմից կազմակերպված ստուգումների ժամանակ բացահայտվել են աղաղակող փաստեր, ի հայտ են եկել անորակ սնունդը վաճառքի հանելու հազարավոր փաստեր, որոնց առթիվ արձանագրություններ են կազմվել, սակայն վիճակը ոչնչով չի փոխվել: «Սպառողների ազգային ասոցիացիայի» և այլ հասարակական կազմակերպությունների հրապարակած տվյալները վկայում են, որ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, վաճառվող սննդամթերքի մոտ 50 տոկոսը ժամկետանց է, համային համապատասխան որակներից զուրկ: Շատ սննդային ապրանքատեսակներ չունեն ժամկետային նշումներ, իսկ սա նշանակում է, որ սպառողը չի կարող իմանալ, թե երբ է արտադրվել, ինչ ժամկետում կարող է թույլատրելի համարվել օգտագործման համար: Հատկապես լուրջ խնդիրներ կան երշիկեղենի, կաթնեղենի հարցում, քանի որ դրանց վրա բացակայում են ժամկետները, երբեմն տեսականին չի համապատասխանում նախատեսված համային պահանջներին: Քիչ չեն դեպքերը, երբ մի խանութում տևական ժամանակ վաճառասեղաններին հայտնված ապրանքները տեղափոխվում են մեկ այլ խանութ` այսպես տպավորություն ստեղծելով, թե նոր ապրանքատեսակներ են ստացվել: Այս առումով, հատկապես ծանր է վիճակը մարզերում, որտեղ Երևանի տարբեր խանութներում չիրացված սննդամթերքներն են հրամցնում գնորդներին: Նման փաստերի հանդիպել ենք հատկապես Վանաձորում, ուր շատ վաղուց ոչ ոք սպառողների մասին չի մտածում: Ինչպես երևանյան, այնպես էլ մարզային շուկաներում լուրջ մտահոգություններ է առաջացնում մսի վաճառքի հիմնախնդիրը: Շատ վաղուց ոչ ոք չի զբաղվում ստուգումներով, այդ թվում` բժշկական-լաբորատոր. ուստի օրեր շարունակ վաճառասեղաններին մնացած, հակասանիտարական պայմաններում պահվող մսեղենը մատուցվում է գնորդներին` հաճախ լուրջ աղեստամոքսային խաթարումներ առաջացնելով: Թե´ շուկաներում, թե´ խանութներում վաճառվում են սառեցված բդեր, որոնք վաղուց հանվել են վաճառքի համար թույլատրելի ապրանքատեսակների ցուցակներից, մինչդեռ վաճառողներին ու խանութների սեփականատերերին այս ամենը չի հետաքրքրում. նրանք շարունակում են վաճառքը` գիտենալով, որ որևէ ստուգող կազմակերպություն չի արգելի իրենց: Ստեղծված վիճակն արդեն հրամայական է դարձնում սննդի անվտանգության ազգային հայեցակարգի ստեղծումը, ինչը սպառողների պաշտպանության երաշխիք կլինի: