ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ


Ստամբուլում իր աշխատանքն ավարտեց թույլ զարգացած երկրների 4-րդ համաշխարհային խորհրդաժողովը` ՄԱԿ-ի հովանու ներքո: Խորհրդաժողովին, որը նման ձևաչափով գումարվում է 10 տարին մեկ անգամ, մասնակցում էր 192 երկրի պատվիրակություն: 4 օր շարունակ քննարկվում էին մեր ժամանակների համար բացառիկ կարևորություն ունեցող խնդիրներ` աշխարհի նոր տնտեսական մոդել ստեղծելու, համաշխար հային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիներ գտնելու, թույլ և ուժեղ զարգացած տնտեսություն ունեցող պետությունների միջև առաջացած անդունդը հաղթահարելու և համանման հարցեր: Դժվար է ասել` հաջողվե՞ց, արդյոք, գտնել քննարկված կամ արծարծված հարցերի պատասխանները: Դա ժամանակը ցույց կտա, թեև սովորաբար նման կարգի մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ ավելի շատ խոսում են, քան... գործ անում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի` ընդունող երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից նույնպես պաշտոնապես հրավիրված էր այս խորհրդաժողովին: Բայց Հայաստանի նախագահն այս խորհրդաժողովը բոյկոտեց: Ընդսմին` առանց որևէ բացատրության: Եթե, օրինակ, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հարկ համարեց իր բացակայությունը պատճառաբանել գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տոնակատարություններին մասնակցելու հանգամանքով, ապա Հայաստանի նախագահի գրասենյակը ձևական բացատրություն էլ չներկայացրեց: Համաշխարհային Խորհրդաժողովի բացման օրը Սերժ Սարգսյանը ցուցադրաբար մեկնեց ԼՂ` մասնակցելու Շուշիի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին: Իր այս քայլով Հայաստանի նախագահը գործնականում բարոյական ապտակ հասցրեց նախ և առաջ Թուրքիային ու նրա ղեկավարությանը` առանց միջազգային էթիկան խախտելու: Որովհետև հրավեր ստացած որևէ նախագահ պարտավոր չէ բացատրություն ներկայացնել, թե ինչո՞ւ է այդ հրավերը մերժում: Ստամբուլ չգնալով` Պերեսն արտահայտեց վիրավորվածությունը` իր հանդեպ Էրդողանի անզուսպ ու անհարգալից կեցվածքից: Նման միջազգային սկանդալ Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի միջև տեղի չի ունեցել, բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ ՀՀ ղեկավարը նույնպես վիրավորված է Էրդողանից ու նրա ղեկավարած կառավարությունից, որը 2009 թ. հոկտեմբերի 10-ից ի վեր թուրքական պառլամենտի քննարկմանը չի ներկայացնում հանրահայտ հայ-թուրքական Արձանագրությունները: Դրանք այսպես կոչված «ցյուրիխյան Արձանագրություններն» են, որոնք նախատեսում են առանց նախապայմանների բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Թուրքիայի միջև: Սակայն Անկարան, ցյուրիխյան թանաքը դեռ չչորացած, անմիջապես սկսեց նախապայմաններ առաջադրել Երևանին: Մասնավորապես պնդելով, թե մինչև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթա ցում առաջընթաց չարձանագրվի` Թուրքիան այդ արձանագրությունները չի վավերացնի: Նման պահանջի համար իբրև «արդարացում» Անկարան մատնացույց է անում Արձանագրությունների այն ձևակերպումը, թե դրանք միտված են «ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»: Իսկ առանց արցախյան հակամարտության լուծման, իբր, տարածաշրջանում անվտանգության հասնել հնարավոր չէ: Սա Հայաստանի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու բացահայտ և ձախավեր փորձ է: Նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ մինչև Կիպրոսի հարցը չլուծվի` տարածաշրջանում կայուն խաղաղություն լինել չի կարող: Կամ մինչև ռուս-վրացական հարաբերությունները չբարելավվեն` ի՞նչ տարածաշրջանային անվտանգութ յան մասին կարող է խոսք լինել: Հիմա էլ Սիրիայում է խառնակ դրություն: Ցանկության դեպքում վաղը կարելի պնդել, թե մինչև Սիրիայում կայունությունը չվերականգնվի` տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի: Տարածաշրջանում խնդիրներ շատ կան: Որքանո՞վ է տրամաբանական` դրանք արցախյան հակամարտության հետ կապելը: Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ոչ մի ուղղակի կապ չունի Թուրքիայի հետ, ինչը բազմիցս ընդգծել են ցյուրիխյան միջնորդ ները: Նրանք քանիցս արձանագրել են, որ դա հակամարտություն է արցախահայության և Ադրբեջանի միջև: Հայկական կողմն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին դիվանագիտականից բացի` թուրքերի որևէ այլ մասնակցություն թույլ չի տա և չի հանդուրժի: Բաքվում դա չեն հասկանում և դրդում են իրենց «ավագ եղբորը»` ժանիքներ ցույց տալ Երևանին: …Հրաժարվելով մեկնել Ստամբուլի խորհրդաժողովին` Հայաստանի նախագահը հերթական և շատ թափանցիկ ակնարկն արեց Թուրքիային: Առաջինն այն էր, որ դեռ անցյալ ապրիլի 23-ին պաշտոնական նամակով առկախեց Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը: Բացի այդ, նա արդեն մի քանի առիթներով բացեիբաց հայտարարել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման մասին… Կարելի է ենթադրել, որ Հայաստանի նախագահի համբերությունն արդեն սպառվում է: Եթե նրա այս վերջին ցուցադրական քայլից` Ստամբուլի խորհրդաժողովը բոյկոտելուց հետո էլ Թուրքիայում առաջիկա երկու-երեք ամիսներին, ամենաուշը մինչև հոկտեմբերի 10-ը, հայ-թուրքական Արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ ոչ մի առաջընթաց չարձանագրվի, ապա Հայաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես ետս կկոչի Հայաստանի ստորագրությունը ցյուրիխյան արձանագրություններից և վերջակետ կդնի առանց այն էլ շատ երկարած այս պատմությանը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ