Ամառային մարաթոն` իշխանական <<դաշտում>>


Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների բոլոր ինտրիգները առաջիկայում պայմանավորված են լինելու երեք կարևոր իրողություններով: 1) Հուլիսի 22-ի ՀՀԿ արտահերթ համագումար, 2) նույն օրը Սանկտ Պետերբուրգում կայանալիք մեծ ութնյակի գագաթաժողով, 3) քաղաքական դաշտի հայտնի քաղաքական դեմքերի <<բարգավաճման>> գործընթաց: Մեծ ութնյակի գագաթաժողովում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նաև Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցը: Եվ այդ համատեքստում հատուկ վերաբերմունք և դիրքորոշում կդրսևորվի ԼՂՀ հիմնախնդրի հանդեպ: Թեպետ դժվար թե գերտերությունների ղեկավարները ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ այնպիսի թարմ սկզբունքներ առաջ քաշեն, որոնք էականորեն տարբերվեն Մինսկի խմբի ներկայացրած առանցքային դրույթներից: Այնուամենայնիվ, այս պարագայում տեղին է հիշել ռուսական ասացվածքը. <<Ինչի հետ սատանան չի կատակում>>: Անակնկալները ամբողջովին բացառել չի կարելի. առավել ևս, եթե նկատի ունենանք հասկանալի պատճառներով ԱՄՆ-ի աննախադեպ շտապողականությունը այս հարցում: ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում գերտերությունների կոշտ դիրքորոշումը կարող է ստիպել հակամարտող երկրների նախագահներին` ստորագրել Մինսկի խմբի առաջադրած համաձայնագիրը: Հայանպաստ լինի այն, թե ոչ, միևնույն է, ներքաղաքական կյանքի հարաբերական անդորրը խախտվելու է, և դժգոհությունների ահագնացող ալիքները ողողելու են ամբողջ քաղաքական դաշտը: Սա, իհարկե, առայժմ միայն տեսական հարթությունում: Ամառային քաղաքական <<նինջը>> որոշ չափով կարող է խաթարել ՀՀԿ արտահերթ համագումարը` հետևյալ պատճառներով: Այս համագումարում վերջնականապես կհստակեցվի Պաշտպանության նախարարի քաղաքական հենարանի հարցը և, ինչպես սպասվում է, Սերժ Սարգսյանը <<դե յուրե>> կդառնա ՀՀԿ լիդերներից մեկը: Կպարզվի նաև, թե ինչ <<ֆորմատով>> է ՀՀԿ-ն մասնակցելու 2007 թ. ԱԺ ընտրություն ներին: Թեպետ այսօր էլ գրեթե հստակ է, որ իշխող կուսակցությունը կգերադասի ընտրություններին մասնակցել միայնակ, առանց որևէ ուժի հետ դաշինք կնքելու, այնուամենայնիվ, հենց համագումարում կարելի է ճշտել, թե մրցակցային ինչպիսի մակարդակ է պատրաստվում <<ապահովել>> ՀՀԿ-ն, մասնավորապես, մեծ ներուժ ունեցող <<Բարգավաճ Հայաստանի>> հետ պայքարում: Կուրվագծվի նաև ՀՀԿ ինքնավստա հության և հավակնությունների չափը (ենթադրվում է, որ այն շատ բարձր է լինելու), պահուստային տարբերակները, որոնք կարող են օգտագործվել ընտրարշավային մարաթոնի այս կամ այն փուլում` կախված հանգամանքներից: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ն ակտիվորեն կհամագոր ծակցի իրեն համակրող մի շարք կուսակցությունների հետ` քաղաքական դաշտի թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր ճամբարներից: Բոլոր դեպքերում, ՀՀԿ նշաձողը չի կարող չձգվել մինչև երկրի Նախագահ ու Վարչապետ: Իսկ ՀՀԿ հիմնական մրցակիցը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ և հովանավորությամբ շարունակում է <<բարգավաճել>>: Թերևս չի կարելի սենսացիա համարել այն փաստը, որ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դանդաղ, բայց հետևողականորեն <<թեքվում է>> <<Բարգավաճ Հայաստանի>> կողմը: Նոր կուսակցություն հիմնելու համար արդեն ժամանակ չկա, և Արդարադատության նախարարի` նման ցանկությունը փաստորեն շղարշ է` <<ԲՀ>>-ին անդամակցելու մտադրությունն առայժմ լիովին չբացահայտելու համար: Սույն իրողությունը ոչ թե անակնկալ, այլ նույնիսկ լիովին օրինաչափ է այն իմաստով, որ Դավիթ Հարությունյանը միշտ էլ եղել է ՀՀ նախագահի անվերապահ համակրանքը և վստահությունը վայելող Կառավարության եզակի անդամներից մեկը: Դե, նա էլ, հետևաբար պետք է նախընտրեր այն կուսակցությունը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Փոքր-ինչ անսպասելի էր մեկ այլ նախարարի` բնապահպանության ոլորտը ղեկավարող Վարդան Այվազյանի <<վազքը>> <<Բարգավաճ Հայաստան>>: Նախ, նա, մեղմ ասած, կասկածելի իմիջ ունի, և հետո երբեք էլ չի եղել ՀՀ նախագահի <<սիրելիների>> ցանկում: Բոլոր դեպքերում, առաջիկայում ևս ոչ միայն պատգամավորներ, այլև նախարարներ և մեծ <<տրամաչափի>> այլ պաշտոնյաներ ցանկություն կհայտնեն համալրելու <<Բարգավաճ Հայաստանի>> շարքերը: Սակայն այդ համալրումները կուժեղացնե̉ն արդյոք Գ. Ծառուկյանի կուսակցությունը, թե̉ կարող են <<բումերանգի էֆեկտ>> ունենալ` հարվածելով վերջինիս հեղինակությանը և նվազեցնելով ժողովրդի վստահության մակարդակը: Խնդիրը հետևյալն է. արդեն իսկ ակնհայտ հակասություններ են ի հայտ գալիս Գ. Ծառուկյանի հրապարակավ հայտարություն ների և կուսակցության գործելաոճի միջև: Դիցուք, Ծառուկյանը հայտարարել էր, որ իր կուսակցություն մուտք չեն գործելու Կառավարության անդամներից ոչ մեկը: Իսկ այսօր մենք ականատեսն ենք տրամագծորեն հակառակ գործընթացի: Որդեգրած սկզբունքների փոփոխություն ները, օրինաչափորեն, հնարավոր է` կասկածի տակ դնեն տվյալ քաղաքական ուժի հետևողականության, ըստ այդմ լրջության չափը: Վտանգ կա, որ անբասիր կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների փոխարեն ԲՀ-ի կուսակցական վերնախավը կձևավորեն մեծ կամ փոքր չափով վարկաբեկված, անթաքույց պատեհապաշտությամբ առաջնորդվող մարդիկ: Իսկ նոր, <<թարմ>>, ժողովրդի համակրանքը վայելող գործիչները մղվեն երկրորդական, երրորդական պլան: Ինչևէ. իշխանական ճամբարում վաղուց սպասվող տեղաշարժերը, թևակոխում են վճռական փուլ: Վերադասավորումների արդյունքում ձևավորված քաղաքական դաշտի տվյալ հատվածի ընդհանուր պատկերը հստակ կուրվագծվի առաջիկա շաբաթներին: Սակայն այդ <<պատկերը>> բոլորովին էլ չի լինի վերջնական: Մինչև 2007-ի գարունը բավական ժամանակ կա: Հետևաբար իրադարձությունների և հանգամանքների բերումով այն բազմաթիվ կոսմետիկ, ինչու չէ, նաև արմատական փոփոխությունների կարող է ենթարկվել: Իսկ այժմ, շախմատային լեզվով` դեբյուտն ավարտվում է, սկսվում է միջնախաղը: