ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՉԷ


(Սկիզբը` նախորդ համարում) Իհարկե, սա շատերին ստիպում է մտածել, որ այդ դեպքում իրավունքը պետք է լինի գերակա, այլ ոչ թե օրենքը: Սա էլ կարելի է ասել մյուս ծայրահեղությունն է, քանզի իրավունքի գերակայություն ու՞մ կամ ինչի՞ նկատմամբ: Ում նկատմամբը միանշանակորեն սահմանափակված է «Իմ իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է քո իրավունքը» հիմնարար պոստուլատով: Այդ դեպքում գուցե իրավունքի գերակայություն օրենքի՞ նկատմամբ: Մինչդեռ որպեսզի իրավունքը գերակա լինի օրենքի նկատմամբ, պետք է այդ գերակայությունն էլ ամրագրվի օրենքով, այլապես մինչեւ անարխիա կմնա ընդամենը կես քայլ: Իսկ գուցե խոսքը գնում է համամարդկային քաղաքակրթական ձեռքբերում դարձած, միջազգայնորեն ճանաչված` մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների գերակա՞ լինելուն երկրի համապատասխան օրենքների նկատմամբ: Անշուշտ, դա հասկանալի ու ընդունելի է, բայց այդ դեպքում պետք է նկատի ունենալ, որ 2005թ. փոփոխված Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրված է. «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»: Այն, որ մեր Սահմանադրությունը գերակա է միջազգային պայմանագրերի նկատմամբ, առաջին հայացքից թվում է, թե դա լուրջ ձեռքբերում է երկրի ինքնիշխանության տեսանկյունից, սակայն այս փոխկապակցված աշխարհում քաղաքակրթական ձեռքբերումների ներթափանցումը քո երկիր կարող ես կանխել Սահմանադրությանդ մեջ ուզած փոփոխությունը մտցնելու ճանապարհով: Ուրեմն ո՞րն է քաղաքակիրթ աշխարհի հետ բազմակողմանիորեն ինտեգրվելու այդ սահմանը` չվտանգելով ինքնիշխանությունդ ու ազգային ինքնությունդ: Սա նույնպես բացառապես քաղաքական վեճ է, եւ ոչ մի դեպքում այն չի կարելի համարել իրավագիտական, քանզի քաղաքական ուժերի հարաբերակցությամբ ու նրանց ծրագրերի կյանքի կոչմամբ է պայմանավորված` գնալ օրենքների միջազգային ունիֆիկացիայի՞, թե՞ տեղային գործոնը համարել ավելի գերակա: Ակնհայտ է, որ ժողովրդավարությունն ընդամենը շատերի որոշումը օրենքի ուժով քչերին պարտադրելն է: Սա լա՞վ է, թե՞ վատ: Ե°վ լավ, և° վատ, բայց մարդկությունը սրանից ավելի կատարյալը դեռ չի ստեղծել: Ժողովրդավարությանը ուղղակիորեն հակացուցված է քչերի տեսակետները պարտադրել շատերին, եւ այն, ինչը ծանոթ էր ֆինանսատնտեսական ոլորտից` «Օլիգարխիա` քչերի գերիշխանություն», մեզանում սահուն կերպով անցում կատարեց քաղաքական ու հասարակական ոլորտ: Իսկ կա՞ արդյոք հակակշիռ նրան, որ մեծամասնությունն իր որոշումների պարտադրանքի ժամանակ չի չարաշահի այն, եւ որ կհարգվեն քչերի շահերը: Իհարկե, նախ այն, որ այդ որոշումները պարտադիր պետք է լինեն բոլորի համար, եւ հենց այդ մեծամասնության համար նույնպես, եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունն է հենց փոքրամասնության իրավունքների հարգման երաշխիքը: Եվ երկրորդ, որ մեծամասնության, նրա կողմից ձեւավորված իշխանության ու փոքրամասնության տեղերը պարբերաբար պետք է փոխվեն, եւ դա կատարվի ողջ հասարակության կամքի արտահայտման ճանապարհով, այն է` ընտրություն ների միջոցով: Ա°յ սրան է պետք հասնենք, որ իմանանք` մեր իրավունքների հարգումը հուսալի ձեռքերում է: Ինչու՞ մեր որոշ իշխանավորների մոտ սա դժվարությամբ է ստացվում: Մի պարզ պատճառով. նրանք իրենց աշխատած տարիներին իշխանավորների տարաբնույթ կամայականությունների այնպիսի դեպքերի են ականատես եղել, որ իրենց ստեղծած մթնոլորտում հասարակ քաղաքացի լինել ուղղակի չեն պատրաստվում: Նույնիսկ եթե իրենց նման հասարակ քաղաքացին ունի լուրջ ֆինանսական հնարավորություններ, փորձ, կապեր, հմտություններ, մի խոսքով` այն ամենը, ինչը հնարավորություն կտա առոք-փառոք ապրել ու երեխաների ապագան կերտել: Հետեւությունը մեկն է. «Այնպես կառավարի°ր, որ պաշտոնանկությունից հետո ընտանյոք հանդերձ իբրեւ շարքային քաղաքացի, կարողանաս նորմալ ապրել սեփական երկրում ու քեզ պաշտպանված զգալ»: Կա մի երկրորդ պատճառ եւս. մեր քաղաքական էլիտան, գրեթե առանց բացառության, նախորդ հասարակարգի տոտալիտար մտածելակերպի կնիքն է կրում իր վրա: Անկախ նրանից, թե այն ժամանակ ինչ կարգավիճակ են ունեցել, միեւնույն է, տեսած ու իր մաշկի վրա զգացած համակարգը նա է եղել: Եվ դա է պատճառը, որ շատերի մոտ ամենամեծ հաճույքը իշխելն է, եւ դժվար են պատկերացնում, որ իրավահավասարության մեջ բարեկեցիկ ապրելով` հնարավոր է հաճույք ստանալ կյանքից: Երեւի այդ մտածելակերպն իսպառ վերացնելու համար դեռ տարիներ են պետք ու` քաղաքական սերնդափոխություն: Բայց անգամ այս կարգի օբյեկտիվ իրավիճակը չպետք է տանի ինքնահանգստացման, ու ձեռքներս ծալած նստենք, թե սպասում ենք հաջորդ սերնդի գալուն, կամ էլ թեւքերս քշտած խախտենք` ասելով` մեկ է, հաջորդ սերունդը կգա ու կուղղի. ի՞նչ ենք հանձնելու հաջորդ սերնդին եւ ի՞նչ վիճակում ենք հանձնելու, սա արդեն այս սերնդի պատասխանատվության մակարդակն է բնորոշում: Եվ եթե մեր հասարակությունը արմատական բարեփոխումներ կատարելու քաղաքական պահանջ չի ձեւակերպել, այն կյանքի կոչելու վճռականություն հանդես չի բերել, մեր քաղաքական գործիչներից շատերը, որքան էլ փորձեն կրակոտ ելույթներով ու հռետորական հնարքներով ժողովրդի փոխարեն ու նրա անունից այդ ձեւակերպումները տալ, միեւնույն է, ոչինչ չի ստացվի, եւ ինչպես ասում են` գիտությունն այստեղ անզոր է, այդ թվում նաեւ` իրավագիտությունը: ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՈՎՇԱՆՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի օրենսդրության վերլուծության վարչության գլխավոր մասնագետ