<<Մեր խնդիրը հստակ է` բարձրացնել Բանակի մարտունակությունը>>


Այս օրերին, երբ հաճախացել են տարաբնույթ խոսակցությունները, միջազգային զանազան կառույցներից Հայաստան հասնող հայտարարությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ, Այդ խնդրի հանդեպ չեն կարող անտարբեր մնալ հատկապես երիտասարդության հետ աշխատող և երկրի պաշտպանունակության պատասխանատվությունը ստանձնած Հայոց Բանակի սպաները: Ստեփան Միրզոյան. գեներալ-լեյտենանտ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, Բանակը պետության ողնաշարն է: Որքան ամուր է ողնաշարը, այնքան ձիգ և ուժեղ է պետությունը: Բանակը չի մասնակցում քաղաքականությանը: Մեր քաղաքականությունը բանակը մարտունակ պահելն է, սպայական կազմի հերթափոխը ապահովելը: Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալը և այն սպայական կադրերով մատակարարելը: Հայոց բանակի սպան օժտված է երեք կարևորագույն հատկանիշներով. պրոֆեսիոնալ գիտելիքներ (որպես զինվորական), հոգևոր պատրաստվածություն և ֆիզիկական պատրաստվածություն: Մեզ մոտ դասավանդվում է 43 առարկա: Դրանց մեծ մասը ռազմամասնագիտական են: Սպայի դաստիարակության մեջ մենք կարևոր ենք համարում հայրենասիրական ոգու ամրապնդումը, ոգի, որը նա պիտի փոխանցի հայ բանակի զինվորին: Մեր բանակի սպան պիտի կարողանա պաշտպանել հայրենիքը ոչ միայն ֆիզկապես: Նա պիտի պատրաստ լինի նաև չխնայել կյանքը: Մեր սպան հոգեպես ամուր պիտի լինի, ֆիզիկապես առողջ, որպեսզի կարողանա ծառայության տարիներին լինել միշտ շարքերում և միշտ առաջատար: Էդվարդ ՈՍԿԱՆՅԱՆ. գնդապետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրթության վարչության պետի տեղակալ Մենք գտնում ենք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված` ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ճիշտ է: Մեզ ոգևորում է այն, որ երիտասարդությունը այս կարևորագույն խնդրի լուծման ճանապարհին իր պատրաստակա մությունն է հայտնում` կանգնել իշխանությունների կողքին: Ինչ վերաբերում է մեզ` զինվորականներիս, ապա մեր խնդիրը երկրի սահմանները պաշտպանելն է, բանակի մարտունակությունն ու ոգին պահելը: Այսպես, թիկունքում ունենալով հայրենիքի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած բանակ, երկրի ճակատագրով մտահոգ երիտասարդություն և համախումբ ժողովուրդ` իշխանություններն, անկասկած, կկարողանան ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություն ները վարել այս ամենի ապահովության զգացումով և այդ դիրքերից և իրենց գործը ավելի վստահ կկատարեն: