ԿՈՒՂԱՐԿՎԵՆ, ԲԱՅՑ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ


 

Արտերկրի մեր հայրենակիցները, որոնք այս տարվա առաջին չորս ամիսներին (ըստ Կենտրոնական բանկի տվյալների) շուրջ 388 միլիոն դոլար են ուղարկել իրենց հայաստանցի բարեկամներին, ժամանակավորապես կրճատել կամ դադարեցրել են օգնությունները:

Հունվար-մարտ ժամանակահատվածը դիտարկելիս նկատվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղարկվող գումարների ծավալները 10 տոկոսով աճել են: Մինչդեռ հոսքերի ծավալները տարեսկզբից մինչև հունիս դիտարկելիս աճի տոկոսը կենտրոնանում է 8 թվի միջակայքում:

Հայաստան հոսող գումարների տեմպերի դանդաղումը բոլորովին էլ պատահական չպետք է համարել, ու դրանք բնավ էլ պայմանավորված չեն արտաքին գործոններով: Արտարժույթի հայկական շուկայում գրանցվող ամենօրյա ցնցումներն անորոշություն են առաջացրել նաև արտերկրի մեր հայրենակիցների շրջանում, ու նրանք չեն կողմնորոշվում` օգնությունները դոլարո՞վ ուղարկեն, եվրոյո՞վ, թե՞ ռուսական ռուբլիով: Ի դեպ, ռուսաստանյան լրատվամիջոցների հավաստմամբ` վերջին օրերին ռուսական ռուբլին էլ է փոքր-ինչ արժեզրկվել դոլարի նկատմամբ, ու տեղի ունեցածը այս երկրում նույնպես թափ առնելու միտում ունի: