Երկրե-երկինք, երկնքից երկիր կապը` օրենքով


Ասում են` ուղևորափոխադրման ամենաանվտանգ միջոցը օդային տրանսպորտն է: Այս տեսակետը թերևս ընդունելի է այնքանով, որքանով աշխարհիս երեսին 100 տոկոսանոց ամենա… որևէ բան չկա: Օդային վթարները փոխարենն ավելի աղետալի են, քան, ասենք, այլ տրանսպորտային վթարները: Հասկանալի է` փրկվելու շանսեր օդում չկան: Մի քանի տոննայանոց մետաղի զանգվածն է ու անզոր մարդը` գետնից հազարավոր կիլոմետրերով բարձր, իր մեն-միակ «զենքով»` ճիշտ կառավարում, օդագնացության կանոնների խստիվ պահպանում: Ահա կառավարումը կանոնակարգելուն, այժմ գործող կարգի բարելավմանն են ուղղված կառավարության կողմից հաստատված լրամշակումները: Վերջին փոփոխություններով մեծացվել են առաջին օդաչուի լիազորությունները ու պատասխանատվությունը: Սահմանվել է մինչև իսկ, այսպես ասած, թռիչքային բառապաշարը առ այն, թե ապօրինի միջամտությունների (ինչն, ի դեպ, Երևան-Սոչի չվերթի ինքնաթիռի ավիավթարի վարկածներից մեկն էր) դեպքում կոնկրետ ինչպիսի բառերով պետք է հաղորդակցվել, ինչպիսի արտահայտություններ պետք է փոխանցել գետնից թռիչքը կառավարողներին: Ըստ էության դրանք գաղտնաբառ-ծածկաբառի կամ, ինչպես ընդունված է ասել, «պարոլի» դեր ունեն այնպիսի իրադրություններում, երբ թռիչքի ընթացքում օդաչուի նկատմամբ թռիչքի ուղղությունը փոխելու պարտադրանք է կիրառվում: Նշված գաղտնաբառերի փոխանցմամբ իրավիճակը հետագայում վերլուծելի կլինի, վերլուծելի կլինի այն նախաիրադրությունը, որին հաջորդել է վթարը: Աստված հեռու պահի գաղտնաբառերի` այս նպատակով կիրառման անհրաժեշտությունից, սակայն ամեն դեպքում դրանք կօգնեն, որպեսզի օդում տեղի ունեցածը գետնի համար մշուշի մեջ չմնա: Կանոնակարգային մշակումները, միով բանիվ, ընդհանուր առմամբ վերաբերում են օդանավի թռիչքային կառավարմանը: Մինչդեռ բարելավման կարիք ոչ պակաս չափով զգացվում է օդանավակայանում մատուցվող սպասարկման ծառայություններում: Տեխնիկական հագեցվածությամբ ու քաղաքաշինական-ճարտարապետական լուծումներով աշխարհի առաջնակարգ օդանավակայաններին հավասարվելու հավակնող, միջազգային չափանիշներին համապատասխանող «Զվարթնոց» օդանավակայանում այդպիսին պիտի լինի նաև կամ գուցե նախևառաջ այդպիսին պիտի լինի սպասարկման որակը: Մինչդեռ, պարզվում է, մենք ամենուր ենք ամուր կառչած հայկական մենթալիտետից: Եվ մեզ համար բոլորովին էլ կարևոր չէ, որ մեր երկրի այցելուն երկրից իր առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից: Որոշ աշխատակիցներ բացեիբաց «բազար են անում» ուղևորների հետ` օրինական մուծումների փոխարեն նրանց առաջարկելով կիսվելու երկուստեք «շահավետ» տարբերակը: Դե, իսկ հարգալից վերաբերմունքը, պատրաստակամությունը այնքան էլ հաճախադեպ երևույթներ չեն: Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Ա. Մովսիսյանը չի բացառում նման իրավիճակները` միևնույն ժամանակ առաջարկելով կոնկրետ դեպքերում իրենց տեղյակ պահել: Տեղեկացնելն, իհարկե, տարբերակ է: Սակայն, արդյո՞ք, տարբերակ է նման երևույթները վերացնելը և որքանո՞վ է արդյունքը երաշխավորված` դժվար է ասել:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ