Արձագանքե´ք, տուժողներ


 

Ոստիկանության ծառայողները շուրջ մեկ տարի որոնում էին այն հանդուգն հանցագործին, ով անցյալ ամռանը մի շարք կողոպուտներ էր հեղինակել Երևանի Աջափնյակ, Մալաթիա և Շենգավիթ վարչական շրջաններում` մթության քողի տակ սարսափահար անելով իրեն հանդիպած կանանց և աղջիկներին:

Եվ ահա օրերս, հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով, հայտնաբերվեց և բերման ենթարկվեց մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ Վալտեր Ծատուրյանը, որը ամենևին էլ ոստիկանների պատկերացրած փորձառու և «ստաժավոր» կողոպտիչը չէր, այլ ընդամենը 17 տարեկան պատանի:

Մի շարք անհերքելի ապացույցների ճնշման ներքո ամենևին էլ ոչ պատանեկան զվարճանքների սիրահար և փողի կարիք ունեցող Ծատուրյանը ստիպված էր խոստովանել կատարածը և վերհիշել բոլոր այն դեպքերը, որոնց, հիմնականում երեկոյան ժամերին, թիրախ էին դարձել տարբեր տարիքի կանայք:

Ծատուրյանը բոլոր հանցադրվագներում էլ գործել էր համանման ձեռագրով. նկատելով իր ապագա զոհերի պարանոցներին փայփլող ոսկյա շղթաները` միառժամանակ հետևել էր նրանց և հարմար պահն օգտագործելով, հիմնականում անմարդ ու աչքից հեռու վայրերում, քաշել-պոկելով «շղթայազերծ» էր արել ահաբեկված կողոպտվողներին և ավարը ճանկելով` դիմել փախուստի:

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Վալտեր Ծատուրյանի հանցավոր գործողություններից տուժածների շրջանակը շատ ավելի ընդարձակ է, ուստի տուժողները կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: