Անգլիացիք կլքե՞ն Եվրամիությունը


 

Մինչ որոշ երկրներ ձգտում են, իսկ Թուրքիան իրեն կոտորում է շեմել Եվրամիությունից ներս, Մեծ Բրիտանիայում պահանջ է հնչեցվում` հանրաքվեով որոշել ու դուրս գալ այդ կառույցից: Լեյբորիստ, լորդ Դևիդ Օուենը համոզված է, որ ընտրողները պետք է պատասխանեն երկու հարցի.

1. Ցանկանո՞ւմ եք Դուք, որպեսզի Մեծ Բրիտանիան ընդգրկվի ազատ Եվրոպական ընկերության միասնական շուկայական տարածք:

2. Ցանկանո՞ւմ եք Դուք, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում` չմտնելով եվրագոտի: Ուշագրավն այն է, որ հարցադրումը ոչ թե կոնկրետ Եվրամիությանն անդամակցել կամ չանդամակցելու մասին է, այլ նրբանկատորեն երրորդ տարբերակն է հուշում: Եվ դրա հեղինակը նույնիսկ նախազգուշացնում է, որ այդ պարագայում հանրաքվեն դատապարտված է տապալման: Ասել է թե` անգլիացիները չեն մերժում Եվրամիության կազմում մնալը: Բայց ահա նախկին արտգործնախարարը (1977-1979 թթ.) փորձում է ուղղորդել հայրենակիցներին կամ լրացուցիչ հավաստիք ստանալ` հավանաբար միջազգային հետագա վայրիվերումներում Անգլիային ավելի ազատորեն կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելու հեռահար նպատակով:

Փորձառու և եվրոպամետ տրամադրված քաղգործիչն այդպիսով հավաստում է, որ Եվրամիությունը հասել է այն սահմանին, երբ անհրաժեշտ է կողմնորոշվել` արդյո՞ք պետք է պահպանել այժմյան կառուցվածքը, թե՞ սկսել անցումը դեպի ֆիսկալ միություն, ինչը կնշանակի միասնական տնտեսական կառավարում:

Լորդ Օուենը կարծում է, որ «Եվրոպական Միությունում» պետք է ընդգրկվեն «ներքին կորիզ երկրները, որոնք միացյալ արժույթ ունեն և միացյալ (թեև` ոչ բացահայտ) կառավարություն:

Եվրամիությունից դուրս գալը կնշանակի վերադարձ մի շարք ոլորտների` գյուղատնտեսության, ձկնորսության, արդյունաբերական, սոցիալական և ռազմական քաղաքականության վերահսկողությանը: Հանգամանք, ինչը շատ պահպանողականների սրտով է:

Եվրագոտու ճգնաժամն, ըստ Օուենի` բացահայտել է, որ անհամատեղելի են Եվրոպայի մասին անգլիական և գերմանական տեսլականները: Իսկ ծերուկ Եվրոպան ընթանում է տարբեր արագություններով: