ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ, ԿԵՑՑԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ նոր քաղաքական մշակու՞յթ, թե՞ հեռագնա հաշվարկ


Անցյալ շաբաթվա ամենակարևոր ներպետական իրադարձությունը, անշուշտ, նորընտիր` չորրորդ գումարման Ազգային Ժողովի 1-ին նստաշրջանի բացումն էր, որը տեղի ունեցավ հինգշաբթի, հունիսի 7-ին: Ազգային ժողովն ընտրեց նախագահ ու նախագահի տեղակալներ (Տիգրան Թորոսյան, Վահան Հովհաննիսյան և Իշխան Զաքարյան), Սահմանադրությամբ թույլատրված 12-ի փոխարեն ձևավորեց 9 մշտական հանձնաժողով` ընտրելով նաև նրանց նախագահներին: Դրան նախորդել էին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև ընթացող դժվարին բանակցությունները և նոր կառավարության ձևավորման շուրջ ոչ պակաս դժվարին տուրևառումները: Հունիսի 6-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում ու նրա մասնակցությամբ ստորագրվեց քաղաքական կոալիցիա ստեղծելու մասին համաձայնագիր խորհրդարանական երկու ուժերի` Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ների միջև: Այնուհետև արդեն ստեղծված կոալիցիան համագործակցության հուշագիր ստորագրեց խորհրդարանական երրորդ ուժի` Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ: Ընդսմին, եթե ըստ կոալիցիոն համաձայնագրի` Հանրապետականն ու «Բարգավաճը» իրենց քաղաքական համագործակցության համար նախանշել են 5 տարվա ժամկետ, այսինքն նորընտիր խորհրդարանի գործունեության ողջ ընթացքի համար, ապա Կոալիցիայի ու ՀՅԴ-ի համագործակցությունը կտևի շատ ավելի կարճ` մինչև 2008 թվականի նախագահական ընտրությունները: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն բանով, որ Դաշնակցությունը չի ուզում իրեն կաշկանդված զգալ նախագահական ընտրություններում, որին, ինչպես երևում է, մտադրություն ունի մասնակցել սեփական թեկնածուով: Համաշխարհային քաղաքական պրակտիկայում խորհրդարանական ընտրություններից հետո, եթե որևէ ուժ չի կարողանում մեծամասնություն ստանալ օրենսդիր մարմնում, քաղաքական կոալիցիաների ստեղծումը սովորական բան է: Սակայն այս պարագայում անսովորն այն է, որ Հանրապետական կուսակցությունը, գործնականում ունենալով խորհրդարանական տեղերի մեծամասնությունը, ինչը նրան լիակատար հիմք էր տալիս ձևավորել միակուսակցական կառավարություն, սակայն գերադասեց կոալիցիա կազմել իրենից հետո ամենաշատ քվեներ ստացած խորհրդարանական ուժի հետ: Ավելին, Դաշնակցության հետ կնքած «Համագործակցության համաձայնագրով» պարտավորվեց կառավարության կազմում նախարարական աթոռներ զիջել ՀՅԴ-ին: Բացի այդ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը Աղվան Վարդանյանին թողնվեց ոչ թե ՀՅԴ-ի, այլ` Հանրապետականի կողմից: Սա արդեն հազվադեպ, միգուցե նաև եզակի երևույթ է, երբ քաղաքական կոալիցիայի մաս չկազմող կուսակցությանը հնարավորություն է ընձեռվում իր ներկայացուցիչներն ունենալ կառավարության կազմում, այն էլ տվյալ նախարարին ետ կանչելու իրավունքով: Այսինքն, ՀՅԴ-ին «ամրագրվում» են որոշակի նախարարական պորտֆելներ, և կուսակցությանն իրավունք է վերապահվում ցանկացած պահի այդ պորտֆելները ետ վերցնել իր այս կամ այն անդամից ու տալ իր մեկ ուրիշ անդամի: Սա նորույթ է համաշխարհային քաղաքական պրակտիկայում, որը մեր հասարակական լսարանին ներկայացվեց որպես «նոր քաղաքական մշակույթի» ձևավորում: Եվ այս նորույթի «հեղինակային իրավունքը» պատկանում է վարչապետ Սերժ Սարգսյանին: Վարչապետը տևականորեն հայտարարում էր, թե ինքը մտադիր է կազմել ժողովրդի առավել լայն աջակցությունն ու վստահությունը վայելող կառավարություն: Ընդսմին, մի քանի անգամ շեշտել էր, որ Կառավարության կազմում կարող են լինել նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ ու նույնիսկ անկուսակցական պրոֆեսիոնալներ: Նոր Կառավարության կազմը արդեն հայտնի է. Նախագահը հունիսի 8-ի հրամանագրով նշանակեց թե նախարարներին, թե փոփոխություններ կատարեց գործադիրի կառուցվածքում: Ե°վ մեկում, և° մյուսում էական շտկումներ կան: Կառավարության կառուցվածքում նախատեսվել է փոխվարչապետի պաշտոն, երկու նախարարություն կիսվել է, հայտնվել են 5 նոր նախարար, մեկ նախարար մի ոլորտից անցել է մի ուրիշ ոլորտ… Հունիսի 11-ին Վարչապետն արդեն համապատասխան աշխատակազմերին ներկայացրեց նորան շանակնախարարներին: Կառավարության հիմնական կորիզը պահպանվել է: Այսպիսով վարչապետը, ում ներկայացմամբ էլ նախագահը հաստատեց այդ կազմը, կատարեց իր խոստումը` պնդելով, թե դրա նպատակը երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի մեծապես համընկնող կետերի առավել արդյունավետ կենսագործումն է: Ազնիվ նպատակ է, բայց այստեղ թերևս ավելի հեռագնա քաղաքական հաշվարկ կա: Այն է` երկրում ստեղծել համերաշխության ու համագործակցության մթնոլորտ և Նախագահի առաջիկա ընտրություններին գնալ առավել համախմբված կերպով, ավելի լայն քաղաքական հենարանով: Ի՞նչ նկատի ունեմ: Եթե ենթադրենք, որ առաջիկա ընտրություններին մասնակցելու է նույնքան մարդ, որքան մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին (1 միլիոն 316 հազար ընտրող), և քվեները բաշխվելու են նույն համամասնությամբ, ապա կարող ենք ասել, որ ՀՀ նախագահի ամենաանցունակ թեկնածուն` վարչապետ Սերժ Սարգսյանը, այսօրվա քաղաքական կոալիցիայի մաս կազմող Հանրապետականի 457 հազար և «Բարգավաճի» 204 հազար քվեներով արդեն իսկ «գրպանում» ունի նվազագույնը 661 հազար ձայն`: Կոալիցիայի հետ համագործակցող ՀՅԴ-ի 170 հազար ձայները իրենց սեփական նախագահության թեկնածուին անցնելը Սերժ Սարգսյանին որևէ վնաս տալ չի կարող: Առանց այն էլ խիստ կասկածելի է, թե այդ մրցակիցները կկարողանան համախմբվել մեկ միասնական ընդդիմադիր թեկնածուի շուրջ: Բայց եթե նույնիսկ միավորվեն, ապա ընտրողների ընդհանուր թվից հանելով քաղաքական կոալիցիայի անդամ երկու կուսակցությունների ու նրանց հետ համագործակցող ՀՅԴ-ի ընդհանուր 830 հազար քվեները, ընդդիմադիրներին կմնա առավելագույնը կես միլիոն ձայն, և Սերժ Սարգսյանը առանց լուրջ դժվարության, նույնիսկ առանց երկրորդ փուլի, կընտրվի Նախագահ: Սա, կրկնում եմ, այն դեպքում, եթե մինչև Նախագահի ընտրությունները երկրում քաղաքական ուժերի հարաբերակցությունը չփոխվի և մնա այնպիսին, ինչպիսին էր մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում: Սակայն մինչ այդ դեռ բավական ժամանակ կա, ուստի դառնանք ներկա իրողություններին, ներկա կառավարությանը, որի ձևավորումը նույնպես սկսվեց Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն ընդունելով գործող Կառավարության հրաժարականը, Նախագահն անմիջապես իր հրամանագրով դարձյալ երկրի վարչապետ նշանակեց Սերժ Սարգսյանին, թեև Սահմանադրության համաձայն այդ կարող էր անել 10 օրվա ընթացքում: Ի դեպ Կառավարության կազմն էլ կարելի էր անել Վարչապետի նշանակումից հետո` ևս 20 օրվա ընթացքում: Այդպիսի հետաձգումը ավելորդ ձևականություն ու ժամանակի անիմաստ կորուստ կլիներ, և գնահատելի է, որ Նախագահն ու Վարչապետը դրան տուրք չտվեցին: Այժմ, Սահմանադրության համաձայն, մինչև հունիսի 28-ը նոր կառավարությունը Ազգային Ժողովի հաստատմանը պետք է ներկայացնի իր գործունեութ յան ծրագիրը: Միանգամայն հնարավոր եմ համարում, որ դա նույնպես ավելի շուտ արվի, քան Սահմանադրությամբ պահանջվող նոր 20-օրյա ժամկետը: Տարակույս լինել չի կարող, որ նոր Կառավարության ծրագիրը նույնպես առանց որևէ դժվարության կհաստատվի օրենսդիր մարմնում, և հետընտրական որոշ հուզումներից հետո երկիրը կվերադառնա իր բնականոն ընթացքին:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ