Ես Հայոց բանակի զինվոր եմ


 

Օրեր առաջ, երբ դեռ չէին լռել հակառակորդի կրակահերթերը սահմանային գոտում, շատ հայորդիներ պատրաստակամություն հայտնեցին` անհրաժեշտության դեպքում գնալ առաջնագիծ, կանգնել զինվորի կողքին, նեցուկ լինել ու պաշտպանել սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Առաջիններից մեկը պահեստազորի սպա, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ էր, ով բաց նամակով դիմեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Փաստն իսկապես ուրախալի է, հպարտություն ներշնչող: Մանավանդ` ոգևորությունը համընդհանուր էր, արձագանքներն ու առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն հայտնող կամավորների թիվը` աննախադեպ:

Արցախամարտի մասնակիցն ու նախկին զինվորականն այսօր էլ անտարբեր մնալ չէր կարող: Դեռ ավարտական դասարանում նա անդամագրվել էր «Սողոմոն Թեհլերյան» պատանեկան ջոկատին, ապա մեկնել Արցախ` մարտնչելով Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: Ի դեպ` երկվորյակ որդիները Պաշտպանության բանակի զինվորներ են և իրենց կամքով են մեկնել Արցախ: Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ սիրով ընդունեց Նախարարին ուղղված նամակի, դրա արձագանքների մասին զրույցի մեր հրավերը:

- Երկրիդ պաշտպանությանը մասնակցություն ունենալու որոշումն ամենևին արտառոց չէ: Պարզապես, երբ արդեն լուրեր հասան սահմանային գոտուց, իհարկե նկատի ունեմ ոչ թե ասեկոսեների մակարդակով շրջանառվող, այլ ավելի հավաստի տեղեկատվությունը, հասկացա, որ ոչ թե սոսկ արդեն սովորական դարձած դիպուկահարների հարվածներ էին, այլ հստակ մտածված դիվերսիոն գործողություններ: Հատկապես դրանք համընկան Հիլարի Քլինթոնի այցելության հետ, և դա դիտարկվեց որպես ավելի լուրջ խնդիր: Վտանգ կար, որ մասնավոր դեպքերը կվերածվեին լայնամասշտաբ գործողությունների: Ցավալիորեն նաև զոհեր ունեցանք, և հենց այդ ժամանակ էլ որոշեցի մտածել Պաշտպանության նախարարին դիմել բաց նամակով: Ես ինքս զինվորական եմ եղել և շատ լավ եմ հասկանում, թե որքան դժվար կլինի 18- 20 տարեկան երիտասարդների համար:

Անկեղծ ասած` խուսափում եմ լրագրողներից: Ոչ թե նրանց անձից, այլ պարզապես չէի ցանկանա, որ այդ որոշումը մեծ հնչեղություն ստանա, ճչացող չլինի: Քանի որ իրականում սա իմ ցանկությունն է` հնարավոր վտանգի դեպքում մասնակցել երկրի պաշտպանությանը: Հատկապես շեշտել էի առաջնային գծում երիտասարդներին փոխարինելու խնդիրը` սպարտացիների օրինակով: Հին Սպարտայում դեռ սերունդ չտված պատանիներին մարտի չէին տանում:

Ներկա պահին ես այլ համակարգում եմ աշխատում, բայց դա չի նշանակում, որ վտանգի դեպքում պիտի հեռու պահեմ ինձ: Այսօր էլ ես ինձ Հայոց բանակի զինվոր եմ համարում:

- Ձեր նամակը գրված էր «մենք»-ի անունից: Եվ ընդհանրապես հաշվի առնելով նաև արձագանքների թիվը, ի՞նչ կասեիք երևույթի մասին:

- Այո, այսօր պահեստազորում բավական մեծ թվով մարդիկ կան, ովքեր պատրաստակամ են համալրել բանակի շարքերը: Դա էլ հիմք հանդիսացավ, որ դիմեմ նաև ընկերներիս անունից: Սակայն արձագանքները շատ ավելի մեծ էին: Այսօրվա դրությամբ շուրջ 7400 մարդ արձագանքել է` անհրաժեշտության պարագայում մեզ միանալու պատրաստակամությամբ: Սա իհարկե դեռ չի նշանակում, որ հարկ եղած դեպքում բոլորը կգային կամ ի վիճակի կլինեին, քանի որ դիմողների մեջ անչափահաս երեխա էլ կար` 14-15 տարեկան, նաև կենսաթոշակառու, ում ոչ ոք երբեք ռազմական գործողությունների մասնակից չի դարձնի: Սակայն նա ցանկանում էր թեկուզ թիկունքում իր ծառայությունները մատուցել: Մյուս կողմից էլ ինձ դիմել են միայն այն մարդիկ, ում հասու է ինտերնետը, այսինքն` կարելի է ենթադրել, որ թիվն իրականում ավելի մեծ կարող է լինել: Այս առիթով ևս համոզվեցինք, որ վտանգի պահին ազգը պատրաստ է համախմբվել: Ի դեպ` մի ուրախալի փաստ ևս. շատերը նախընտրել էին ոչ թե բաց տեքստով, սոցիալական ցանցերում տեսանելի ձևով առաջարկություններ անել, այլ գաղտնի` էլեկտրոնային փոստով: Այսինքն` ինքնագովազդի, ինչ-որ բան ցուցադրելու խնդիրներ ևս չկան: Դիմել են նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ինչը նույնպես ուրախալի է: Մեծ է նաև սփյուռքահայերից ստացված արձագանքների թիվը` 300-ից ավելի: Անգամ որոշ կազմակերպություններ, որոնց գոյության մասին չգիտեի, առաջարկել են միանալ: Արձագանքել են նույնիսկ Լիբիայից: Նման պատրաստակամություն էին հայտնել նաև նախկին ամբողջական ջոկատներ, ազատամարտիկներ, երկրապահներ: Գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը ևս նման հայտարարությամբ հանդես եկավ: Սա իսկապես փորձություն էր, և մեկ անգամ էլ համոզվեցինք, որ ազգովի պատրաստ ենք դիմագրավել ցանկացած վտանգ: Տա Աստված, որ այդ վտանգը երբեք չլինի, բայց թող թուրքն ու ադրբեջանցին էլ իմանան, որ զենքի լեզվով մեզ հետ խոսել պետք չէ: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց եթե համառեն, հակահարվածն ուժգին կլինի:

- Պաշտպանության նախարարությունն ինչպե՞ս արձագանքեց Ձեր նամակին:

- Բաց նամակին պաշտոնական պատասխան չի տրվել: Ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ Նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աղեկյանը շնորհակալություն էր հայտնել ու տեղեկացրել, որ օժանդակ ուժերի անհրաժեշտություն չկա, քանի որ Զինված ուժերը կարողանում է լիովին վերահսկել իրավիճակը: Դա իհարկե շատ ուրախալի է, և ոչ ոք չէր կասկածում: Մեր խնդիրն աջակցելն է` ոչ թե կողքից, այլ հենց բանակի ներսում: Ես հիմնականում առաջարկում եմ ստեղծել ակտիվ պահեստազոր, որպեսզի մենք` քաղաքացիական աշխատողներս կազմ ու պատրաստ լինենք, զորավարժանքների մասնակցենք, որ հարկ եղած դեպքում համալրենք բանակի շարքերը: Փառք Աստծո, մեր բանակն իսկապես հզոր է և դրանում որևէ կասկած լինել չի կարող:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ