Մշակութային արժեքների պահպանությունը` բարձիթողի


 

Խորհրդային տարիներին պետությունը ստեղծագործական միությունների անդամներին, մասնավորապես, նկարիչներին, այսպես ասած, փող աշխատելու լրացուցիչ հնարավորություններ էր ընձեռում: Այն տարիներին գոյություն ունեին շրջիկ-ցուցահանդեսներ, որոնց շնորհիվ խորհրդային նկարիչների գործերը տարին տասներկու ամիս «շրջագայում» էին ողջ երկրով մեկ` հանգրվանելով ոչ միայն մշակութային օջախներում, այլև ամենատարբեր հաստատություններում` առողջարաններ, բուժհիմնարկներ և պետական մի շարք այլ հիմնարկ-ձեռնարկություններ: Եվ նկարների կորստյան, գողության և անցանկալի այլ դեպքերը բացառվում կամ էլ հազվադեպ էին պատահում: Ցավոք, ինչպես տեղեկացանք ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից, «լավագույն այդ ավանդույթները» ոչ միայն չեն շարունակվում, այլև խորհրդային տարիներից եկող շրջիկ-ցուցահանդեսների նմուշների պահպանության գործը հուսալի ձեռքերում չէ, ինչի մասին վկայում են ներկայացվող դեպքերը:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ տարիներ առաջ խորհրդային նկարիչների շրջիկ-ցուցահանդեսից Երևանի օնկոլոգիայի և ռենտգենոլոգիայի ինստիտուտին էր հանձնվել (ժամանակավոր ցուցադրության նպատակով) 24 նկար, սակայն ինստիտուտի իրավահաջորդ ՀՀ ԱՆ Բ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից հայտնաբերվել է նշված նկարներից միայն յոթը, իսկ 17-ը կորել են (տվյալները պարզվում են):

Համանման մեկ այլ դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնում: Ըստ ստացված տեղեկությունների` ՀՀ մշակույթի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի թանգարանային առարկաների ցուցակում առկա 7 թանգարանային նմուշներ նախկին տարիներին անհետացել են Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղից: Այդ թվում` 4 կտավներ` հայազգի մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններից, որոնց գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է 2001 թվականին, իսկ հափշտակված գործերն էլ մինչև օրս հետախուզման մեջ չեն գտնվում:

ՀՀ ոստիկանության կատարած ստուգումներով պարզվել է, որ երկու կտավների` Եղիշե Թադևոսյանի «Հանճարը և ամբոխը» էսքիզի և Հարություն Շամշինյանի «Աղջկա դիմանկարը» կտավի հափշտակության փաստերով հարուցված քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, իսկ նշված աշխատանքներն էլ հաշվառված չեն որպես կորած կամ հափշտակված մշակույթային արժեքներ:

Մինչ իրավապահները կպարզեին արձանագրված դեպքերի մանրամասները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ մի ընթերցող` 59-ամյա Արմեն Ք.-ն, 2010 թվականին ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանից վերցրել է 4 գիրք և առայսօր չի վերադարձնում:

Ոստիկանները պարզել են, որ հիշյալ անձնավորությունը 2010 թ. մարտի 9-ին, ընթերցելու և ուսումնասիրելու պատրվակով, գրադարանից վերցրել է խոշոր արժեք ներկայացնող 4 գիրք` 1925 թ. հրատարակված «ԽՍՀՄ դրոշների և վիմպելների ալբոմ», 1935 թ. հրատարակված «ԽՍՀՄ որակյալ պողպատ», 1933 թ. հրատարակված «ԽՍՀՄ-ը կառուցում է սոցիալիզմ» և 1926 թ. հրատարակված «Սերգեյ Եսենին» գրքերը, որոնք յուրացրել է և չի վերադարձրել:

Թեև արձանագրված դեպքերի առնչությամբ հետաքննություն է սկսվել, սակայն փաստը մնում է փաստ, որ մեր մշակութային որոշ արժեքների պահպանությունն ասես մոռացության է մատնված և բարձիթողի վիճակում է: Այս մտահոգության վրա էլ հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը: