Բաց նամակ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին


Տարիներ շարունակ քաղաքական դաշտը «զարդարող» քաղաքական կուսակցությունների ֆոնի վրա «Ժառանգություն»-ը նոր շունչ և թարմություն էր: ԱԺ նախընտրական քարոզարշավը նոր տեխնոլոգիաներով համեմելու Ձեր մենաշնորհը հիացնում և հուսադրում էր մեզ: Այն, ինչ խոստանում էիք, մեր վաղեմի երազանքն էր: Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքացու, մարդու կերպարը միանգամայն տարբերվում էր մինչ այդ ասպարեզ եկած քաղաքական գործիչներից: ԱԺ-ում մեր դարդին դարման անելու ակնկալիքով մեր ձայները տվեցինք Ձեզ: Սակայն զարմացանք, իմանալով նախկին ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանին ուղղված նամակով առայժմ մանդատներ ստանալուց հրաժարվելու Ձեր որոշման մասին, ինչ է թե «Ժառանգությունը» ԱԺ առաջին նիստին մասնակցելու պաշտոնական ծանուցում չի ստացել: Եթե դուք ցանկանում էիք հակադարձել ԱԺ առաջին նիստից արդեն սկսած խախտումներին, ապա թերևս ճիշտ կլիներ այդ մասին բարձրաձայնել հենց ամբիոնից, ի լուր բոլորի, քանի որ այդ օրը ընդդիմությունից բացի բոլորը ներկա էին: Էլ ե՞րբ եք նրանց հավաքված տեսնելու: Ձեզ վրդովել է իրավական պետությանը ոչ հարիր ԱԺ կանոնակարգի խախտումը: Իսկ մի՞թե չգիտեիք, որ Հայաստանը իրավական երկիր չէ, այլապես Դուք չէիք ծրագրի այստեղ օրինականությունը վերականգնելու գործընթացը: Դուք արդեն մոռացա՞ք, թե ինչ կատարվեց ընդդիմադիր կուսակցությունների հետ, ովքեր որպես քաղաքական պայքարի առավել ազդեցիկ տարբերակ նախընտրել էին բոյկոտը, ինչի համար ժողովուրդը նրանց հակադարձեց իր «Ոչ»-ը: ԱԺ-ում Ձեր առաջին քայլը օծում եք բոյկոտո՞վ: Ցավալի էր, որ պատգամավորների մանդատների ստացման օրը նրանց շարքերում չտեսանք Ձեզ: Դուք ասում էիք, թե Ազգային ժողովը բարձր քաղաքականություն է, ի շահ ժողովրդի գործող լրջագույն ատյան: Մեր ցանկությունն է լսել Ձեր կողմից արված առաջարկությունները, հարցադրումները, տեսնել դրանց հետամուտ լինելու Ձեր գործադրած ջանքերի հաղթական ավարտը: Մինչդեռ ընդունելով ընդդիմադիր կեցվածք, չեք էլ պատրաստվում հրաժարվել մանդատից: Ճիշտ է, ԱԺ նիստին և դրան նախորդած մանդատների ստացման արարողության ողջ մթնոլորտը այնքան էլ պաշտոնական և տոնական չէր, ու կարծես «ավարա» պատգամավորների թիվ այս անգամ ավելին էր, սակայն հպարտությամբ և ուրախությամբ էինք սպասում Ձեր հայտնվելուն, այնինչ, Ձեր աթոռը թափուր տեսանք: Կարծում ենք` քայլերի և գնահատականների մեջ զգուշավոր քաղաքական գործիչը իր առաջին քայլը օրենսդիր մարմնում չպետք է սկսեր բոյկոտով: Գուցե ա՞յլ է Ձեր ռազմավարությունը, գուցե մտածում եք, որ հետագա Ձեր ըմբոստության յուրաքանչյուր դրսևորում հաշվի՞ կառնվի: Սակայն, հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան, Դուք նոր ուժ և հիանալի գաղափարակիր եք, ու երբ հարցնում էիք` «Տե՞ր եք», պատասխանում էինք` «Այո»: Ի՞նչ է, Դուք Ձեր «Տեր»-ին տեր չե՞ք: Մենք հավատում ենք Ձեզ և հույս ենք տածում, որ Հայաստանի «Ծուռ հայելիների թագավորությունը» ի վերջո կհստակեցնի իր դեմքը թե° ներսում և թե° դրսում, ինչում Դուք, անշուշտ, կունենանք Ձեր դերն ու նշանակությունը: ՀՀ օրենսդիր մարմին Ձեր մուտքը ողջունող` Ս. Ս.