Գարեջրասեր գերմանացիք


 

Գերմանիայի յուրաքանչյուր բնակիչ տարեկան միջին հաշվով 107,2 լիտր գարեջուր է խմում: Սպառողների իրավունքների, պարենի և գյուղատնտեսության նախարարության հրապարակած այս տվյալն առաջին հայացքից բավական տպավորիչ է թվում: Բայց շուրջ 10 տարի առաջ արձանագրված փաստերի հետ համեմատելիս պարզվում է, որ գերմանացիք նվազեցրել են գարեջրաըմպությունը:

2003 թ. միջին հաշվով 1 անձը տարեկան պարպել է 118 լիտր, իսկ արտադրողների եկամուտը կազմել է 9 միլիարդ եվրո: 2011-ին ընկերությունները վաստակել են 7,85 մլրդ: Ի դեպ` Գերմանիայում գարեջուրը գերազանցապես տղամարդկանց ըմպելիք է. կանայք 7 անգամ պակաս են օգտագործում:

Այստեղ գարեջուր արտադրողները պարտավոր են այն պատրաստել` 1516 թ. օրենքը պահպանելով: Իսկ դրա պահանջով ըմպելիքի մեջ պետք է օգտագործվի միայն գարի, գայլուկ և ջուր ու ոչ մի դեպքում` ցորեն, որից հաց է պատրաստվում: Օրենքն ընդունվել էր ոչ թե գարեջրի մաքրության, այլ հանուն հացաթխման:

Այսպես թե այնպես` գարեջուրն աշխարհում ամենատարածված ոգելիցն է, իսկ բոլոր տեսակի ըմպելիքներից այն զիջում է միայն ջրին ու թեյին: Մեկ անձին բաժին ընկնող գարեջրի ծավալով աշխարհի բացարձակ առաջատարը Չեխիան է (տարեկան` շուրջ 158 լիտր): Այնուհետև` Իռլանդիան (130 լ.), ապա` Գերմանիան (107,2 լ.):