Ամենաերիտասարդ թոշակառուն դառնալու վնասները


ԱՐՏԱՌՈՑ ոչինչ չկա` երբ երկրում առկա գործընթացների վերաբերյալ իր տեսակետներն է արտահայտում Հանրապետության երկրորդ նախագահը, եթե իհարկե դրա տակ ինչ-ինչ թաքուն նպատակներ չկան: Սակայն մի քանի օր առաջ «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հենց այդպիսի` հեռուն գնացող թաքուն նպատակներ է կարծես հետապնդում Ռ. Քոչարյանը: Արտաքուստ սխալ կամ անընդունելի ոչինչ չի ասել նա. բնականաբար, հանրապետության նախագահը պարտավոր էր մինչ երկրում հատուկ դրություն հայտարարելն այդ մասին խորհրդակցել օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների հետ. դա է պահանջում Սահմանադրությունը: Սակայն ինչո՞ւ է այսօր որոշել այդ մասին խոսել, երբ մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արդեն վաղուց դադարեցրել է իր գոյությունը: Գուցե Ռ. Քոչարյանին այդ քայլին դրդել է այդ ողբերգական իրադարձության վերաբերյալ դարձյալ հետաքննություն իրականացնելու, չպարզված հանգամանքները բացահայտելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարա րակա՞նը: Գուցե նրան անհանգստացրել է, որ նոր հետաքննությունը կարող է ապացուցե՞լ իր մեղսակցությունը 10 զոհերի հարցում: Մարտի 1-ի վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգի զեկույցում նշվում է, որ ոստիկանության գործողությունները համարժեք չէին: Դժվար է նաև չհամաձայնել, որ հատուկ դրություն չմտցվելու դեպքում զոհերն ավելի շատ կարող էին լինել: Բայց նաև մտորելու տեղիք է տալիս, թե ինչո՞ւ է Ռ. Քոչարյանն ուշացումով որոշել հայտարարել, որ կրակելու հրաման ինքը չի տվել: Ո՞վ չի հասկանում, որ նման դեպքերում այդպիսի հրաման ոչ թե երկրի նախագահը, այլ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը կարող է արձակել, բայց միայն` երկրի զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարի համաձայնությամբ: Այս պատասխաններ չստացած բազմաթիվ այլ հարցականներ ստիպում են ենթադրել, որ խնդրո առարկա հարցազրույցով Ռ. Քոչարյանն, այնուամենայնիվ ինչ-ինչ նպատակներ է հետապնդում: Թե ի՞նչ նպատակներ` դարձյալ կարելի է միայն ենթադրել` ուշադրություն դարձնելով, թե քաղաքական, հասարակական ինչպիսի իրավիճակում Սերժ Սարգսյանը ժառանգեց իշխանությունը, և այդ առումով ի՞նչ ունենք այժմ: Համեմատելը, թերևս, անիմաստ է: Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվում արմատական ընդդիմության` ՀԱԿ-ի և իշխանությունների միջև հակամարտության սրացմամբ ակտիվ դերակատարություն ստանալ հանրապետության ներքաղաքական կյանքում: Չի ստացվում նաև` արտաքին քաղաքականության ոլորտում, ուր իր վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն ստեղծվեց Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով, թերևս: Սակայն արձանագրությունների վավերացման առկախումը հարցը փակեց. համենայն դեպս` մինչև Թուրքիայում և Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտը: Քոչարյանին հավանաբար նյարդայնացնում է ՀԱԿ-ի և իշխանությունների միջև սկսված երկխոսությունը: Նա բացեիբաց հայտարարում է, որ այդպիսով ժողովրդի թիկունքում ինչ-ինչ պայմանավորվածություններ են կայանում, և փառք է տալիս Աստծուն, որ ինքն այդ գործարքում մասնակցություն չունի: Հենց այս հանգամանքն է նաև ստիպում մտածել, որ Քոչարյանի շահերից չի բխում երկրում քաղաքական քաղաքակիրթ երկխոսության կայացումը: Այսինքն, Հանրապետության երկրորդ նախագահի բարոյահոգեբանական էությանն անհարիր են նման հարաբերությունները: Դրանում համոզվելու համար բավական է մտաբերել Ռ.Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում իշխանությունների և ընդդիմության «երկխոսությունը»: Իր ռևանշիստական հակումներին գերի էքսնախագահը չի հաշտվում մտքի հետ, որ ո´չ այժմ, ո´չ էլ հետագայում ինքը Հայաստանում իշխանության մեջ մաս չի ունենալու: Երկրի ներսում այսօր նրա վարկանիշը չափից դուրս ցածր է, և մեղմ ասած` դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի ընտրություններում քաղաքական որևէ ուժ կհամաձայնի իր ցուցակում ընդգրկել նրա անունը, էլ չենք խոսում` նրա գլխավորությամբ ցուցակ ներկայացնելու մասին: Դա կլիներ տվյալ քաղաքական ուժի համար ֆիասկոյի հասնելու ամենակարճ ճանապարհը: Ռ.Քոչարյանի առջև դռները նույնպես փակել է արտաքին աշխարհը, որը պայմանավորվածություններ կարող է ունենալ միայն երկրի ներսում իշխանություն և վարկանիշ ունեցողի հետ: Այսօր Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն է, իսկ ՀԱԿ-ի առաջնորդը վարկանիշի պաշար ունի հասարակության որոշ շրջանակներում: Եվ այս իրավիճակում Քոչարյանին ոչինչ չի մնում անել, քան փորձել` ընդդիմության ու իշխանության սկսվող երկխոսության անիվի մեջ արգելակող փայտ մտցնել: Չստացվելու դեպքում գոնե լեզվակռվի մեջ ներքաշելով գործող իշխանությանը, վնասել նրա վարկանիշը: Առջևում մայիսի 31-ն է. այդ օրը կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքում ամենայն հավանականությամբ, կփաստվի երկխոսության կայացումը, ինչից դժվար թե գոհանա երկրորդ նախագահը: Հենց սա էր գլխավոր պատճառը, որ Քոչարյանը նախընտրեց մարտիմեկյան թեմայով հարցազրույց տալ մինչև մայիսի 31-ը: Սակայն իշխանություններին վնասակար լեզվակռվի մեջ ներքաշելու ծրագիրն, ինչպես երևում է, ձախողվեց: Հարցազրույցի հրապարակման օրը և հաջորդ օրերին նույնպես իշխանությունները Քոչարյանի ասածները անուշադրության մատնեցին: Միայն Henaran.am կայքը «Բազմացեք, կովեր. կյանքը կարճ է» վերտառությամբ հրապարակեց նախորդ օրը Վիկտոր Դալլաքյանի հայտարարութ յունը, որի մեջ պատգամավորը պնդում էր, որ մարտի 1-ի կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է: Մնում է սպասել` գործող Նախագահին վարկաբեկելու ինչ նոր դավեր կնյութի նրա նախորդը:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ