Նա ապրեց պատերազմի ցավը


Անգնահատելի են այն մարդկանց ջանքերը, ովքեր Ազգային բանակի կազմավորման առաջին իսկ օրվանից նվիրվել են բանակաշինության գործին` դառնալով նրա վերելքի ու ամրապնդման մասնակիցը: Ազատամարտիկ Սամվել Մանուկյանը երկար տարիներ ապրում էր ՌԴ Չելյաբինսկի շրջանում: Երբ Շարժումն սկսվեց, հայրենիքին օգտակար լինելու մղումը նրան բերեց Հայաստան: Անդամագրվեց նախ` Երկրապահ կամավորականների, ապա Կոնդի (ԿԿՋ-Կոնդի կործանիչ ջոկատ) ջոկատին, որի կազմում էին նաև ավագ որդին և կնոջ 3 եղբայրները: Քաոսային իրավիճակ էր: Օրեցօր ավելի էին թեժանում ՀՀ սահմանամերձ շրջանների ու Արցախի բնակավայրերի վրա թշնամու հարձակումները: Կամավորական ջոկատներն անում էին անգամ անհնարինը` հակառակորդի ոհմակները հետ մղելու համար: Սակայն առավել հրատապ էր դառնում նրանց գործողություններին կազմակերպ ված ընթացք տալու` կանոնավոր զորամիավորում ստեղծելու խնդիրը: Այդ օրերին կազմավորված ադրբեջանական օմօնը ճնշում էր մեր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Հապաղել, կնշանակեր տանուլ տալ: Ֆիդայական ջոկատների միավորումով ստեղծվեց «Հատուկ գունդը», որը դարձավ Հայոց բանակի հենասյունը: Սամվել Մանուկյանը նշանակվեց նորաստեղծ կառույցի քսուքավառելիքային ծառայության պետ: - Գունդը միայն կռվողներով չի կարող հաջողություն ապահովել, եթե թիկունքն ամուր չէ: Սամվելը ստանձնեց ամենածանր ու պատասխանատու աշխատանքներից մեկը: Վառելիք ընդհանրապես չկար: Ծանր պայմաններ էին: Սակայն նրան հաջողվում էր հայթայթել: Նույնիսկ այդ սուղ պայմաններում մենք երբեք խնդիրներ չունեցանք,¬ պատմում է «Հատուկ գնդի» Ավտովաշտի հրամանատար Աշոտ Ներսիսյանը: Սամվել Մանուկյանը մասնակցել է գնդի վարած բոլոր մարտերին` Երասխավանում, Բարձրունիում, Իջևանում, Նոյեմբերյանում… Արցախում` Լաչինում, Կուբաթլիում, Քելբաջարում, Գետաշենում: 1994 թ. նշանակվեց սպառազինության ծառայության պետի տեղակալ: - Ես 2 տարի ուշ եմ միացել «Հատուկ գնդին»: Եկել եմ Խորհրդային բանակից: Առաջին մարդը, ում ճանաչեցի և ցանկացա ծառայել Հայկական բանակում, Սամվելն էր: Չափազանց պարտաճանաչ ու ճշտապահ է` նվիրված իր գործին: Այն ժամանակ բանակը կանոնագիրք չուներ, ոչ մի տեղ գրված չէր, թե զինվորականն ինչպես պետք է աշխատի: Բայց յուրաքանչյուրը կատարում էր հայրենիքի հանդեպ իր խղճի պարտքը,¬ պատմում է սպառազինության ծառայության պետ Քերոբ Նահապետյանը: Սամվել Մանուկյանի ավագ որդին` Արամը, մասնակցել է Մարտունիի ինքնապաշտպանական մարտերին, որտեղ հրամանատարը Մոնթեն էր: Նամակներից մեկում հետևյալ խոսքերն էր ուղղել մորը. «Եթե ինձ համար 2 մոմ կվառես, ապա Մոնթեի համար 4¬ը վառիր»: Մոնթեի զոհվելուց հետո տեղափոխվել է Շահումյան, որտեղ ծանր վիրավորվել է: - Երբ ասացին, որ որդիս հիվանդանոցում է, ժամանակն ասես կանգ առավ: Հասանք հիվանդանոց: Մտա հիվանդասենյակ ու տեսա որդուս: Կանգնած էր անկողնու մոտ` թևին վիրակապ: Այդ պահին ուրիշ ոչինչ հարկավոր չէր: Որդիս կենդանի էր,¬ պատմում Ս. Մանուկյանը: Սակայն ճակատագիրը սարսափելի հարված հասցրեց: 1996 թ. էր: Կրտսեր որդին` Գևորգը, ծառայում էր Քելբաջարում: Հակառակորդի դավադիր գնդակը խլեց զինվորի կյանքը: Որդեկորույս հորը թվաց, թե արևը խավարեց, ճրագը մարեց: Սակայն, կսկիծը սրտում` նա շարունակում էր ծառայել Քելբաջարում` նույն վայրում, որտեղ զոհվեց որդին: - Երբ որդիս` Արսենը, դեռ 1 տարեկան չկար, մահացավ, զօրուգիշեր խնդրում էի Աստծուն` ինձ մի զավակ էլ պարգևի: Ծնվեց Գևորգս, բայց… Չափազանց ծանր էր, տեղս չէի գտնում: Մարտական ընկերներով հաճախ ենք հանդիպում, հիշում մեր կորուստները: Միշտ բաժակ ենք բարձրացնում ու խմում որդուս և մյուսների կենացը: Նրանք կենդանի են: Հայկական սահմանը մեծ է: Ես մի հատվածն էի պաշտպանում, որդիս` մյուս: Նա դեռ «ծառայության» մեջ է: Բոլոր զոհվածները «ծառայում» են: Նրանք չեն զորացրվել,¬ անսփոփ ցավով պատմում է Սամվելը: Որդեկորույս ծնողի համար սփոփանք չկա: Բայց խաղաղ է նրա հոգին: Սիրտը ջերմացնում է ծոռը, որ որդու անունն է կրում: Իսկ թոռը Հայոց բանակի զինվոր է: - Հենց առաջին օրվանից տեսել եմ, թե ինչպես է ձևավորվել բանակը: Փառք Աստծո, այսօր պետություն ունենք: Թոռնիկս մեր բանակի տարիքին է, ծառայության մեջ է: Դեռ փոքր էր, զինվորական համազգեստ էի հագցնում և հետս զորամաս տանում: Կուզենայի` մեր երիտասարդները գիտակցաբար վերաբերվեն ծառայությանը, հասկանան, որ դա պատիվ է և բոլորիս պարտքը: Զինվորները պիտի ռազմական բոլոր մասնագիտություններին տիրապետեն, որ, Աստված մի´ արասցե, դժվար իրավիճակներում կարողանան փոխարինել միմյանց,¬ ասում է Ս. Մանուկյանը: Արիության, հայրենիքին մատուցած ծառայության համար նա 2006 թ.պարգևատրվել է ՀՀ նախագահի, իսկ 2010¬ին` ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան» մեդալներով:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ