Առողջ հումորի կենարար ուժը


Միխայիլ Ժվանեցկու հեղինակած «Կարոտախտ» («ծՏրՑՈսՖչՌÿ») հոբելյանական ծրագիրը, որով երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում իր ստեղծագործական գործունեության 45-ամյակն էր նշում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոման ԿԱՐՑԵՎԸ, վարպետի մտերմիկ զրույցն էր կենսականորեն հագեցած առողջ հումորի ու երգիծանքի կարոտ լուրջ հանդիսատեսի հետ` կորչող մի տեսակ, որի կարիքը հանապազօրյա հացի նման զգում են մշակութային տարբեր ոլորտներում արարող ճշմարիտ արվեստագետները: Զվարճացնելով հայ հանդիսատեսին հին ու նոր կյանքի մերժելի կողմերի խորաթափանց սարկաստիկ մանրապատումների կոլորիտային մատուցմամբ` Կարցևը, ասես ինքնաբուխ, իր մերօրյա մտահոգություններն էր կիսում արդի պղտորված մշակութային դաշտի, իր տիրույթներն ընդարձակած «Հումորի ֆաբրիկայի» գռեհիկ, ցածրորակ «գեղարվեստական» արտադրանքի հարուցած համամարդկային ավերածությունների մասին: Հեռուստաէկրաններն ու բեմահարթակները դյուրությամբ նվաճած խեղկատակները, ցավոք, մասսայական պաշտամունքի են արժանացել: Ուրեմն բարձր արժեքներին վերադարձնող կամուրջները առայժմ անհնար է նորոգել, մանավանդ նոր սերունդը սիրահոժար վարակվել է մտավոր-հոգևոր դեգրադացիայի համաճարակով: Հատկապես անմխիթար է երգիծանքի և հումորի ներկայիս վիճակը: Ամենուր: Ամենասարսափելին` «ԽԹծ»-շչինայի ինքնանպատակ ծիծաղ կորզող սիրողական մակարդակը դարձել է գերիշխող` ով չի ալարում, բեմից կամ հեռուստաէկրանից ծաղրանմանակումներ է ներկայացնում, անեկդոտներ պատմում, որոնցում առաջնայինը արտառոց վուլգարիզմներով ապշեցնելն է` համեմված սրանից-նրանից ընդօրինակված քաղաքական խայթոցներով: Կարցևի ներկայացրած զվարթածոր ծրագրում մեր ապրած կյանքի այլանդակությունների ամբողջական անաչառ գնահատականը կար: Ինչ թեմայի էլ որ անդրադառնար` կոմունիստական գաղափարախոսությունից հեռացած կոմկուսին, թե բարոյալքվող ընտանիքներին. մշակույթի բախտը տնօրինող ապաշնորհ վարչարարներին, թե քաղաքական ինտրիգների կամակատարներին. կենցաղային ապարժեք մանրուք թվացող իրական միջադեպերին, թե հասարակական կացութաձևի գլոբալ հեղաբեկումներին: Արկադի Ռայկինի «շկոլայում» թրծված անվանի արտիստը իր մեն մի ելույթով վերստին հավաստեց առողջ հումորի կենարար ուժը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ