ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՌՔԻ


Կարող էր այնպես պատահել, որ իմ կյանքի ճանապարհին երբեք էլ չհանդիպեի նրան. պատերազմ էր, ի~նչ իմանաս, ինչ գիր է ճակատիդ գրված... Կարեն Մարգարյանի համար պարզապես բախտորոշ է եղել պահը` այն առումով, որ ծանր վիրավորվելուց հետո հրաշքով ողջ է մնացել... Տակավին դպրոցական` երազում էր զինվորական դառնալ: Բարեկամներից հինգը զինվորականներ էին: Կարենին շատ էր ոգևորում հատկապես հորաքրոջ ամուսնու` Խորհրդային Միության հերոս Վարդգես Ռոստոմյանի Մեծ Հայրենականում հայազգի զավակների սխրանքների մասին պատմածները, և պատանու էության մեջ ուրվագծվում էր իր ընտրած դժվարին ու պատվավոր ճանապարհը: Իսկ տարիներ հետո նա պիտի քայլեր այդ ճանապարհով` կամքը համառություն դարձրած, պիտի մղվեր առաջ` դեպի մարտական փառքի բարձունքը ու այնտեղից հպարտությամբ ու բաց ճակատով նայեր աշխարհին, հայոց լեռներին նայեր, որոնց սիրով մինչև վերջ այրվող մարդկանցից է Կարեն Մարգարյանը: Օմսկի բարձրագույն ռազմահրամանատարական ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է Կարելիայում: Այնուհետև ճակատագիրը նրան նետեց Մուրմանսկ: Ազգային բանակի ծնունդը Կարենին բերեց Հայաստան: Ազատամարտի տարիներին` նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ծառայող հայ զինվորականներից շատերը վերադարձան հայրենիք, սակայն նրանցից ոչ բոլորը մնացին մասնակցելու Ազգային բանակի ստեղծմանը: Մնացին նրանք, ովքեր ի սկզբանե նախնիների ոգու կրակով էին մկրտված ու պատրաստ էին հանուն հայրենիքի մղվել ինքնազոհաբերության: 28-ամյա կապիտան Կարեն Մարգարյանը նշանակվեց հանրապետության հյուսիսային սահմանները պաշտպանող հրաձգային զորամասի շտաբի պետի պաշտոնում: 1992-ի ծանր օրերն էին: Մահու և կենաց մարտեր էին մղվում սահմանի վրա: Այդ կատաղի մարտերում եղել են նաև ճակատագրական պահեր, երբ ընկերներով հայտնվել են շրջափակման մեջ, և մահը սառն աչքերով նայել է Կարենին, ու թվացել է, թե ելք չկա: Սակայն ամեն անգամ հաղթել է փորձառու շտաբի պետի արիությունն ու մարտավարական վարպետությունը: 1992-ի հոկտեմբերին էր: Վաղ լուսաբացին հակառակորդը <<Գրադ>> կայանքներից ու ծանր հրետանուց սկսեց ուժգին հրետակոծել մեր պաշտպանական դիրքերը: Պայթող ականներից բզկտվում, ծվատվում էր հողը: Թշնամին օգտագործում էր նաև օդուժ: Հետո սկսվեց ազերիների լայնածավալ հարձակումը: Մեր զինվորները կռվում էին անձնուրացաբար` կասեցնելով թվով զգալիորեն գերազանցող հակառակորդի առաջխաղացումը: Այդ օրը կատաղի մարտերից մեկի ժամանակ վիրավորվում է Կարենը. վնասվել էր դեմքը: Նրան տեղափոխում են Երևան: Ծանր վերքը բուժելու համար տարիներ էին պահանջվում: Երկու տարի բուժվելուց հետո Կարենը դարձյալ դիմում է ծառայությունը շարունակելու թույլտվության խնդրանքով: Նրա խնդրանքը բավարարում են` նշանակելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար: 1996 թվականից Կարեն Մարգարյանը Երևանի կայազորում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարն է: Զորամասում, որտեղ ստեղծված են լիարժեք ծառայության բոլոր պայմանները, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորա կան փողային նվագախմբից բացի, ընդգրկված է նաև Պատվո պահակային վաշտը, որը բազմիցս բարձր գնահատանքի է արժանացել արտերկրներից Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերի կողմից` պաշտոնական արարողությունների ժամանակ ցուցաբերած բարձր պատրաստվածության համար: <<Հայաստանի զինված ուժերի պատվո պահակային վաշտն իր պատրաստվածությամբ ոչնչով չի զիջում արտերկրների զինված ուժերի պատվո պահակային վաշտերին>>, չթաքցնելով իր հիացմունքը, այսպես է ասել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը <<Զվարթնոց>> օդանավակայանում` պաշտոնական արարողության ավարտից հետո. այս տարվա ցրտաշունչ հունվարին էր դա: Տոնականորեն շքեղ են այդ արարողությունները, վեհասքանչ, խորին խորհուրդ պարունակող: Ծառայությանս տարիներին ես շատ անգամ եմ ներկա եղել այդ արարողություններին, հիացումի, ոգեշնչանքի, հպարտության պահեր ապրել: Դրանք երբեք չեն ջնջվում հիշողությունից: Ներկայումս Կարեն Մարգարյանի հրամանատարությամբ գործող զորամասը նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձին նվիրված շքերթին, որին կմասնակցեն պատվո պահակային վաշտն ու փողային նվագախումբը: - Դրանք հիշարժան պահեր են լինելու մեր զորամասի կյանքում, միաժամանակ, ինչ խոսք, պատվի գործ է: Ահա թե ինչու անձնակազմը եռանդով ու ոգևորությամբ է նախապատրաստվում այդ մեծ տոնին,- ասում է հրամանատարը: Երեք զավակների հայր է Կարենը: Այդ աննկուն ոգու տեր մարտիկը մի քանի անգամ դեմքի ծանր վիրահատություն է տարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Փարեն Սրբազանի հովանավորությամբ է մեկնել բուժվելու: Հոգիդ ջերմությամբ է լցվում, երբ մտածում ես, որ կան մարդիկ, ովքեր հոգատարությամբ են շրջապատում պատերազմի ահեղ ճամփաներով անցած մարտիկներին և պատրաստ են անել ամեն ինչ նրանց առողջության պահպանման համար: Փառք ու պատիվ այդ մարդկանց: Կարենը երբեք չի մոռանա նրանց, որոնց շնորհիվ այսօր վերստին շարքում է նա: Նրանց մարդկային մեծ սիրո ու սրտացավության հանդեպ թվում է բառերն անզոր են: Ամեն անգամ Կարենին հանդիպելուց ես խորհում եմ այն մասին, որ, այո, կարող էր այնպես պատահել` չհանդիպեի նրան, սակայն ճակատագրի կամոք կայացավ հանդիպումը այդ համեստ ու ազնիվ, ուժեղ բնավորության տեր մարդու հետ, որի զուսպ արժանապատվությամբ պահվածքը միշտ էլ ինձ հիացմունք է պատճառում, ու ես վերստին համոզվում եմ, որ Կարեն Մարգարյանը պրոֆեսիոնալ զինվորական է, շատ մեծ է այդպիսի մարդկանց դերը մեր զինված ուժերում: Զրուցում էինք: Խոսքը գնում էր հրամանատարների փորձն ու պրոֆեսիոնալ գիտելիքները բարձր կուլտուրայի հետ զուգորդելու կարևորության մասին: Գնդապետն ուղիղ նայեց աչքերիս ու վճռական տոնով ասաց. <<Կոպտությունն ու գռեհկությունը զրկում են հրամանատարին իր գործը մինչև վերջ բարեխղճորեն կատարելու հնարավորությունից>>: Այսպես կարող է ասել բարեկիրթ, ճակատագիրը բանակի հետ ընդմիշտ կապած զինվորական մարդը միայն, ինչպիսին մարտական շքանշանների ասպետ Կարեն Մարգարյանն է:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ