Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ Հայր եվ որդի Երիցյաններին ու բոլոր նրանց, ովքեր պետք է որ տիրապետեն քաղաքակրթության


Ես չգիտեմ, թե այդօր ո̉վ էր ձեր խորհրդատուն, սակայն վստահորեն նրան չարակամ կանվանեմ, լավագույն դեպքում` գռեհիկ: Բայց ձեր համբավին վայել բարեկրթությո̉ւնն ինչու էր ձեզ լքել: Գոնե պատկերացնո̉ւմ եք, որ հրավիրյալ հյուրին անարգող տանտիրոջից նաև շրջապատն է հիասթափվում: Ավաղ, այս պարագայում դո’ւք եք այդ տանտերը: Հաշվե̉լ եք, գոնե, թե գովազդային տեսահոլովակով քանի անգամ էիք հորդորել հեռուստադիտողներին` հուլիսի 7-ին ներկա գտնվելու <<Դոլար-սթար>> օտարահունչ անունը կրող ձեր նոր խանութի բացմանը: Մարդիկ էլ եկել էին: Իսկ դո̉ւք... Ամոթ էր, խայտառակություն. ոստիկաններ էիք հրավիրել, որ ի̉¯նչ անեն: Ծանոթ չէի̉ք ոստիկանական մենթա-լիտետին. ձեր հրավիրյալ հյուրերին նրանք մեկեն խառնամբոխի վերածեցին ու սկսեցին հրել-հրմշտել` հրամայելով պատի տակ մի շարք կազմել և սպառնալով ներս չթողնել, եթե իրենց հրահանգը չկատարեն: Իսկ փշալար հիշեցնող պարանը ուղեփակոց դարձրած ոստիկաննե րին ձայնակցում ու ձեր հորդորով խանութի բակ եկածների վրա հոխորտում էին նաև ձեր ներկայացուցիչ մի քանի խակ ջահելներ` - Էսի սեփականություն ա. կուզենք կբացենք դուռը, կուզենք` ներս չենք թողնի: Իսկ նույն պահին ծանոթ-բարեկամ անարգել խանութ ելումուտ էին անում: Ի դեպ, փորձեցի ճշտել ոստիկանության տարեց այն մայորի անունը, ով գռեհկորեն հարվածում ու հրմշտում էր` ում ձեռքը հասներ: Այդ բիրտ ձեռքը ինձ էլ դիպավ, թեև ես հերթում չէի. աստիճանների մոտ դիտում էի խորհրդային քաղցի տարիները հիշեցնող այդ հերթը: Ոչ միայն այդ մայորը քաջություն չունեցավ ներկայանալ: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նույնպես խնամքով թաքցրին նրա ով լինելը: Իր ով լինելը թաքցրեց նաև Իշխան Ներսիսյանը, ում հեռախոսահամարը մեզ հուշել էին` նրա միջոցով ճշտելու սեփական անուն-ազգանունը <<մոռացած>> ոստիկանների ինքնությունը: Մեր հեռախոսազանգին նա այդպես էլ պատասխանեց. <<Եկեք ոստիկանություն, իմացեք...>>: Ամո’թ է, պարոնայք: Նույնիսկ հեղաշրջման կոչերով պետական պաշտոնյաների նստավայրերը շրջափակողներին միշտ չէ, որ ոստիկաններով են սպառնում: Հավատացեք` այդ օրից ձեր արտադրանքն անգամ հեղինակազրկվեց բոլոր նրանց աչքում, ում համոզելով բերել էիք` անդաստիարակ ինչ-որ ջահել-ջուհուլների ու բռունցքներով ձեզ հաճոյանալ փորձող ինչ-որ ոստիկանների հոխորտանքը լսելու: Որդի Երիցյանը, եթե չի կորցրել անկեղծանալու ունակությունը, գոնե մտերիմների շրջանում կխոստովանի, որ մարդկանց հետ, որոնցից ամեն մեկն իրենց պոտենցիալ հաճախորդն է, վարվեցին, մեղմ ասած, անմարդավարի: Մարդկային արժանապատվությունը գետնելու ի¯նչ դասական օրինակ էր` ձեր իսկ սարքած սցենարը... Մինչդեռ... օտարաբառ անվամբ և շատ երկրներում հարգի քաղաքակիրթ առևտրի այդ ձևը մեխանիկորեն կրկնօրինակելուց առաջ` արժեր և պարտավոր էիք ձեր իսկ հրավիրյալ գնորդներին գոնե չնեսեմացնել: Ի վերջո` նրանց առևտրի էիք հրավիրել. ասել է թե` եկողները պետք է վճարեին: Քաղաքակիրթ երկրներում դաստիարակված խանութպանները շնորհակալություն են հայտնում, փորձում են սիրաշահել իրենց եկամուտներն ապահովող գնորդներին, այլ ոչ` ոստիկանական մենթա-լիտետը գործի դնում` նսեմացնելու կիսադատարկ գրպանների պարունակությունը թեթևացնելու հրավիրյալներին: Մի խոսքով` ամոթ է: ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Երևի ճիշտ են նրանք, ովքեր որպես օրհնանք մաղթում են` չառնչվել ոստիկանի հետ: Պարզապես ուզում ենք հիշեցնել ՀՀ ոստիկանության պաշտոնյաներին և այս պարագայում` ոստիկանության Արաբկիրի բաժնի ղեկավարությանը, որ հուշեն իրենց ենթականե րին` իրենց վարձատրում են մեր` հարկատուներիս հաշվին և հավելյալ ցանկացած այլ <<մաղարիչի>> դեպքում անգամ իրավունք չունեն իրենց կերակրող ժողովրդի վրա հոխորտալ...