«Սատանա կա քաղաքում»


 

Մասիս քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենը վերջերս զանգահարել է ոստիկանություն և ահաբեկված հայտնել, որ անհայտ անձը մուտք է գործել մանկապարտեզ և կոտրում է ապակիները:

Դեպքի վայր շտապած ոստիկաններին հաջողվել է պարզել, որ ժամը 12.20-ի սահմաններում Մասիսի Նոր թաղ թաղամասի բնակիչ, 1987 թ. ծնված Գառնիկ Թահմազյանը խոհանոցի պատուհանից մուտք է գործել մանկապարտեզ և քարերով կոտրել դռների ապակիները, ինչի հետևանքով փշրված ապակու բեկորները թափվել են մանկապարտեզի դաստիարակչուհիներից մեկի ոտքերին` պատճառելով վնասվածքներ: Սակայն այդքանով չբավարարվելով և շարունակելով իր տարօրինակ ու ակնհայտ հանցավոր գործողութ յունները` նախադպրոցական այս հաստատության անկոչ այցելուն ձեռքին եղած քարով հարվածել է մանկապարտեզի տնտեսվարին, պատճառել վնասվածք և դիմել փախուստի:

Մանկապարտեզին պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:

Ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում Գ. Թահմազյանին հայտնաբերելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: