Երկկնությունը` պատժելի հանցանք


 

Իհարկե, մարդու իրավունքները հարգող Միացյալ Նահանգները «շարքային» երկկնության համար գուցեև ավելի ներողամիտ գտնվեր: Խնդրահարույցը 2-րդ կնոջ ով լինելն է:

Իրաքում և Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակից, ամերիկյան ռազմական բրիգադի նախկին հրամանատար, գնդապետ Ջեյմս Ջոնսոնը դատական ատյան է կանչվել` երկկնության մեղադրանքով: Մեղադրանքը Իրաքի քաղաքացուհու առնչությամբ է (տեղեկացրել է РадиоСвобода -ն): Այդ կնոջ հետ Ջոնսոնը ծանոթացել է Իրաքում ծառայելու ժամանակ` 2005-2006 թթ.: Ու երբ կինն իր հայրենիքից արտագաղթել է Նիդեռլանդներ, գնդապետը ծառայողական փոխադրամիջոցով այցելել է նրան: Երևի շա˜տ է սիրել և պաշտոնեական զգուշավորությունը մոռացած` նրան է թողել բանակային բջջային հեռախոսը, որով կինը խոսել է 80 հազար դոլարի չափով:

Իրավիճակը սակայն վերջնականապես սրվել է այն պահին, երբ սիրահար զույգը ամուսնացել է` մինչև Ջոնսոնը կհասցներ ամուսնալուծվել առաջին կնոջ հետ:

Անցյալ տարի գնդապետը հեռացվել է 173-րդ ավիաբրիգադի հրամանատարի պաշտոնից: Իսկ հիմա նրան մի քանի տարվա ազատազրկում է սպասվում, բանակից վտարում` իրավունքներից և արտոնություններից զրկելով: Զինվորական դատավարությունը կանցկացվի Գերմանիայում: