Դեռ շատ անելիք ունենք


 

Հովակ ԳԱԼՈՅԱՆ, դերասան

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Հովակ Գալոյանն առաջին քննությունը հանձնել է պապին` ժողովրդական արտիստ Հովակ Գալոյանին: Իր իսկ խոսքերով` դա ամենակարևոր քննությունն էր, և պապի հավանությանը չարժանանալու դեպքում երբեք չէր բռնի թատերարվեստի ուղին: Թատերական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողը 1992-ին Երվանդ Ղազանչյանի կողմից հրավիրվել է Պատանի հանդիսատեսի, իսկ 1994-ից` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: 2003-ին կոմեդիայի թատրոնների միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույն դերասան: Հաջողությամբ հանդես է եկել նաև գեղարվեստական ֆիլմերում, հեռուստատեսային սերիալներում:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Իմ կյանքում դժվարությունները շատ են եղել, երևի թե կդժվարանամ դրանք դասդասել և առանձնացնել ամենադժվարը: Ամենածանրը պապիս կորուստն էր: Ես 2-րդ կուրսի ուսանող էի, երբ պապս հեռացավ կյանքից, մինչդեռ այնքան անելիքներ դեռ ուներ: Իսկապես մեծ էր կորուստը: Դեռ մանկուց շատ հետաքրքրասեր եմ եղել և միշտ հարցրել եմ մեծերին, թե ինչո՞ւ ենք մեր հողերը կորցրել, ինչո՞ւ հիմա տեր չենք մեր տարածքներին: Շատ լավ եմ հիշում` քարտեզին նայելով` հարցեր էի տալիս: Ծնողներս բացատրում էին, որ դրանք հայկական հողեր են. հետաքրքրվում էի, թե ովքե՞ր են ապրում այնտեղ: Եվ այն փաստը, որ Արցախում հայեր են ապրում, սակայն Ադրբեջանի կազմի մեջ էր, ինձ անհասկանալի էր թվում և շատ էր զարմացնում: Հիշեցնեմ` խոսքս 70-ականների վերջերի մասին է: Հետո, երբ մի փոքր հասունացա, ուսումնասիրեցի մեր պատմությունը և շատ հարցերի պատասխաններ ինձ համար պարզ դարձան: Երբ սկսեցի ինքս գիտակցել այդ ամենը` ողջ խորությամբ, դա ևս չափազանց ծանր հարված էր: Իհարկե, ջարդերի մասին շատ ավելի վաղ տարիքում գիտեի:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չէի ցանկանա լինել: Եթե նորից ծնվեի, կուզենայի կրկին հայ լինել: Այլ կերպ չեմ կարող պատկերացնել: Մենք այն ազգն ենք, որ տվել է Կոմիտաս, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Վահրամ Փափազյան, Հովհաննես Այվազովսկի... կարելի է անվերջ թվարկել: Եվ ինչպե՞ս կարելի է չհպարտանալ հայ լինելով: Այսօր եթե մեր երիտասարդները մի փոքր ավել կարդան, ուսումնասիրեն մեր պատմությունը, վստահ եմ` բոլորը նույն պատասխանը կտան:

Ես ճանաչում եմ հայի առնական, վեհ, ազնիվ, արդար, պայքարող տեսակը: Արծվի խորհրդանիշը միշտ եղել է մեր զինանշանների վրա: Ինչքան հպարտություն, վեհություն, ազնվություն կա արծվի կեցվածքում: Գիշատիչ է, սակայն երբեք չի սպանում` միայն սպանելու համար: Արծիվը ճախրող տեսակ է: Կուզենայի այդպիսին տեսնել մեր ապագա սերնդին:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Գաղտնիք որպես այդպիսին չկա, որի մասին կցանկանայի բարձրաձայնել, սակայն կուզենայի խոսել մի երևույթի մասին: Մեր ազգի մեջ վերջին շրջանում արհեստականություն եմ տեսնում: Դա, բնականաբար, գալիս է դրսից: Ցավոք, միշտ չէ, որ դրսից միայն դրականն ենք վերցնում: Մեր մեջ ձևականություն եմ տեսնում, ինչը հարիր չէ մեր հոգեկերտվածքին: Կուզենայի` ձերբազատվենք բացասական երևույթներից և ավելի ազնիվ ապրենք: Փորձեմ համեմատել ֆուտբոլի հետ, որ ասելիքս ավելի հստակ լինի: Դարպասը գրավելու պահը պետք է աստիճանաբար հասունանա: Դրա համար փոխանցում է անհրաժեշտ, և կարևոր է թիմային խաղի գիտակցությունը: Իսկ մեզանում բոլորն ուզում են գոլի հեղինակ դառնալ, Սպարտակ լինել: Պետք է արդյունքի մասին մտածել: Պիտի փորձենք եսասեր չլինել: Եթե միասնական լինենք` աշխարհում ոչ մի ուժ մեզ չի ջլատի:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Տիեզերքն է ամենաառեղծվածայինը: Այսպիսի համեմատություն կա` ինչքան ավազի հատիկ կա երկրագնդի վրա, այնքան գալակտիկա կա տիեզերքում` յուրաքանչյուրի մեջ` 100 միլիարդ մոլորակ: Առեղծվածային են մոլորակը, բնությունը: Մեր մոլորակը կենդանի է, մտածող և պատժում է մեզ: Չի կարելի ապականել բնությունը: Ինչքան քիչ վնաս տանք մայր բնությանը, այնքան նա կփոխհատուցի մեզ: Եվ վերջապես` առեղծված է, թե ինչպե՞ս արարվեց կյանքը:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Երբ Երվանդ Ղազանչյանն ինձ հրավիրեց Պատանի հանդիսատեսի թատրոն, հրաման էր կախել հետևյալ գրությամբ` Հովակ Գալոյանին ընդունել Պատանի հանդիսատեսի թատրոն` որպես դերասան: Դերասաններից մեկը, կարդալով, շփոթել էր պապիս հետ և զարմացել, թե` Հովակ Գալոյանը մայր թատրոնից եկել է մեր թատրո՞ն:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Մանկությունս մշտական ուղեկիցս է, իսկ հուշերը շատ են: Հիշում եմ` շատ էի սիրում դրոշմանիշներ հավաքել, բավական մեծ հավաքածու ունեի: Նաև հիշում եմ գերմանական խաղալիք գնացքներս: Ինձ նվիրել էին, ժամանակի ընթացքում ավելացրի և մի ամբողջ հավաքածու էի ստեղծել` թունելներով, կայարաններով, իսկ գնացքներն անընդհատ շարժման մեջ էին: Մինչ օրս պահպանվել են դրանք:

Կցանկանայի պատմել մի դեպքի մասին, որ մշտապես ուղեկցում է ինձ: Հաճախ էինք գնում Սև ծով` հանգստանալու: Տատս Սուխումիում էր ապրում: Ճանապարհներ բաց էին, և ամառվա 2 ամիսներն այնտեղ էինք անցկացնում: Օչամչիր քաղաքի փոստը հրդեհվել էր: Ես ընդամենը 5-րդ դասարանի աշակերտ էի: Այդ պահին հրդեհվող շենքի մոտ էի գտնվում և բավական մեծ օգնություն ցուցաբերեցի: Ինձ հաջողվեց կրակների միջից դուրս բերել չհրկիզվող պահարանը, որը բաց էր և մեծ գումար կար: Փրկեցի նաև մեծ թվով նամակներ: Սեպտեմբերին երբ դպրոց գնացի, իմացա, որ պիոներական թերթում գրել են իմ մասին: Հպարտությունս մեծ էր, երբ բոլոր դպրոցականների ներկայությամբ շնորհակալություն հայտնեցին և շնորհակալագիր հանձնեցին ինձ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ