ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ


 

ՀՀՇ անդամ և 1990-1995 թթ.Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը Հայաստանում գրեթե չի ապրում: Բայց ժամանակ առ ժամանակ այստեղ հայտնվելով` տարօրինակ ու տարաշխարհիկ մտքեր է ներկայացնում հանրությանը` զայրացնելով անգամ իր կուսակից ընկերներին: Վերջիններս արդեն ստիպված են հրապարակավ հայտարարություններ անել, որ Իգիթյանն իրավիճակին չի տիրապետում, իսկ նրա արտահայտած մտքերը կապ չունեն կուսակցության դիրքորոշումների և հայաստանյան իրականության հետ: Այս ամենը հասկանալի է, սակայն հասկանալի չէ, թե ինչու է պարոն Իգիթյանը ասուլիսներ հրավիրում, ինչ-որ մտքեր հայտնում, երբ ինքն այլևս քաղաքական դաշտում չկա: Չկա անգամ ՀՀՇ ցուցակներում… Գուցե մարդն ուզում է քաղաքական վերածնունդ ապրել և հիշեցնե՞լ տալ իր գոյության մասին… Եթե ընդամենն այդ անմեղ ցանկությունից դրդված է նա հայտարարություններ անում, ապա կարելի է ներել, քանի որ ուրվականները ևս իրավունք ունեն երբեմն-երբեմն հայտնվել…