ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԵԾԻՐԸ


Ան¬կա¬խութ¬յան հռչա¬կու¬մից ի վեր, ի տար¬բե¬րութ¬յուն մեր հարևան¬ներ Վրաս¬տա¬նի և Ադրբեջանի, Հայաստանը որդեգրեց եվրոպական ինտեգրման քաղաքականությունը` հստակորեն գիտակցելով, որ լինելով եվրոպական արժեքների կրողն ու արտահայտողը` Հայաստանը չի կարող պարփակված մնալ աշխարհաքաղաքական այն շրջանակի մեջ, որում գերակայողը միշտ էլ արևելյան կողմնորոշումն է եղել: Տասնամյակներ շարունակ, սովետական քարոզչության ոգուն համապատասխան, Հայաստանն ընկալվել է ճիշտ նույն համածիրում, ինչ` այսրկովկասյան և միջինասիական հանրապետութ յունները: Այս մոտեցումները ձևավորել են որոշակի կարծրատիպեր և սկզբունքներ, Հայաստանին դուրս դրել եվրոպական արժեհամակարգերի ըմբռնումներից: Սակայն արդեն 1990-ականների սկզբներից ՀՀ¬ն նպատակասլաց կերպով մղվեց դեպի եվրոպական տիրույթները` այսպես ոչ միայն հաստատելով հայերի` հնդեվրոպական քաղաքակրթության կրող լինելու հանգամանքը, այլև ամրակայելով այն իրողությունը, որ երկիրը կարող է զարգանալ միայն ու միայն եվրոպական կողմնորոշումներով, եվրոպական ստանդարտներով` տարազատվելով տարիներ շարունակ պարտադրված կարծրատիպերից: Եվրոպական համակեցության որոշ միտումներ ընդունելով, Հայաստանն, այնուհանդերձ, տակավին չէր կարողացել սերտացնել իր հարաբերություններն այսպես կոչված խորհրդային Եվրոպայի հետ, ինչն էլ ձևավորում էր անլիարժեքության բարդույթը, անկատար դարձնում զարգացման ու առաջընթացի քայլերն ու նախաձեռնութ յունները: Խորհրդային Եվրոպայի կենտրոններից մեկը հռչակված Ուկրաինայի հետ չկայացած հարաբերությունների առանցքում բնավ էլ Հայաստանի սխալ քաղաքակա նությունը չէր, այլ Ուկրաինայի արտաքին քաղաքականության մեջ գերակա դարձած որոշ միտումների ներկայությունը, որն էլ օտարացում էր ձևավորել երկու պետություն ների միջև: Այս օտարացման հաղթահարման կարևորագույն քայլերից էր Հայաստանի պաշտոնական պատվիրակության այցը, որը կարելի է ինքնատիպ համարել «եվրոպական տան» նորագույն պատմության մեջ: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ուկրաինա երկու նախագահները որակեցին 10-ամյա անբացատրելի բաժանումից հետո իրականացված առաջին կառուցողական քայլ: Իհարկե, առնվազն միամիտ ու քաղաքական զարգացումներից հեռու էր պետք լինել` չհասկանալու, թե ինչով էր պայմանավորված մեր երկու պետությունների միջև ձևավորված սառնությունը: Անգամ Հայաստանում տևական ժամանակ ունենալով Օլեքսանդր Բոժկոյի նման դեսպան` մեզ չէր հաջողվում գործուն հարաբերություններ հաստատել Եվրոպայի` իր մեծությամբ երկրորդ տերության հետ: Ուկրաինան իրապես կարևորագույն դերակատարություն ունի ժամանակակից Եվրոպայում, չնայած որ այս երկիրը վերջին տարիներին հաճախ է ցնցվել քաղաքական անհամաձայնություններից, ներիշխանական պայքարից: Այն դիմակայությունից, որը ձևավորվել է տարբեր քաղաքական ուժերի միջև` անկայուն դարձնելով երկիրը, ստեղծելով բախումնալի վիճակներ Ռուսաստանի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Յանուկովիչն, իհարկե, չկամեցան խորանալ սառնություն ձևավորած պատճառների մեջ, չուզեցին «հին բուրդը քամուն տալ», սակայն մենք լավ գիտենք, թե ինչու էին ուկրաինական իշխանություններն ամեն ինչ անում` տարազատելու Հայաստանն ու Ուկրաինան: Եվրոպական այս երկիրը ՎՈՒԱՄ անդամ է, Ադրբեջանի հետ ունի ռազմամթերքի շատ մեծ առևտուր: Ուկրաինան, միացած Վրաստանին և Ադրբեջանին` խոչընդոտում է դեպի Եվրոպա Հայաստանի ձգտումներին, «ակամայից» նպաստում շրջափակման խորացմանը: Արևելյան Եվրոպայում Ուկրաինան է դարձել Ադրբեջանի գլխավոր գործընկերն ու աջակիցը և, հանուն սեփական ռազմաարդյունաբերական արտադրանքի վաճառքի` պատրաստ էր նպաստել այսրկովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսմանը: Այս մոտեցումները սկիզբ առան Կուչմայի կառավարման շրջանում և առավել խորացան հատկապես Յուշչենկոյի նախագահության օրոք: Վիկտոր Յուշչենկոն, քավոր-սանիկային հարաբերություններ ունենալով Միխեիլ Սահակաշվիլու հետ, բնականաբար ստանում էր «միջնորդավորված» հրահանգներ և հաջողությամբ դրանք իրականացնում` անգամ արհամարհելով այն փաստը, որ Ուկրաինան հնագույն հայկական գաղթավայրերից մեկն է, որ Լվովը հարյուրամյակներ շարունակ կրել է հայկական մշակույթի ազդեցութ յունները: Սերժ Սարգսյանն իր պաշտոնական այցով, իսկ Յանուկովիչն` իր հյուրընկալությամբ, վերջ դրեցին այն յուրատեսակ «սառը պատերազմին», որը գոյավորվել էր այս երկու երկրների միջև: Այստեղ, անպայմանորեն, արժանին պետք է հատուցել Յանուկովիչին, ում համար այլևս գոյություն չունեն ադրբեջանական «կաշկանդումներն» ու շանտաժները, որոնց այնպես հաճությամբ տրվում էր Վիկտոր Յուշչենկոն: Հայաստանյան պատվիրակության և երկրիս Նախագահի ուկրաինական հանդիպումներն առաջին հերթին կարևոր նախադրյալներ ստեղծեցին տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության համար, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները մեր հայրենակիցներին հույս ներշնչեցին, որ հետայսու ուկրաինական հայկական սփյուռքը ամեն ինչ կանի` ինտեգրվելու Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերին: Այսօր արդեն Ուկրաինա-Հայաստան երկար սպասված երկխոսությունը կայացել է: Այդ երկխոսության կարևոր հաստատումներից մեկը Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունն էր` նպաստել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծմանն ու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Անտարակույս, լինելով Եվրոպայի առանցքային երկրներից մեկը, Ուկրաինան կարող է կարևոր դերակատարություն ունենալ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ, քանզի ԵԽԽՎ-ում ունեցած իր պատգամավորական կազմով և Արևելյան Եվրոպայում զբաղեցրած քաղաքական դիրքով այն բարենպաստ պայմաններում է: Սակայն Յանուկովիչի հայտարարությունը կարող է չանցնել սովորական հռետորաբանության սահմաններից, եթե նա չկարողանա լուծել սեփական երկրում առկա խնդիրները: Ինչպես հետխորհրդային շատ երկրներում, Ուկրաինայում ևս իշխանությունները կախված են խոշոր արդյունաբերողների շահերից, նրանց կամքից: Ավելին, այնտեղ խոշոր արդյունաբերողների ձեռքում է ռազմաարդյունաբերական համալիրը, որն ահռելի եկամուտներ է ստանում «թեժ կետերից», մասնավորաբար Ադրբեջանից, որն օրավուր մեծացնում է սպառազինությունների մրցավազքը` հիմնականում զենք գնելով Ուկրաինայից: Ահա այստեղ է, որ հակադրվում են պետության դիրքորոշումներն ու արդյունաբերողների շահերը: Ուկրաինային խանգարում է նաև այն, որ Ռուսաստանի հետ նախկինում ունեցած խիստ լարված հարաբերությունները նրան դուրս են դրել եվրոպական մի շարք զարգացումներից, մասնավորաբար տարածաշրջանային հակասություններում ունեցած դերակատարությունից: Ինչևէ: Հայաստան-Ուկրաինա երկխոսությունը վկայությունն է, որ անկախ պաշտոնական Կիևի նախկինում վարած քաղաքականությունից, Հայաստանն այսօր պատրաստ է սերտացնել իր հարաբերություններն այս երկրի հետ` այսպիսով ընդլայնելով եվրոպական տարածքում իր ձգտումների սահմանագծերը: Իսկ այդ սահմանագծերի ընդարձակումները չափազանց անհրաժեշտ են, որովհետև հատկապես հիմա պետք է, որ մեր կողքին կանգնի Եվրոպան` իր միասնական կամքի արտահայտությամբ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ