Հայրենաշունչ համերգ


«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի (ղեկ`. Տիգրան Հեքեքյան) համերգը յուրահատուկ էր: 1200 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն էր Երևանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներով, ուսուցիչներով: Ճիշտ է, երգացանկում ընդգրկված էին ամենամատչելի ստեղծագործությունները, սակայն աշակերտներն այնպիսի հափշտակությամբ էին ունկնդրում ամեն կատարում, որ, թվում էր, այդպես կլիներ նույնիսկ, եթե հնչեր դասական որևէ բարդ նմուշ: Շնորհիվ այն անմիջական զրույցի, որ Հեքեքյանը վարում էր բեմից հետաքրքիր, ուսուցանող բացատրություններով: Ամենամեծ նվերը մաեստրոն վերջում էր պահել: Դահլիճն ուղղակի պայթեց ծափահարություններից, երբ լսեց այս օրերում բոլորի շուրթերից հնչող երգերի առաջին հնչյունները` «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» և մեր 15-ամյա Բանակի հիմնը, որը Տիգրան Հեքեքյանը կոչ արեց երգել` մեր բանակի հասակակից «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հետ միասին: Ամբողջ դահլիճը միանգամից մտապահեց կրկներգի բառերը և շուտով երգում էր առանց երգչախմբի: Սա լսողն այլևս երբևԷ չի կասկածի` «մեր գրերը հուր են, սրերը` սուր», և որ մեր բանակին ու միացյալ հզոր բազկին ոչ մի ուժ չի հակառակի:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ