«ՆՈՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ


 

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ունկնդիրների հարցերին էր պատասխանում ԱԺ նորաթուխ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը: Հարց տվողներից շատերը, ինչպես նշեց տիկին Պետրոսյանը` ՀԱԿ-ից էին, իսկ հարցերի զգալի մասն էլ վերաբերում էր 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:

Պատասխանելով նաև իր պատգամավորական գործունեությանն առնչվող հարցերին` Շուշան Պետրոսյանը մի «արտասովոր» բացահայտում արեց. հայտարարեց, որ ինքը անդամագրվել է նորաստեղծ մշակույթի խմբակցությանն ու ամեն ինչ անելու է մեր մշակույթի փրկության համար: Մենք չգիտեինք, որ նման խմբակցություն գոյություն ունի Ազգային ժողովում, ուստի մի պահ շատ ուրախացանք: Բայց հետո գլխի ընկանք, որ երգչուհին տակավին հանձնաժողովն ու խմբակցությունը չի տարազատում, դեռևս չի տիրապետում խորհրդարանական եզրաբանությանը: Թող որ նրա միակ թերությունը դա լինի: Մանավանդ` մի քանի գումարումների որոշ պատգամավորներ մինչև օրս նիստն ու նստաշրջանը չեն կարողանում տարբերակել: