Մանվելն ամենահարգված եւ սիրված մարդն է Ղարաբաղում


Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Առաջին հերթին ես շնորհավորում եմ Մանվել Գրիգորյանին, ծննդյան 50-ամյակի առթիվ, շնորհավորում եմ նաեւ այսօր Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու համար: Երբեք ղարաբաղցիները մենակ չեն մնացել, մեզ օգնել է Հայաստանը, մեզ օգնել է Սփյուռքը եւ ենթադրում եմ, որ առաջին անունը, որ հնչում է, դա Մանվել Գրիգորյանի անունն է, որովհետեւ շատ մեծ է Մանվելի ներդրումը Ղարաբաղին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաջողությունների մեջ: Չկա շրջան Ղարաբաղում, չկա ռազմաճակատ, որտեղ Մանվելն իր մասնակցությունը չունենա: Եվ երեւի սա օբյեկտիվ կարծիք է: Ես հիշում եմ` ինչ ոգեւորությամբ ընդունվեց այն լուրը, որ Մանվելին Արցախի հերոսի կոչում ենք տալիս եւ այն ինչ որ նա է ներդրել այստեղ, դա հիմք է տալիս մտածել, որ Մանվելն ունի ոչ միայն Էջմիածին հայրենիք, այլ նաեւ Ղարաբաղ հայրենիք: Եվ ղարաբաղցիները չեն կարող շնորհակալ չլինեն գեներալ Մանվել Գրիգորյանին եւ իր նման տղաներին, որոնք իրենց կյանքը ռիսկի տակ դնելով, պայքարել են եւ ազատագրել այս հողը, որը ոչ միայն հող է, այլ նաեւ հայրենիք է: 28.06.2006 Մարտակերտ Սեյրան ՕՀԱՆՅԱՆ Գեներալ-լեյտենանտ ԼՂՀ պաշտպանության նախարար ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Պաշտպանության բանակի հրամանատարության ողջ անձնակազմի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետութ յան Պաշտպանության փոխնախարար Մանվել Սեկտորի Գրիգորյանին` ծննդյան 50-ամյակի կապակցությամբ եւ որպես մարտական ընկեր ցանկանում եմ առողջություն, երջանկություն եւ անձնական կյանքում, եւ այն բազմաչարչար աշխատանքում, որը նպատակաուղղված է մեր երկրի պաշտպանությանը, իհարկե` նաեւ բարգավաճմանն ու զարգացմանը: Ընդհանուր առմամբ` յուրաքանչյուր տարեդարձ ամեն մի մարդու հնարավորություն է ընձեռում, որ ինքը հետադարձ հայացք ձգի իր կատարած աշխատանքին և նաեւ իր ընկերները, մտերիմները գնահատեն նրա կատարած աշխատանքը: Կարծում եմ ոչ միայն ես, այլ նաեւ արցախյան ժողովուրդը մեծ հարգանք ենք տածում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, նրա կատարած ծառայությունների, արցախյան գոյապայքարի, ղարաբաղյան շարժման ժամանակ ողջ հայության պաշտպանության կազմակերպման համար, եւ իզուր չէ, որ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները գնահատել են նրան` տալով Արցախի հերոսի <<Ոսկե արծիվ>> շքանշանը: Մանվել Գրիգորյանին եթե այսպես խորը չբնութագրենք, կարող ենք ասել հետեւյալը. որ այն տարածքներում, իսկ նա մարտնչել է Ղարաբաղի թե’ հյուսիսային, թե’ հարավային դարպասներում, որտեղ որ ինքն իր ջոկատով կամ ստորաբաժանմամբ կռվել է, կազմակերպել է պաշտպանություն, նա մեծ պատվով է կատարել իր առջեւ դրված խնդիրը: Միայն եթե փաստենք, որ, գտնվելով առաջին գծում, նրա ղեկավարած ստորաբաժանումները երբեք ոչ մի քայլ ետ չեն նահանջել, դա խոսում է նրա մասին, որ նա ունի մեծ կազմակերպչական ունակություններ: Եվ այսօր էլ կարծում եմ, որ այն ծառայությունը, որ ինքն է ղեկավարում բանակի մարտական պատրաստությունը` մենք էլի խնդիր չունենք, և կարող ենք այդ ուղղությամբ մարտապայքարի մեջ մտնել տարածաշրջանի յուրաքանչյուր բանակի հետ: Այս առումով նաեւ մեծ արժանիքներ ունի եւ մեծ է Մանվել Գրիգորյանի դերը: Մենք այսօր ԼՂՀ Պաշտպանական բանակի ամբողջ կազմով կրկին շնորհավորում ենք նրան, որպես մարտական ընկեր ցանկանում ենք ամենաբարին, հաջողություններ: Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մարտակերտի քաղաքապետ Այսօր, Մարտակերտի ազատագրման օրը, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Մարտակերտի քաղաքապետարանի կողմից տրվեց Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչումը: Ինչու հատկապես Մանվել Գրիգորյանին: Որովհետեւ մեր ժողովուրդը երբեք չի մոռանում իր հերոսին: Խաղաղ պայմաններում էլ մենք ուզում ենք մեր Մանվել Գրիգորյանին, որ գա ու մեր քաղաքի հետագա ճակատագիրն ինքը տնօրինի: Մեր ժողովուրդը երախտապարտ է Մանվել Գրիգորյանին եւ այսօր այսքան է կարողանում գնահատել ազգի պաշտպանին: Ամենակարեւորն այն է, որ ժողովուրդը հիշում է նրան, իր արածների համար: Եվ այնքան է հիշում ու այնքան է խոսում նրա մասին, որ նոր սերունդն էլ է արդեն ճանաչում նրան եւ գիտի նրա մասին: Պատերազմի ամենաահեղ պահերն ապրել է Մարտակերտը, բայց երբ Մարտակերտ հասավ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադն այս հատվածում իրենց հաղթանակած համարող հակառակորդը իսկապես ճողոպրեց: 28.06.2006թ. Մարտակերտ Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ Արցախի պետական համալսարանի հոգեբան, պրոֆեսոր Անկեղծորեն ասած` քանի որ մեր զրույցը Մանվել Գրիգորյանի 50-ամյակի նախօրեին է եւ լրանում է նրա կեսդարյա հոբելյանը, ես նախ ուզում եմ շնորհավորել նրան ամենամեծ բարեմաղթանքներով, քանի որ 94-ից ի վեր, ինչ նա ապրում է, համարենք աստվածային պարգեւ, որովհետեւ նա հզոր թոհուբոհով անցած մարդ է եւ երեւի Աստված էր, որ նրան պարգեւեց այն, ինչ այսօր կա: Շնորհավորենք նրան ոչ միայն մեր ընտանիքի անունից, այլև ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ցանկացած ղարաբաղյան ընտանիք սրտանց կշնորհավորի Մանվելին, քանզի նրա ծառայությունն այս երկրի համար գնահատելը գուցե մի փոքր դժվար է , քանի որ ժամանակը այս անհատին շատ մոտ է, իսկ երբ մենք ապրում ենք մեծ մարդու կողքին, դժվարանում ենք գնահատել նրա մեծությունը: Հավանական է պատմական ժամանակահատվածը պետք է ավելի խոշոր գնահատական տա, բայց քանի որ ինտելեկտուալ մարդ ենք, մենք գիտակցում ենք մեր մեջ եղած մեծ մարդկանց արժեքն ու վաստակը: Ես ինձ անգամ պարտավոր եմ համարում որպես մտավորականի իրոք գնահատական տալ այն մարդուն, որն ինքնակամ եկավ Ղարաբաղ, որին ոչ թե ինչ-որ զինկոմիսարիատ կանչեց, ասաց, թե պետք է գնաք էս ինչ պատերազմում զինվոր լինեք կամ հրամանատար, այլ նա եկավ իր գենի կանչով , եկավ որպես այս երկրի պահապանը: Եվ երբ 88-ի մայիսին մոտ 500 հազարանոց Երեւանի թատերական հրապարակում մեր պատվիրակությունը Մոսկվայից հետ էր եկել, եւ մենք պետք է ելույթ ունենայինք, ես ասացի մի նախադասություն. <<Մեր խաղաղ քաղաքական պայքարը դեմ է առել փակուղու, եւ եթե Աստված մի արասցե ինչ-որ պահի մենք ի զեն գնանք նորից, հավանաբար մեր յուրաքանչյուր հայ տղամարդ կդառնա մի Արաբո կամ Անդրանիկ, իսկ յուրաքանչյուր կին` մի Սոսե կամ Այծեմնիկ, բայց պահապանը կլինի մեր հողի>>: Եվ հավանաբար վազգենները, մանվելները, սամվելները, արամները, ավոները..... բոլոր-բոլոր նրանք, որ կանգնեցին մեր երկրի պաշտպանության համար, եղան իրոք մեր ազգի հերոսները, որոնք հոգու կանչով, արյան կանչով ղարաբաղյան անտառներում առաջին իսկ օրից դարձան այս երկրի պահապանները, մեր հիմնախնդիրը զենքով լուծող, ուժով լուծող մարդիկ և նրանցից յուրաքանչյուրը լավ էր գիտակցում, որ ճշմարտությունը սրի ծայրին էր: Հավանաբար մարդուն ի վերուստ տրվում է լիդեր լինելու ունակություններ եւ հավանաբար բնության կողմից եւ նրա գենի տեսակը այդպիսին էր: Եվ քանի որ ես մի քիչ ծանոթ էի Մանվելի մորը` տիկին Նազիկին, իրոք լսել էի, որ երբ Շարժումը նոր էր սկսվել, տիկին Նազիկը դուրս էր եկել գյուղամեջ եւ ասել էր. <<Եթե տղամարդ չկա, զենք տվեք, ես ինքս կգնամ պայքարի>>: Ուրիշ այլ մի երիտասարդ չէր կարող ձեւավորվել նման մորից, քան այն, ինչ եղավ Մանվելը: Եվ ոչ միայն այն, որ նա առաջիններից էր, որ զենք վերցրեց, այլ նաեւ այն, որ նա կարողացավ կազմակերպել, կարողացավ տղաներին տանել իր հետևից, իսկ պատերազմում, երբ մարդ կարողանում է իր հետևից երիտասարդների տանել պայքարի, սա հավանաբար մի այնպիսի արժեք է, որ մենք գուցե չենք կարողանում գնահատել: Եկեք հիշենք, երբ պատերազմը սկսվեց, մենք չպիտի մոռանանք, որ չունեինք արհեստավարժ զորավարներ, մենք ունեինք այսպիսի նվիրյալ մանվելներ, որոնք պետք է կազմակերպեին մեր պայքարը: Մանվելի տարբերությունը բոլոր տղաներից նրա կազմակերպվածությունն էր, նրա կարգապահություն սահմանելն էր, հավանաբար նրա ի ծնե Զորավար լինելն էր: Անկեղծորեն ասած` ես երկար եմ մտածել, թե մարդն ինքն է հերոսանում, թե ծնվում է որպես հերոս: Ես այն կարծիքին եմ, որ հավանաբար հերոսացումը պատերազմում նախապատրաստվում է ողջ ազգի կենսագրությամբ: Մեր ժողովուրդը ապրել է այնպիսի անցյալով, որը դարերի ընթացքում կուտակել է նրա մեջ վրեժի էներգիան: Եվ երբ սկսվեց այս գոյամարտը, հավանաբար այն պահն էր, որ պետք է էներգիան պայթեր և այն պետք է Մանվելի նման տղաների միջոցով լիներ` եւ խիզախ, եւ իմաստուն: Հաճախ ենք մենք կարդում իմաստուն մտքեր, որ խիզախների արյունով է ապրում հայրենիքը: Իրոք` ճիշտ իմաստություն է, բայց նաեւ հայրենիքն է պատրաստում խիզախներին, հայրենիքը ծնում է իր խիզախներին: Իրոք Մանվելները այն ակտիվ տղաներն էին, որոնք իրենց ժամանակի հերոսական տարեգրությունը ծնեցին: Ես նաեւ ասեմ, երբ Ղալայանը 92-ին ստեղծում էր Արցախի զինանշանը, միշտ ասում էր. <<Ես ուզում եմ սրա մեջ ներարկել Մանվելի նման տղաների ոգին>>: Այո’, նրանք իրոք արծվի կերպար ստեղծեցին, եւ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Մանվելին Հաթերքի բարձունքում` այդ կեցվածքը, ֆիդայական հագուստը, նրանց բեղ ու մորուքը, խորհրդավոր պահվածքը, նրանց հայացքի մեջ կարդում էիր, որ պատրաստ են նետվելու կրակի մեջ, թշնամու գիրկը, միայն թե իրենց երկրում հայն ապրի: Գուցե մեր ժողովուրդը չգիտի, թե ինչ հերոսություն են արել այդ տղաները: Ասեմ, նրա իր գործողությունների մեջ չէր կանխատեսում, որ ինքը պետք է անպայման հերոսանա, նրա նպատակը մեկն էր` պաշտպանել հողը, պաշտպանել ժողովրդին: Մանվել Գրիգորյանը համազգային հերոս է եւ ազգային հերոս է: Դա անկասկած այդպես է: Հաճախ մենք, չգիտեմ ինչու, որոնում ենք զոհված հերոսի: Ես գտնում եմ, որ դա սխալ է, որովհետեւ մենք պետք է մեր կողքին գոյություն ունեցող հերոսին արժեւորենք, գնահատենք: Ես գտնում եմ, որ մենք պետք է դուրս գանք այս կոմպլեքսից, հայկական այս խոսքից. <<Գնա մեռի, արի սիրեմ>>: Եկեք մեր կողքին ապրող հերոսին դարձնենք դասագիրք մեր սերնդի համար, դառնա հայրենասիրության դաս մեր երեխաների համար: Մենք պետք է միշտ զգանք, որ այս հաղթանակը հարատեւ չէ, վաղը կարող է հենց մենք կանգնենք նոր փորձության առաջ, եւ եթե այսօր մենք չարժեւորենք այս մարդկանց, որոնք ժամանակին իրենց նետել են այդ թոհուբոհը, մենք չենք կարող վաղը նոր մանվելներ ունենալ: Այս առումով, ես կարծում եմ, որ մենք պետք է արժանին մատուցենք, իրոք, մեր ազգային հերոսներին, իսկ Մանվել Գրիգորյանն ազգային հերոս է: Հադրութի տարածքի Էդլլու Ձորակի բնակչության անունից շնորհավորում ենք մեր Զորավար Մանվել Գրիգորյանին ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Ռոման ՂԱՐԱՅԱՆ Էդլլու Ձորակ, Քյուրաթաղի (Դուդուկչի) գյուղապետ Երեկ Էջմիածնի քաղաքապետարանը ավագանու նիստով Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: <<Ավանգարդ>> թերթի խմբագրությունը ևս շնորհավորում է գեներալ-լեյտենանվ Մանվել Գրիգորյանին` ծննդյան հոբելյանի առիթով և մաղթում լավագույնը` աշխատանքում ու անձնական կյանքում: