Էլի մի ազգային ծրագիր, որից աշխարհը չունի, մե’նք ունենք


Էս քանի~ տարի է` ազգայնանում ենք: Ազգային ծրագիր է, որ ընդունվում է: (Դուք իրականացնելուց խոսեք, պարոնայք): Էս մեկը Ջրի ազգային ծրագիր է, ավելի ճիշտ` օրենք դրա մասին, որի նախագիծը ներկայացնում է բնապահպանության փոխնախարար Հակոբ Մաթիլյանը: Լավ է, որ Բնապահպանության նախարարությունը բանախոսելու է գալիս մամուլի համար կազմված տեղեկատվությամբ (պրես-ռելիզե), ինչը չեն անում մյուս նախարարությունները: Կարող ես ընթերցել, ծանոթանալ և բանախոսին ուղղել քեզ հետաքրքրող հարցերը: Լրագրողների փոխարեն դա (ընթերցելը) փոխնախարարն արեց` պրն Մաթիլյանը: Որքան շատ ենք խոսում ջրի մասին, այնքան ջուրը պակասում է: Մենք լուրջ ասացինք, որ Մաթիլյանը կատակի վերածեց. <<Ինչի̉, անձրևներ չեն գալի̉ս>>: Իսկ որպեսզի անձրևների հույսին չմնանք, Ջրի ազգային ծրագրով ջրամբարներ են կառուցվելու: Քանի̉սը, ի̉նչ ծավալներով, ի̉նչ արԺողությամբ. օրենքի նախագծում այս հարցերի պատասխանները տրված չեն: Օրենքի դրույթներից մեկով սահմանվել է, որ իրագործվելու է ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի իրականացում, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ տնտեսել 4,5-5,0 մլրդ խմ ջուր: Այժմ օգտագործվող ջուրը կազմում է 2,5 մլրդ խմ: Անհասկանալի է մնում հետևյալ հարցը. եթե ծրագրի հեղինակներին հայտնի չէ, թե որքան տարողության մեջ է ամբարվելու խնայվելիք ջրապաշարը, ունենալո̉ւ ենք այդպիսի տարողությամբ ջրամբարներ, թե ոչ, ինչպե̉ս է հայտնի դառնալու կուտակված ջրի քանակը: Կարող է` ավելի շա̉տ, կարող է` ավելի քի̉չ: Կամ էլ` <<դե մի էդքան էլի>>. սա էլ փոխնախարարի աչքաչափն է: Ջրամբարաշինությունն արդեն նախատեսված է <<Հազարամյակի մարտահրավերներ>> ծրագրի շրջանակներում: Միջոցների մի մասը բյուջեն է տալու, մյուս մասը` միջազգային կազմակերպությունները: Ինչպես տեսնում եք, ամեն ինչ ընդհանուր ու անհայտ: Ամեն ինչ <<ձգտում է>> անորոշության և անսահմանության: Պարզվում է, սա մի 30-40 տարվա ծրագիր է: Այ քեզ հեռանկար: Իսկ եթե, ասենք, բան է ու ստացվեց, միջազգային կազմակերպությունները գրոշ չտվեցին, ի̉նչ ենք անելու: Մնալու ենք բյուջեի ճեղքերի հույսին: Մի 15-20 տարի էլ էս պատճառով կձգվի, ու 60-70 տարին աչքներիս առաջ ունենանք: Իսկ մինչ այդ ինչքա~ն ջրեր կհոսեն, դեպի ո̉ւր կհոսեն. բնակիչների ծորակնե̉ր, ջրամբարնե̉ր, թե̉ մեր հարևանների սահմանները կողողեն: Ջրաչափերի պարտադրման գործընթացը բնակչության շրջանում սկսվեց շուրջօրյա ջրամատակարարման հեռանկարով բնակչությանը գայթակղելով: Սակայն ժողովուրդը վաղուց խոստումների չի հավատում, որովհետև չի ուզում խաբված լինել: Ազգային օրենսդիրները այսօր կրկին խոսում են խմելու ջրի շուրջօրյա մատակարարման ժամանակացույցի մասին: Տեսնես սա̉ քանի տարվա պատմություն կլինի: Բա որ ասացվածքը շրջելի դառնա̉: Մինչև ծորակներից ջուր գա, բնակիչների... աչքերն էլ դուրս կգան:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ