Անձնական կյանքն` ասեկոսեների ծխածածկույթում


Քաղաքական վառ անհատականություն, Միացյալ Նահանգների հասցեին ահարկու խոսքեր հնչեցնող, սեփական հեռուստաալիքը ստեղծած գործիչը, ով նաև երգելու հրաշալի ձայն ու լսողություն ունի… Շատերի համար առեղծվածային, շատերի համար` պարզապես հմայիչ այդ մարդը, ով երբեք փողկապ չի կրում և առանց ձևականութ յունների հարաբերվում է հասարակ մարդկանց հետ… միայնակ է: Այո, հենց նրա` Ուգո Չավեսի համար հազարավոր կանայք են տոչորվում, և նրա սիրավեպերի մասին բազմաթիվ շշուկներ են շրջում: Ի տարբերություն այնպիսի կնամոլ քաղգործիչների, ինչպիսիք Սիլվիո Բեռլուսկոնին ու Նիկոլյա Սարկոզին են, Չավեսն իր անձնական կյանքն ի ցույց չի դնում: Ի դեպ, կա մի հանգամանք, որը Չավեսին հարազատացնում է Ֆրանսիո և Իտալիո իր գործընկերների հետ. Վենեսուելայի առաջնորդը նույնպես կրկնակի ամուսնալուծված է և Բեռլուսկոնիի նման` չունի կողակից: Առաջին կնոջից` Նենսի Կոլմենարես Նեիստովայից Ուգոն բաժանվել է դեռևս 1992¬ին` երկրի քաղաքական օլիմպոս բարձրանալուց 7 տարի առաջ: Նենսին նրան պարգևել էր 4 զավակ (2 որդի և 2 դուստր): Մինչ օրս էլ հայրը ջերմ հարաբերություններ է պահպանում երեխաների ու նրանց մոր հետ. նրանք հաճախ են հյուրընկալվում Չավեսին: Երկրորդ կնոջից` լրագրողուհի Մարիսաբել Ռոդրիգես Օռոպեսայից Ուգոն հեռացել է արդեն նախագահ եղած ժամանակ` 2003 թ.: Նրանից էլ մեկ դուստր ունի մեր հերոսը` Ռոսինեսը: Ի տարբերություն Նենսիի, Մարիսաբելը զբաղվում էր քաղաքականությամբ և միացել էր իր նախկին ամուսնու ընդդիմախոսներին` խստորեն քննադատելով Չավեսին: 2007¬ին նա իսկապես թիկունքից հարվածեց իր դստեր հորը: Այն ժամանակ նա ակտիվորեն քարոզում էր, որպեսզի հանրաքվեում ժողովուրդը չքվեարկի նախագահի լիազորությունների ընդլայնման օգտին և ընտրվելու անսահմանափակ հնարավորություն չտա նրան: - Ժողովուրդը հիմարացել է հռչակված բարեփոխումներից և վերջնական արդյունքում կստանա իրավունքների ու ազատությունների սահմանափակում: Դրա հետ համաձայնել ես չեմ կարող,¬ գրել է կինը: