ՎԵՐՋԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷԼ


 

Ստացվել է այնպես, որ մայրաքաղաք Երևանը հարուստ չի եղել պատմամշակութային հուշարձաններով, որոնց մի զգալի մասը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին: Այդ եզակի հուշարձաններից մեկն էլ Տերյան թիվ 11-ում գտնվող Աֆրիկյանների նշանավոր տունն է, որը հայկական ուշ բարոկկոյի լավագույն նմուշներից մեկն է:

Կառավարությունը, սակայն, որոշել է այդ տարածքը տրամադրել հերթական էլիտար շինարարությանը, իսկ Աֆրիկյանների տան քարերն էլ համարակալելով` հանձնել ի պահ` հետագայում մեկ այլ տեղում այն վերականգնելու համար:

Իհարկե, աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ պատմամշակութային հուշարձանները տեղափոխվում են, սակայն դրանց տեղափոխությունն արվում է ընդամենը մեկ կամ մի քանի մետրով` պահպանելով այն միջավայրը, որում ստեղծվել է հուշարձանը: Իսկ ահա հայրենի կառավարությունը, չգիտես ինչ տրամաբանությամբ, էլիտար շինարարությունը գերադասել է պատմական հուշարձանից, որը մի ողջ քաղաքաշինական շերտի վկայությունն է: Մենք, բնականաբար, գիտենք, թե ով է կանգնած այս նոր շինարարության թիկունքին, ինչն էլ այդպես դյուրին է դարձրել կառավարության հերթական ոչ ազգանպաստ որոշման ընդունումը: Բայց ժամանակն է եկել հարցնելու մեր էլիտարասերներին` բավական չէ՞ արդյոք, աղավաղել ճարտարապետական միջավայրը, մայրաքաղաքը զրկել իր պատմությունից և զբաղվել միայն ու միայն սեփական բիզնեսի բարգավաճման խնդիրներով: Ի վերջո, Երևանը ոչ թե մի քանի հոգու, այլ ողջ հայության սեփականությունն է: