ՄԵՐ ԿՈՂՔԻՆ

«ԱՍՏ ՀԱՆԳՉԻ ԲՈՄԺ ԵՎ ԱՆՕԹԵՎԱՆ»


 

Գրեցի օրեր առաջ լսածս այս արտահայտությունն ու գնացի դեպի դասականները` հիշելով Էդմոն Ռոստանին. «Աստ հանգչի պոետ և փիլիսոփա, ռազմավար, մարտիկ և հեգ սիրահար Սիրանո դը Բերժերակ», ով, ի դեպ, հայ է եղել: Արտահայտության հեղինակը ոչ պոետ էր, ոչ էլ փիլիսոփա: Գուցե հեգ սիրահար էր, բայց այդ մասին նա ոչինչ չասաց: Ցույց տվեց մի հին ու մաշված ընդհանուր տետր, որի էջերին գրի է առել իր բոլոր օրերի ապրումներն ու զգացածները, նկարագրել է մի քանի մարդու, ովքեր ծեծել են իրեն, դուրս շպրտել ժամանակավոր ապաստան դարձած նկուղներից ու տանիքներից: Հետո մեծ ու քրքրված պայուսակից հանեց մի քանի ճմրթված լուսանկար, ինչ-որ բան մրթմրթաց, ապա խնամքով դրեց պայուսակի մեջ: Նույն այդ պայուսակի ծալքերից մեկի մեջ պահած հաց ու կանաչի ուներ, հանեց, կեղտոտ ձեռքերով բրդուճ արեց ու սկսեց մեծագույն ախորժակով ուտել: Ինձ էլ առաջարկեց, սակայն մերժեցի…

Ո՞վ էր այդ մարդը, ինչո՞ւ մոտեցա նրան: Ամեն առավոտ ես նրան տեսնում էի Մանկական այգու նստարաններից մեկին մեկնված, վերարկուն հագին, անթրաշ, պայուսակը գլխի տակ դրած: Մի քանի օր շարունակ ուշադիր նայում էի, իսկ նա շուրջբոլորը չնկատելով` անվրդով պառկած էր իր նստարանին` աշխարհն ամփոփած այդ նստարանի շուրջ: Երբեմն տեսնում էի նաև քաղաքի գլխավոր փողոցներում: Երևի շատ չէր հեռանում այգուց, որպեսզի արդեն իրենը դարձած տեղը չկորցնի, որտեղ ցերեկները նստում էին մի քանի ծերեր և կարուսելի հսկիչը: Երկու օր առաջ մոտեցա: Բարևեցի: Բարևի փոխարեն` ալարկոտ նայեց ինձ, չշարժվեց տեղից: Նստեցի կողքին: Զարմացավ հանդգնությանս համար, սակայն փոքր-ինչ քաշեց ոտքերը: Զրույցը ես սկսեցի` հարցուփորձ անելով իր մասին:

- Աստ հանգչի բոմժ և անօթևան… այսքանը երևի բավական է անձս ներկայացնելու համար,- ասաց ու պայուսակը քաշեց գլխի տակ, որպեսզի հարմար լիներ ինձ նայելը: Շատ երկար համոզեցի, որպեսզի վստահի ինձ ու պատմի իր մասին, որովհետև ուզում էի իմանալ իր մասին, գիտենալ, թե ինչու է գիշերում այգում, ման գալիս երկար վերարկուով: Վերջապես սկսեց խոսել` հավանաբար ինքն էլ փնտրելով մեկին, ով կուզենար լսել իր մասին:

- Անունս Գևորգ է, բայց ազգանունս չեմ սիրում ասել, որովհետև լսողները սկսում են տարակուսանքով նայել: Իշխանական տոհմի ազգանունով և` բոմժ, փնթի ու կեղտոտ: Չգիտեմ, թե որտեղից էդ ազգանունը, որովհետև մեծացել եմ մանկատանը: Քանի դեռ փոքր էի, մի ծեր կին էր ամիսը մեկ-երկու անգամ գալիս ինձ մոտ: Հնամաշ շորերով, դողացող ձեռքերով… Ծեր էր, հազիվ էր քայլում: Գրպանից կոնֆետ ու էլի քաղցր բաներ էր հանում ու տալիս ինձ, ասում էր, թե տատս է: Մի օր հարցրեցի ծնողներիս մասին: Ոչինչ չասաց, չուզեց խոսել: Հետո շատ համոզեցի, որ պատմի, ախր ես էլ էի ուզում իմանալ, թե ով եմ, թե ինչու է ինձ տեսության գալիս մի ծեր կին, որ տատ է ներկայանում: Մի օր հենց էնպես, չուզելով ասաց, թե հայրս ռուսաստաններում է, մայրս էլ շատ վաղուց Հունաստան է գնացել: Շա˜տ վաղուց… Երևի մի երեսուն տարի առաջ, որովհետև ես հիմա 30 տարեկան եմ, իսկ էդ ծեր կնոջը հիշում եմ, երբ երկու-երեք տարեկան էի: Հետո այդ ծեր կինն է´լ ինձ այցի չեկավ: Չիմացա` հո՞րս մայրն էր, թե՞ մորս: Երևի հորս, որովհետև մի օր ասաց, որ երբ մեծանամ, ինձ իր տուն է տանելու, որպեսզի հայրական ունեցվածքին տեր դառնամ… Չդարձա: Ինքը երևի մեռավ, ինձ էլ ոչ ոք չասաց, թե որտեղ է էդ հայրական ունեցվածքս: Գուցե իսկի հեչ բան էլ չկար, պարզապես էդ կինն ինձ «դուխ» էր տալիս, որ իմանամ` ես էլ արմատներ ունեմ:

Լռեց: Ծխախոտ խնդրեց: Զգացվում էր, որ հիմնավոր ծխող չէ, որովհետև մի երկու անգամ ծուխը բերանն առնելուց հետո` ծխախոտը հանգցրեց, քնթուկը դրեց գրպանը:

- Երբ տասնութս լրացավ, ինձ նման մի հինգ տղայի մանկատան տնօրենը բացատրեց, որ պիտի հեռանանք էդ մեր տնից: Հետո տարավ Խարբերդից շատ հեռու մի բնակավայր, կիսաքանդ շենքի երրորդ հարկում մի բնակարանի դուռ բացեց ու ասաց, որ հինգս միասին այդտեղ ենք ապրելու: Դա էր մեզ հատկացրել իշխանությունը: Մի սենյակ էր` համարյա ավերակ, կահույք ասածը չկար: Հինգով` մի սենյակում… Զարմացանք, ջղայնացանք, բայց մեզ ո՞վ էր բանի տեղ դնողը, ո՞վ էր մեր կարծիքի հետ հաշվի նստողը…. Սկսեցինք գոյատևել: Աշխատանք համարյա չունեինք, էստեղից-էնտեղից մի գործ էինք ճարում, մի քանի օր աշխատում, հետո նոր աշխատանք որոնում: Արածներս էլ բանվորություն էր, մեկ-մեկ էլ սրա-նրա տանն էինք աշխատում: Մեր ընկերներից մեկին բռնեցին գողության համար: Չէ, երեսը չեմ լվանում, վատ բան էր արածը, բայց ապրելու հնար չկար… Հիմա նստած է բանտում: Ես էլ մի քիչ փող հավաքեցի, Երևանին մոտիկ գյուղերում մարդկանց օգնում էի, բոստաններն էի խնամում, պահակություն էի անում: Որոշեցի Ռուսաստան գնամ: Գնացի: Մի տարի մի հայի մոտ աշխատեցի: Շան նման չարչարում էր, գիշեր-ցերեկ աշխատեցնում: Վերջում էլ խաբեց ու ոչինչ չտվեց: Բարի մարդիկ գտնվեցին, մի քանի կոպեկ փող տվեցին, վեր կացա եկա Հայաստան: Գնացի էն մեր հանրակացարանը: Ի˜նչ հանրակացարան… Մի փողավոր հայտնվել, սեփականաշնորհել էր, բոլորին դուրս գցել: Գնացի սոցապ նախարարություն: Էհ, իզուր էլ գնացի… Ասացին, որ ինձ ժամանակին ապահովել են, հիմա ոչինչ անել չեն կարող: Գերակա շահ կա, բան կա… Թող սեփականաշնորհողը մտածի… Հիմա էս այգում եմ… Սկզբում էստեղ մտածեցին, թե գեյ եմ, սկսեցին խեթ-խեթ նայել, իսկ մի քանիսն էլ ուզեցին «ախպերություն» անել… Մեկ-մեկ գործ է պատահում, գնում եմ, սրա-նրա դռանն աշխատում: Ուզում եմ բնակարան վարձել, բայց էնքան փող չունեմ, որ երկու ամսվա վարձը միանգամից տամ… Մի տեղ խոստացել են պահակի գործ տալ: Որ տան` էնտեղ էլ կապրեմ, մինչև տուն վարձեմ: Ուզում եմ ամուսնանալ, բայց բոմժի հետ ո՞վ կամուսնանա, ո՞վ ինձ հետ կուզենա կյանք կապել: Նայում եմ անցնողներին ու լացս գալիս է: Երևի ճիշտ են ասում, որ որբը միշտ որբ է մնում…

… Երեկ առավոտյան, երբ անցնում էի այգու միջով` նստարանը դատարկ էր: Հարցրեցի կարուսելի հսկիչին, թե որտեղ է Գևորգը: Ասաց, որ գիշերը չի եկել, երևի նոր տեղ է գտել… Ե´վ ուրախացա, և´ տխրեցի: Գուցե գնացել է հերթական որոնումների, գուցե փոխել է տեղը, որովհետև այստեղ չափազանց անհարմար էր: Գևորգը միակը չէ մանկատների այն սաներից, ովքեր հետո հայտնվում են փողոցում, անհայտության ու անորոշության մեջ: Պետությունն, իհարկե, ինչ-որ քայլեր անում է, ինչ-որ միջոցառումներ մշակում, սակայն հատկապես տեղական ինքնակառավարման մարմինները չափազանց անտարբեր են նրանց հանդեպ: Իսկ մեր երկրում գրանցված մի քանի հազար հասարակական կազմակերպությունների մեջ չկա գոնե մեկը, որը զբաղվի տարիքի բերումով մանկատներից հեռացած քաղաքացիների խնդիրներով:

Գուցե ձեռնտու չէ, որովհետև այս դեպքում ստիպված են լինելու ստացված դրամաշնորհներն օգտագործել նպատակային ձևով, իսկ դա արդեն կվնասի իրենց բարօրությանը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ