Մեծ ութնյակը` մեծ հիմնախնդիրների առջև


Ներկայումս ողջ աշխարհի հետազոտական-վերլուծական կենտրոնների, փորձագետների, քաղաքական դիտորդների ուշադրությունը սևեռված է հուլիսի 22-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք մեծ ութնյակի գագաթաժողովին: Թեպետ այդ գագաթաժողովում քննարկումների հիմնական թեման լինելու է աշխարհի, այսպես կոչված, էներգետիկ անվտանգության հիմնախնդիրը, սակայն ակնհայտ է, որ այդ համատեքստում կշոշափվեն բազում այլ հարցեր, և ամենայն հավանականությամբ նաև Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման չհանգուցալուծվող թնջուկները: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական առկա զարգացումների տրամաբանությունը, և, իհարկե, ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան եռյակի միջև աշխարհայացքային ռազմավարական բնույթի մեծ ու փոքր հակասությունները, կարելի է կանխատեսել, որ որոշ կարևոր խնդիրներում աշխարհի հզորներն այդպես էլ ընդհանուր հայտարարի գալ չեն կարող: Մասնավորապես, էներգետիկ անվտանգության <<տակ>> ԱՄՆ-ն փորձում է շատ ավելի մեծ հիմնահարցեր <<խցկել>>, քան դրան հակված են հիմնականում Ռուսաստանը, որոշ չափով` Եվրամիությունը: Ավելի ստույգ` ԱՄՆ-ը կփորձի սևեռվել Իրանի միջուկային ծրագրի վրա, ձգտելով գործընկերներին համոզել, որպեսզի խիստ և կտրուկ միջոցներ ձեռնարկվեն այդ երկրի միջուկային զենքի ստեղծման ծրագրերը խափանելու նպատակով: Դժվար չէ կռահել, որ Ռուսաստանն ու Եվրոպական երկրները ևս դեմ կարտահայտվեն միջուկային զենք ունենալու Իրանի ցանկությանը, բայց ահա պատժամիջոցների կիրառման հարցում տեսակետների համընկնումը գրեթե բացառվում է: Եթե Եվրոպան` Իրանի աննախադեպ համառության պարագայում, որոշ վերապահումներով գուցե համաձայնի զուտ տնտեսական պատժամիջոցներին, ապա Ռուսաստանը Չինաստանի հետ ամենայն հավանականությամբ դեմ կարտահայտվի Իրանի դեմ թե’ տնտեսական, թե’ առավել ևս ռազմական ուժ կիրառելու դիրքորոշումներին:Գագաթաժողովում կքննարկվեն Մերձավոր արևելքում առկա այլ թնջուկները` հիմնականում Իրաքում կայունության հաստատման, իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին առնչվող հարցերը: Բնականաբար, կրկին անդրադարձ կլինի հակաահաբեկչական պայքարի, դրա արդյունավետության բարձրացման խնդիրներին: Կողմերն այս հարցում, գոնե արտաքուստ տարաձայնություններ չեն դրսևորի, եթե դրա մեխանիզմների կիրառման մեջ ԱՄՆ-ն չփորձի առաջնորդվել իրեն մշտապես բնորոշ երկակի կամ բազմակի ստանդարտներով: Արևմտյան երկրները անպայման կկենտրոնանան աշխարհում ժողովրդա վարացման գործընթացների վրա: Այդ կապակցությամբ, հաստատապես կարելի է պնդել, որ մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից Ռուսաստանի և Չինաստանի միջև դիրքորոշումների, տեսակետների լուրջ հակասություններ ի հայտ կգան: ԱՄՆ-ն մեկ անգամ չէ, որ բարձրաստի ճան պաշտոնյաների մակարդակով կարծիք է հնչեցրել, թե Ռուսաստանում ժողովրդավարությունը նահանջ է ապրում: Պուտինը, ժամանակին, դիվանագիտորեն հակադարձել էր, որ ժողովրդավարությունը անփոփոխելի կաղապար չէ, և որոշ պետություններ իզուր են փորձում այդ մասին իրենց պատկերացումները փաթաթել այլ պետությունների վզին: Ժողովրդավարությունը, իհարկե, սկզբունքորեն այլընտրանք չունի, սակայն դրա զարգացման չափորոշիչները կարող են տարբեր լինել` պայմանավորված կոնկրետ պետությունների ազգային առանձնահատ կություններով: Գագաթաժողովում ԱՄՆ-ն կփորձի ժողովրդավարացման խնդիրները կապել Ռուսաստանի կողմից կիրառվող, իրենց բնորոշմամբ` <<էներգետիկ տեռորի>> հետ: Նպատակը պարզ է. պաշտպանության տակ առնել <<հեղափոխված>> և <<ժողովրդավարացված>> Ուկրաինային և Վրաստանին: Ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը վերջիններիս փորձում է ծնկի բերել և իր ազդեցության գոտի վերադարձնել` հիմնականում օգտագործելով էներգետիկ լծակները: Ռուսաստանն էլ իր հերթին կներկայացնի փաստարկներ, որոնցով կձգտի ձերբազատվել տնտեսական խնդիրներին քաղաքական աստառ հագցնելու Արևմուտքի նկրտումներից: Սակայն հայերիս համար ամենից ուշագրավն ու կարևորը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցն է, որը, եթե հավատալու լինենք Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի հավաստիացումներին, կարող է քննարկվել մեծ ութնյակի գագաթաժողովում: Իհարկե, ԼՂ հարցը առանձին քննարկման թեմա չի դառնա. այն անպայման կներառվի և կվերլուծվի հարավկովկասյան այլ հակամարտությունների հետ մեկտեղ, նույն համատեքստում: Եվ քանի որ ԼՂ հարցը, ինչպես բոլորին է հայտնի, տարածաշրջանային մյուս հակամարտություններից տարբերվում է խիստ ընդգծված առանձնահատկություններով, ապա գերտերությունները, բացի բարի ցանկությունների շարք հիշեցնող` հերթապահ հայտարարություններից, որևէ թարմ ասելիք դժվար թե մատուցեն: Այնուամենայնիվ, խիստ <<տրաֆարետային>> բնորոշումների, տեսակետների, գնահատականների <<արանքում>> չի բացառվում, որ երևակվեն այնպիսի ենթատեքստեր, որոնց վերծանումը լույս սփռի միջազգային հանրության ընդհանուր կողմնորոշումներում ի հայտ եկած վերջին հավանական փոփոխությունների վրա: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ելնելով սեփական շահերից և երկակի ստանդարտների կիրառման <<հարուստ փորձից>>, ԱՄՆ-ն տարածքային ամբողջակա նության սկզբունքին զուգահեռ, վերջերս սկսել է կարևորել նաև ազգերի ինքնորոշման իրավական նորմը: Բնական է, որ վրաց-աբխազական, վրաց-օսական հակամարտությունների հանգուցալուծումը Արևմուտքը <<տեսնում>> է միայն տարածքային ամբողջականության սկզբունքով: Սակայն ԼՂ հարցում գերտերությունները, թվում է` պետք է չարհամարհեն Մինսկի խմբի բազմամյա աշխատանքի վերջնական, թեկուզ աննշան արդյունքները: Եվ եթե այս խնդրում գերակա չհամարեն ազգերի ինքնորոշման սկզբունքը, գոնե պետք է արտահայտվեն հակոտնյա իրավական երկու նորմերի համազուգակցման օգտին: Հոգ չէ, որ առ այսօր դա ոչնչի չի հասցրել: Այնպես որ` <<քաղաքական կամք>> դրսևորելու` ինքնանպատակ դարձող կոչերը գագաթաժողովում էլ կհնչեն որպես ձայն բարբառո հանապատի: