ՕՐ ԽՆԿԱՐԿՈՒՄԻ


Տարիներն անցնում են` ժամանակի մեջ թողնելով հուշեր ու վաստակ, պայքար ու հաղթանակ: Կենսագրություն, որ ոչ թե տարիներով, այլ ձեռքբերումներով ու մնայուն գործերով է չափվում: Տարիներն անցնում են, ու նրանց` հաճախ միապաղաղ, երբեմն էլ հախուռն ընթացքի մեջ արժեվորվում է վաստակով ամրագրված կենսագրությունը` Անդրանիկ Մարգարյան: Այս տարի առաջին անգամ է ծնունդդ նշվում Քո ֆիզիկական բացակայությամբ: Այսուհետ ևս, դժբախտաբար, նշվելու է առանց քեզ` ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ ապրում են քեզ ճանաչողները և ապրելու են քեզ հիշողները: Պանթեոնում խնկարկման արարողությունը լուռ խոնարհում էր ազգային ակունքներից սնվող գործչի հիշատակին: Քո մարդ տեսակի, Քո էության բացահայտման յուրօրինակ ու անդրանիկ փորձն էր Քո մասին պատմող «Նվիրյալը» գիքրը, որի շնորհանդեսը նշվեց հենց ծննդյանդ օրը: Թեև ամենածավալուն գրքով իսկ հնարավոր չէ ներկայացնել քո նվիրումի անսահմանությունը: Սակայն, տեղին ու ժամանակին կարծես, հարազատներիդ, մտերիմներիդ ու բարեկամներիդ հուշերում ամրացված սերը հորդեց հաստատելու` թե գործն է անմահ: Երախտիքի ու սիրո այն առհավատչյան ևս մեկ անգամ բացահայտում է ժողովրդի կողմից սիրված լավ մարդու Քո տեսակի, ազգային նկարագրի տեր Քո ուրույն կերպը: Այո, ժամանակի մեջ, ու ժողովրդի հուշերում Դու մնացիր որպես մտավոր լույսի պահանջատերը և Քո խորանը գտար որպես ժողովրդանվեր մտավորական և հայրենյաց նվիրյալ զավակ: Հուշ-ցերեկույթի ընթացքում Քո մասին այնքան ջերմ էին հուշերը բոլոր և երախտիքի այն խոսքերը, որ հնչում էին ապրողներիս համար: ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. - Օրհնվի այն օրը, երբ Մարգարյանների ընտանիքում լույսաշխարհ եկավ Անդրանիկ Մարգարյանը: Մարդ, որ հետագայում դարձավ պետական-քաղաքական գործիչ, մարդ, որ կարողացավ երազել իր երկրի անկախության մասին և իր կյանքի լավագույն մասը նվիրաբերեց հայոց անկախ պետականության կերտմանը: Մարդ, ով բարության սերմեր ցանեց իր ճանապարհին և նվիրումի փարոս դարձրեց ի սիրտը: Եվ… սիրտը չդիմացավ… ճաք տվեց… Այսօր, օրհնելով նրա ծնունդը, նրա կենդանի ներկայությունն ենք զգում և տխրության մեջ նրա պատգամներով ուրախության կայծեր փնտրում: ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ, գրող, հրապարակախոս. - «Նվիրյալը» գրքում ներառված են Անդրանիկ Մարգարյանի մասին պատմող հոդվածներ, հարցազրույցներ, հուշեր: Արժեքավոր տարեգրություն, որը նրան ճանաչողների ուրույն գնահատականն է մեծ, ժողովրդանվեր Մարդու մասին: Աշխատել և միայն աշխատել, առանց ժամանակ կորցնելու և այդ մասին մտածելու: Սա էր նրա հավատամքը, որով իմաստավորվեց նաև նրան ճանաչողների ուղին: Անդրանիկ Մարգարյանի կյանքը դեռևս շատ վերլուծություններ պիտի ունենա, և այս գիրքը յուրօրինակ հուշարձան է նրա անմահ հիշատակին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ