Թանկագին Անգելինա, հոգեթով աղջնակ.


Միայն անունդ չէ, որ հրեշտակներից ես առել: Բարի փերիներն իրենց լուսեղեն մատներով են ասես վարդագունել այտերդ, իրենց հուսաշող խորանից խինդ ու բերկրանք են ամբարել խորունկ քո հայացքում: Ահա թե ինչու մանկության քո մոլորակում ծաղկունքն անգամ հրեշտակային ժպիտովդ է փթթում: Դու դեռ չես էլ հասցրել հասկանալ, որ երջանկությունը նաև քո° տեսքով է թակում մարդկանց սրտերի դռները: Ու տա° Աստված, որ երբեք չհասկանաս էլ, թե այդ երջանկության պակասից որքա¯ն դժգունանում են մարդկային հոգու գարունները: Գասպարյանների չքնաղ Անգելինա, անհոգ ժպիտը թող անպակաս լինի քնքույշ քո դեմքից, ու դրա արևափայլից թող հալվեն սառույցները բոլոր հարափոփոխ կյանքի առեղծվածային ոլորանների: Տիրոջ օրհնությամբ ավետաբեր ղողանջներով թող լցվի ամեն օրդ, անցնելիք հեքիաթազարդ ճանապարհդ` կանաչ ուղեգորգի պես դյուրասահ ձգվելով դեպ երանավետ բարձունքներ… Առողջ ապրիր, երկար ու անտրտունջ: Անպարփակ մաքրություն ճառագող, անեղծ քո հայացքը միշտ բարուն ու գեղեցիկին հառած` անծանո°թ մնա դժվարություններին ու տրտմությանը: Թող զորանա հավատքդ` որպես աստվածաշնորհ շիտակ ընթացքիդ հուսո հենարան և գոտեպնդի հոգիդ` իբրև անխոցելի պատվար ու պատնեշ: Եվ մանկությանդ իրապատում հեքիաթների կախարդող վայելքները միայն օրորեն երազներդ գունագեղ…