Ճանաչեց հեռուստահաղորդումից


 

Երևանի Արմենակյան փողոցի 191/1 հասցեում գործող «Սիթի պետրոլ գրուպ» ՍՊԸ բենզալցակայանի լիցքավորող, 1987 թ. ծնված Լևոն Հ.-ն օրերս ներկայացել է ոստիկանություն և հայտարարություն տվել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հերթապահ մաս» հաղորդաշարի հերթական թողարկումը` ճանաչել է մեկ այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված Ա. Մովսիսյանին, ով ս/թ մայիսի 29-ին, գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, նշված բենզալցակայանում իրենից բացահայտ հափշտակել է 270.000 դրամ:

Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր դիմել` մտածելով, որ այն երբևէ չի բացահայտվի, և գումարն էլ, որը ստիպված է լինելու իր գրպանից վերականգնել, հետ չի ստանա: Սակայն օրենքի պահապանները հերթական անգամ վերահաստատելով վերջին շրջանում աշխատաոճ դարձած կարգախոսը` «Չբացահայտվող հանցագործություններ չեն լինում», կրկին հօդս ցնդեցրին ներկայիս ոստիկանության մասին որոշ քաղաքացիների թյուր պատկերացումները: