ԵՐԱԽՏԱՄՈՌՈՒԹՅՈՒՆ


 

Բոլորին է հայտնի, որ «Օրինաց երկիր» կուսակցության և Արթուր Բաղդասարյանի վերելքին Սերժ Սարգսյանն է նպաստում: Հայտնի է նաև, որ 2006-ին դառնալով «ընդդիմություն»` ՕԵԿ-ն արդեն կատարում էր իշխանությունների հրահանգն ու պատրաստվում նախագահական ընտրությունների: Հենց Սերժ Սարգսյանի ջանքերով էլ ինչպես 2007-ին, այնպես էլ 2012-ին ՕԵԿ-ը դարձավ կոալիցիայի մաս և ձեռք բերեց մի քանի նախարարական պորտֆելներ: Բայց ահա վերջերս կուսակցության նախագահն ու փոխնախագահ Բիշարյան Հեղինեն սկսել են բողոքել նախագահ Սարգսյանից` նրան մեղադրելով, որ կուսակցությունը հավաքել է ընդամենը 5 տոկոս…

Բիշարյանը ոչ միայն նախագահին, այլև ողջ ՀՀԿ-ն է մեղադրում` թե իբր Հանրապետականը խանգարել է կուսակցությանը` ստանալու ավելի շատ թվով ձայներ: Իսկապես, ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում. ՕԵԿ-ը, շնորհակալություն հայտնելու փոխարեն, սկսել է դժգոհել:

Մինչդեռ շատերն են կռահում, որ «Օրինաց երկիրը» չէր հավաքել անգամ 5 տոկոս, նա խորհրդարանում հայտնվեց հենց ՀՀԿ բարեգթության շնորհիվ...

Միաժամանակ անհնար է ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ ՕԵԿ-ը կորցրել է իրատեսությունը, չի հաշվարկել, որ հանրությունը երես էր թեքել իրենից, որ միայն Բիշարյանի գործոնը բավական էր` այս կուսակցությանը ձայներ չտալու համար: ՕԵԿ-ում պարտության գլխավոր մեղավորների մեջ դիտարկում են Հովիկ Աբրահամյանին, իբրև թե նա է խոչընդոտել իրենց, նա է այնպես արել, որ ընտրազանգվածը հեռանա իրենից… Իսկապես «ձախության մանկական հիվանդություն»` ՕԵԿ-յան սինդրոմով: