ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ


 

- Որտեղ դրել ենք, այնտեղ չկա,- գրգռված պատասխանեց Արփինեն:- Իսկ ես ուշանում եմ: Ահարոնն ու Ռուզանն ինձ են սպասում:

Բարսեղն ու Գայանեն իրար երես նայեցին, նույն բանը մտածեցին:

- Տունը գող է մտե՞լ:

Բարսեղն ստուգեց մի քանի գզրոցներ, կանխիկ գումարն էլ չկար:

- Ի՞նչ անենք, ոստիկանություն հայտնե՞նք,- ինքն իրեն ասաց Բարսեղը:- Եթե ոստիկանները գան, ամբողջ տունը կխառնեն իրար, կկեղտոտեն, երկար քաշքշուկ կսկսվի: Բայց կգտնե՞ն որ: Իսկ եթե չհայտնենք, ուրեմն ի՞նչ, հաշտվե՞նք կորցրածի հետ:

Ու բարձր ձայնով ասաց.

- Արփինե, զանգահարիր Ահարոնին, որ Ռուզանի հետ այստեղ գան: Տունը գող է մտել ու այլ զարդերի հետ գողը տարել է և Ռուզանի զարդերը: Որ ասում էի բոլոր զարդերը մի տեղ մի դրեք` չէիք լսում: Տեսա՞ք: Իսկ դու,- դիմեց Գայանեին,- նստիր ու մի ցուցակ կազմիր, թե գողն ի՞նչ է տարել:

Հետո նորից ինքն իրեն փնթփնթաց.

- Ինչպե՞ս է հասցրել այն մի քանի րոպեների ընթացքում սրբել բնակարանը:

Ասես ինչ-որ մտքից խայթված, հարցրեց կնոջը.

- Վերջին ժամանակներս մեր բնակարանն անծանոթ մարդիկ մտե՞լ են:

- Իհարկե: Գազի հսկիչները. նայեցին, թե ինչպես է աշխատում BΖxi-ն: «Լույսի մարդը» եկավ ու նայեց մեր անհատական հաշվիչը, UcoΗ-ի աշխատողները internet-ի համար իրենց սարքավորումը տեղադրեցին, տեղամասային հանձնաժողովից ամուսիններ էին եկել` մեր տվյալները ճշտելու:

- Եվ այդ ամենը վերջին տասնհինգ օրվա ընթացքո՞ւմ,- զարմացավ Բարսեղը:- Հա, մեկ էլ «ջրի մարդը» եկավ, ջրաչափի ցուցանիշը վերցրեց:

- Իսկ տեղամասից ովքե՞ր էին եկել:

- Ի՞նչ իմանամ,- ուսերը թոթովեց Գայանեն:- Համենայն դեպս, երբ գնացինք ընտրության, նրանք այնտեղ էին:

Գայանեն ստեց: Նա տեսել էր միայն Գոհարին: Մտածեց, որ եթե ամուսիններ են, որտեղ Գոհարն է, այնտեղ էլ ամուսինը կլինի:

- Արի գիտե՞ս ինչ անենք,- ասաց Բարսեղը:- Մեքենայով արագ գնանք տեղամաս ու գանք:

- Նորից հագնվե՞մ,- հարցրեց կինը:

- Խալաթդ հանիր, մի բան գցիր վրադ, գնանք ու գանք...

Տեղամասում հերթը չէր պակասել: Նրանք սպասեցին մինչև իրենց հերթը հասնի, մտան ներս: Գայանեն տեսավ Արսենին:

Մոտեցան:

- Բարև ձեզ,- ասաց Գայանեն:- Սա իմ ամուսինն է:

- Շատ հաճելի է. Արսեն,- սեղմեց Բարսեղի ձեռքը:

- Իսկ ձեր տիկինը ո՞ւր է,- շարունակեց Գայանեն:

- Ա´յ, հենա եկավ,- մատով ցույց տվեց մոտեցող աղջկան:- Սոված էինք, հանձնաժողովի նախագահը Գոհարին ուղարկեց ուտելիք գնելու:

- Իսկ ո՞ւր է ձեր հանձնաժողովի նախագահը,- հարցրեց Բարսեղը:

Արսենը ցույց տվեց տեղամասի մի անկյունում կանգնած մարդուն:

- Պարոն Աղավելյան,- ձայնեց,- ձեզ են ուզում:

Բարսեղը մոտեցավ նախագահին:

- Ես նախարարի աշխատակազմի ղեկավարն եմ:

- Ուրախ եմ,- ասաց Աղավելյանը,- ապա ուշադիր նայեց Բարսեղին.

- Մի փոքր առաջ դուք ընտրեցիք, այնպես չէ՞:

- Այո: Բայց խոսքը ընտրության մասին չէ:

- Հապա՞:

- Ձեր աշխատակիցն այսօր այստեղից բացակայե՞լ է:

Ու ցույց տվեց Արսենին:

- Ոչ: Նրա կողքին կանգնած մեր աշխատակցուհուն` Գոհարին, մի տաս րոպե առաջ ուղարկեցինք ուտելիք բերելու: Իսկ ի՞նչ է պատահել:

- Առանձնապես ոչինչ: Ես շփոթեցի և ուրիշին նմանեցրի, կներեք:

Ավտոմեքենայի մեջ նա կնոջն ասաց, որ իր կասկածներն անհիմն էին:

Նախարարի աշխատակազմի ղեկավար Բարսեղ Գրիգորյանը ոստիկանություն չդիմեց:

Գայանեի կազմած զարդերի ցուցակը մնաց անպահանջ:

Անցավ որոշ ժամանակ. Արսենն ու Գոհարը ամուսնացան: Որպես հարսանեկան նվեր երիտասարդը իր ապագա կնոջը նվիրեց մատանի, որի տեսքից աղջիկը ա˜խ քաշեց միայն. կարմիր ռուբին քարի շուրջն օվալաձև տասնմեկ հատ փոքր ադամանդներ էին:

Գոհարի նուրբ ձեռքի մատներին մատանին հիանալի էր երևում: Եվ աղջիկն էլ այդ մատանին կրում էր հազվագյուտ, կարևոր և արտակարգ իրադարձությունների ժամանակ:

Այդպիսի իրադարձություն եղավ Գոհարի ծննդյան տարեդարձը: Արսենը որոշեց կնոջ համար ճոխ խնջույք կազմակերպել և թույլ տվեց, որ Գոհարն այդ օրը հրավիրի, ում կամենա: Հրավիրվածների թվում էր նաև Գոհարի ընկերուհիներից մեկը` Հերմինեն, որը սկզբից ևեթ հայացքը մատանուց չկտրեց:

- Ախչի, նախանձ, տուր մի քանի օր դնեմ, էլի,- խնդրեց Գոհարին:

Գոհարը մի քիչ չեմուչում արեց, հետո համաձայնեց:

- Վերջում,- ասաց նա,- կմոտենաս, կտամ: Բայց տես հա, միայն երեք օրով:

Խնջույքի վերջում Գոհարը մատանին ընկերուհուն տվեց:

- Տես, հա,- շշնջաց,- զգույշ կլինես: Թե չէ Արսենը կսպանի:

Հերմինեն մատանին թաքցրեց պայուսակում. ու հենց որ տնից դուրս եկան` հանեց ու մատը դրեց. «Ի˜նչ լավն է»,- մտածեց:

***

Երևանի պետական համալսարանում քննությունների շրջան է: Քննասենյակ մտնելուց առաջ ուսանողներից մի քանիսը խռնվել էին պատուհանի մոտ` վերջին անգամ վերհիշելու անցած նյութերը:

Հավաքվածների մեջ էր նաև Հերմինեն. ադամանդակուռ ռուբինե մատանին դրած այնպես, որ բոլորը տեսնեն: Աչքերը փակ` հենց նոր կարդացած տեքստն էր մտապահում: Իսկ քիչ այն կողմ Արփինեն էր, Հերմինեի համակուրսեցին: Նա հաջորդ օրն էր քննություն հանձնելու, բայց եկել էր տեսնելու, թե մյուսներն ինչպե՞ս են հանձնում, որպեսզի դաս քաղի:

Երբ մոտեցավ խմբին, առաջինը նրա աչքով ընկավ Հերմինեի կրած մատանին: «Տատիկիս նվերը»` անցավ մտքով, բայց ոչինչ չասաց:

Երբ Հերմինեն մենակ մնաց, Արփինեն հարցրեց.

- Ինչ լավն է, Հերմին, որտեղի՞ց:

- Ընկերուհիս տվեց, որ մի քանի օր կրեմ:

- Կտա՞ս մի քանի օր էլ ես դնեմ:

- Ոչ, ընդամենը երեք օրով եմ վերցրել: Վաղը պիտի տամ, թե չէ մեծ հաճույքով կտայի:

- Դե լավ, ինչ արած,- հոգոց հանեց Արփինեն:

Ու բաժանվեցին:

Տանը Արփինեն մորն ասաց.

- Ես գիտեմ, թե մեր տան զարդերն ով է տարել:

- Ո՞վ,- հարցրեց զարմացած Գայանեն:

- Տատիկի տված ռուբինով ու ադամանդներով մատանին այսօր տեսա համալսարանում, մեր կուրսեցի Հերմինեի մատին:

- Հերմինեի՞: Այն որ հայրը հարկայինում է աշխատո՞ւմ:

- Հենց ինքը:

- Բա չհարցրեցի՞ր, թե որտեղից:

- Ասաց, որ ընկերուհին է տվել երեք օրով:

- Պարզ է,- մտածմունքի մեջ ընկավ մայրը:- Ի՞նչ անենք:

- Պապային ասա, թող ոստիկանություն հայտնի: Հերմինեի միջոցով կգտնենք նրա ընկերուհուն, նա էլ կասի, թե մատանին իրեն որտեղից:

- ճիշտ ես մտածում:

Երեկոյան, երբ Բարսեղը տուն մտավ, մի կտոր հաց կերավ ու պառկեց հանգստանալու, Գայանեն նրան հայտնեց Արփինեի ու մատանու պատմությունը:

Մի քիչ մտածելուց հետո նա դիմեց դստերը.

- Վաղը քննությունից հետո Հերմինեին մեր տուն հրավիրիր: Իբր շա˜տ կարևոր բան ունես ասելու: Ասենք` ժամը հինգին: Կլինի՞:

- Հա, իհարկե:

- Հենց որ պայմանավորվես, ինձ տեղյակ պահիր:

Հաջորդ օրը պայմանավորված ժամին Հերմինեն Արփինեենց տուն մտավ:

- Բարև ձեզ, Գայանե մորաքույր, ինչպե՞ս եք:

- Շատ լավ եմ, շնորհակալություն:

- Բա Արփինեն ո՞ւր է,- հարցրեց:

- Նստիր, հիմա կգա, խանութ իջավ:

- Ինչպե՞ս հանձնեց քննությունը:

- Լավ էր, հաջող հանձնեց: Իսկ դո՞ւ:

- Ես էլ լավ հանձնեցի: Մնաց ևս մի քննություն և կհամարվենք հինգերորդ կուրսի ուսանողներ:

Այդ պահին ներս մտան Արփինեն ու հայրը:

Ողջունեցին միմյանց, Գայանեն սուրճ պատրաստեց: Նստեցին փոքր խաղասեղանի շուրջ: Արփինեն նկատեց, որ մատանին ընկերուհու մոտ չէ: «Երևի ետ է տվել,- մտածեց, իսկ բարձրաձայն ասաց.

- Գիտե՞ս, քեզ ինչի եմ կանչել:

Հերմինեն զարմացավ` «Կարևոր բան ունի ասելու և այն ծնողների մոտ պիտի ասի՞»:

- Չգիտեմ, բայց հետաքրքրությունից վառվում եմ:

- Հիմա սառը ջուր կտանք,- կատակեց Բարսեղը և լրջանալով ասաց,- խոսքը վերաբերում է այն մատանուն, որը երեկ Արփինեն տեսել է քո մատին: Չեմ թաքցնի, վերջերս մեր բնակարանում գողություն է եղել, և այլ զարդերի հետ նաև տարել են այդ մատանին, որը մայրիկիս նվերն էր իր թոռնուհուն` Արփինեին: Աղջիկս պարզապես չէր դնում, սպասում էր, որ հարսանիքի օրը դնի: Հիմա դու մեզ կասե՞ս, թե այդ մատանին ո՞վ է տվել քեզ:

Հերմինեն ապշեց:

- Կասեմ, ինչո՞ւ չէ: Բայց կարծում եմ, որ այդ աղջիկը գողության հետ որևէ առնչություն չունի: Եվ հետո հնարավոր չէ՞, որ նույն այդ մատանուց էլի լինի: Սա հո աշխարհում միակը չէ՞:

- Համաձայն եմ քեզ հետ, որ միակը չի կարող լինել: Մայրիկի մատանու ադամանդե քարերից մեկը «խաղում է», այն, որն օվալի ծայրին է: Իսկ ներսում, ներքևի մասում փոքրիկ նշան կա արած: Ուշադրություն չդարձրեցի՞ր:

- Ճիշտն ասած` չեմ նկատել:

- Լավ,- ասաց Բարսեղը,- դու մեզ ասա քո ընկերուհու տվյալները, մենք կստուգենք: Եթե, ինչպես ասում ես, կրկնօրինակն է, մերը չէ, ներողություն կխնդրենք ու վերջ: Իսկ եթե մերն է, կպահանջենք ցույց տալ ակունքը, աղբյուրը:

- Չորս օր առաջ հրավիրված էի իմ ընկերուհու ծննդյան տարեդարձին: Տեսա մատանին` շատ հավանեցի և խնդրեցի մի երեք օրով տալ: Չմերժեց: Այսօր վերադարձրեցի:

- Ո՞վ է:

- Գևորգյան Գոհար, ապրում է...,- և հայտնեց հասցեն ու բջջային հեռախոսի համարը:- Ուզո՞ւմ եք զանգեմ, հարցնեմ:

- Ոչ մի դեպքում,- կտրուկ ասաց Բարսեղը:- Եթե իսկապես ինքը մեղսակից է, կփորձի ինչ որ բաներ անել: Եթե նույնիսկ ինքն էլ զանգահարի` մեր զրույցի մասին ոչ մի խոսք: Ես ամեն ինչ կանեմ, որ հայրիկդ չիմանա: Դուք սուրճը խմեք, ես հիմա...

Ու մտավ ննջասենյակ, իր թիկնապահներին զանգահարեց ու հայտնեց աղջկա տվյալները: Թիկնապահները Գայանեի ցուցակով զինված, գնացին նշված հասցեով:

Մեկ ժամ անց զանգահարեցին.

- Մատանու քարը չի «խաղում» և ներսի կողմում էլ նշան չկա: Ներողություն խնդրեցինք ու դուրս եկանք:

- Շնորհակալություն,- փնթփնթաց Բարսեղն ու անջատեց հեռախոսը:

Նրա համար այդպես էլ հանելուկ մնաց, թե բնակարանն ո՞վ և ինչպե՞ս կողոպտեց:

Ֆարիդ ԳՐԻԳՈՐՅԱՆ