«ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐԸ»` ԷԼԴԱՐ ՇԵՆԳԵԼԱՅԱ ԲԵՄԱԴՐԻՉԻՆ


 

Երևանյան «Ոսկե ծիրանի» հաճելի հայտնություններից մեկը ականավոր վրաց բեմադրիչ Էլդար Շենգելայան է: Հայտնություն այն առումով, որ նա Հայաստանում է, Երևանում, որ հայ կինոսիրողն առիթ ունի նրան տեսնել մոտիկից, շփվել, նրա միջոցով վերհիշել վրացական կինոյի այն երևույթները, որոնք շա˜տ վաղուց թանկ ու սիրելի էին դարձել հայ հանդիսատեսին:

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում նրան շնորհվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Սա, երևի, իսկապես ամենաճիշտ ընտրություններից մեկն է, որովհետև մենք էլ լավ գիտենք, որ Էլդար Շենգելայան մեծ ու շնորհակալ գործ է կատարել Սերգեյ Փարաջանովի կենսագրության մեջ: Իր վերջին բանտարկությունից հետո վերադարձած Սերգեյ Փարաջանովը շրջապատված էր ընկերներով, թիֆլիսյան նրա տանը գրեթե միշտ լինում էին հատկապես վրացական արվեստի ներկայացուցիչներ, հայ նշանավոր նկարչուհի Գայանե Խաչատրյանը, բեմադրիչ ու դերասան Սլավա Ստեփանյանը: Բայց 20-րդ դարի համաշխարհային կինոյի մեծերից մեկը զգում էր հոգեկան մենակություն, որովհետև նրան հնարավորություն չէր տրվում զբաղվելու իր սիրած գործով` ֆիլմեր նկարահանելով: Ռուսթավելու անվան թատրոնի գլխավոր բեմադրիչ Ռոբերտ Սթուրուան վարպետին ինքնաարտահայտվելու հնարավորություն էր ընձեռել` նրա գաղափարներով և էսքիզներով բեմադրելով շեքսպիրյան «Ռիչարդ Երրորդը»:

Մենք եղել ենք հռչակավոր դարձած այս բեմադրության փորձերին և երբեմն տեսել ենք Սթուրուայի սեղանին դրված գրոտված թղթեր ու ճեպանկարներ, որոնց հեղինակը Փարաջանովն էր: Երբ մի առիթով այս մասին ասացինք Փարաջանովին, նա ժպտաց ու ասաց.

- Ռոբիկոն օգնեց ինձ ամլություն չզգալ, յուրովի ստեղծագործել:

Հենց այս շրջանում էր, որ Էլդար Շենգելայան կանգնեց Փարաջանովի կողքին: Նրա հեղինակությունն այնքան մեծ էր ինչպես վրացական կինոաշխարհում, այնպես էլ իշխանությունների շրջանում, որ մարդիկ լսեցին նրան ու թույլ տվեց Փարաջանովին նկարահանելու «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմը, որը դարձավ վարպետի լավագույն աշխատանքներից մեկը: Հետո դրան հաջորդեց «Աշուղ Ղարիբը», որով էլ ավարտվեց Փարաջանովի կինոկենսագրությունը, քանի որ նա չկարողացավ Երևանում նկարահանել իր երկու սցենարները` առողջության վատթարացման, ապա արդեն մահվան պատճառով:

- Փարաջանովի հետ բարեկամությունը մեծ պատիվ էր ինձ համար: Նա մեծ մաեստրո էր, այնպիսին, ինչպիսին էին Ֆելինին, Անտոնիոնին: Փարաջանովի մարդկային էությունը շատ բան տվեց ինձ, ես հարստացա նրանով,-այսօր ասում է վրաց կինոբեմադրիչը:

Էլդար Շենգելայան հաճույքով է խոսում հայ-վրացական կապերի մասին, որոնց արձագանքները կան նաև իր կենսագրության մեջ: Նա որդին է վրաց առաջին կինոդերասանուհի Նատա Վաչնաձեի, ով մի ամբողջ դարաշրջան դարձավ վրացական կինոյում: Իսկ կինոյի հետ Նատա Վաչնաձեի բարեկամությունը ձևավորվեց Համո Բեկնազարյանի շնորհիվ: Նշանավոր կինոբեմադրիչը «Գրուզիա-ֆիլմում» նկարահանեց «Հայրասպանը» ֆիլմը` ըստ Ա. Ղազբեգիի համանուն վեպի: Գլխավոր հերոսուհու դերում հրավիրվեց Նատա Վաչնաձեն:

Հայ կինոյի գործիչների, հայ արվեստագետների հետ սերտ մտերմություն է ունեցել նաև Էլդարի հայրը` անվանի վրաց կինոբեմադրիչ Նիկոլայ Շենգելայան: Էլդարը բարեկամացել է ոչ միայն Փարաջանովի, այլև Լև Կուլիջանովի, Արմեն Մեդվեդևի, այլոց հետ: Ու Երևանում հաճույքով էր պատմում իր հայ ընկերների մասին: Իսկ հայ հանդիսատեսն էլ նորից առիթ ունեցավ դիտելու նրա նշանավոր դարձած «Սամանիշվիլու խորթ մայրը», «Խելառները», «Արտասովոր ցուցահանդես» կինոնկարները: Նշենք, որ «Սամանիշվիլու խորթ մայրը» ֆիլմը ժամանակին կրկնօրինակվել էր Հայֆիլմում, ուր գլխավոր հերոսուհուն կրկնօրինակելու համար հրավիրվել էր ականավոր հայ դերասանուհի Ժաննա Թովմասյանը, ով հայ թատրոնի պատմության մեջ մշտապես կհիշվի իր առասպելական Շամիրամով:

Լ.Մ.