«ԵՐԿԻՐԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ»


Բնության և կյանքի համապարփակ ճանաչողության ձգտումը քարանձավների կիսավայրենի նախամարդուց դարեդար ձևավորվել է XXI դարասկզբի քաղաքակիրթ հասարակական էակին, որն էլ դուրս է եկել Երկիր մոլորակի ձգողականության դաշտից` տիեզերական անսահմանության գաղտնիքները բացահայտելու մտադրությամբ: Երկրի առաջին բանբերները տիեզերանավերի իլյումինատորներից ապշահար են եղել մշտարթուն տիեզերքի սարսափազդու քար լռության ու թանձրաշերտ խավարի, ժամանակի ու տարածության հարմոնիկ շարժման, անծայրածիր հեռուներից հարազատ մոլորակի արտասովոր գունապատկերների տպավորություններից: Մոտ յոթ տասնյակ գեղարվեստական լուսանկարներում ամփոփված նրանց կոնկրետ զգացողություններն է փոխանցում վաստակաշատ աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի նախաձեռնած «Երկիրը տիեզերքից» նորաբաց ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում: Գեղեցկության ազնվացնող իմպուլսներով են համակում իրենց գունային հեքիաթային սիմֆոնիայով հիացմունք ու զարմանք հարուցող փոթորկալից օվկիանոսներն ու կիզիչ անապատները, խաղաղ ծովածոցերն ու լուսավորված հսկա օազիսների նմանվող բազմամիլիոն քաղաքները, արգենտինյան շերտավոր ամպերն ու երկնամերձ Հիմալայները… Հանրահայտ տիեզերագնաց ների ասույթներով լրացված Գուրզադյանի քնարաշունչ անոտացիաները խորացնում են բանաստեղծական-խոհական տրամադրությունդ: Երկիրը վերևից ուշի-ուշով զննած տիեզերագնաց ները անվերապահորեն կարևորում են խաղաղ ու բարի հարատևությունը մարդկության միասնական տան:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ