Ա˜Յ ՔԵԶ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ...


 

ԲՀԿ խմբակցության անդամ է դարձել Գուրգեն Արսենյանը և արդեն սկսել քննադատել կառավարությանն ու վարչապետին: Գուցե չափազանց լուրջ ու անկեղծ ընդունվեին նրա քննադատությունն ու «մտահոգությունը» երկրի հանդեպ, եթե չիմանայինք, թե ինչ ճանապարհ է անցել` դեռ մինչև վերջերս մաս կազմելով իշխանության:

Գուրգեն Արսենյանի կարիերան շատ հետաքրքիր նկարագիր ունի: 21 տարեկան հասակում ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստացել տնտեսագետի որակավորում և մեկնել Մոլդովայի Ռիբնիցա փոքրիկ գյուղաքաղաք, որտեղ ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է որպես տնտեսագետ: 1981-1982-ին ծառայել է սովետական բանակում և որոշել իրեն ամբողջապես նվիրել Հայաստանին: 1983-1986թթ. Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորումում աշխատել է ավագ տնտեսագետ, ու նաև դարձել է միավորման կոմերիտական կազմակերպության քարտուղար: Բայց երևի այնքան էլ ակտիվ կամ էլ սիրված չի եղել, որ այդպես էլ կոմերիտական աշխատանքի բարի պտուղները չի վայելել:

1987-ին, երբ Միխայիլ Գորբաչովի հրահանգով լայն թափ հավաքեց ձեռնարկատիրությունը, Արսենյանը կոոպերատոր է դարձել և բուհում ստացած գիտելիքները ներդրել կոոպերատիվ շարժմանն ու մասնավոր բիզնեսին: Նա այս ոլորտում մնացել է մինչև 2000 թվականը: 1992-ին, երբ Հայաստանը հայտնվեց քաոսային վիճակում, երբ լույսն ու ջերմությունը դարձան բացառիկորեն փնտրված հարստություններ, Գուրգեն Արսենյանը հեռացավ Հայաստանից: Չէր կարող պայծառ ապագային իր հայացքը հառած մարդը մնալ Հայաստանում և տառապել ցրտի ու մթի մեջ: Նրան լուսավոր քաղաքներ ու լուսավոր կենցաղ էր պետք:

Նա Մոսկվայում սկսեց իր գործունեությունը. բնականաբար` մասնավոր բիզնեսում: 1995-ից հետո երկու տարով բաց է մնում Արսենյանի կենսագրությունը. որտեղ է եղել, ինչով է զբաղվել` նա չի նշել, չի ցանկացել «լուսավորել» իր ժողովրդին: Գիտենք, որ 1997թ. դարձել է «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ և «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ: «Հայագրոբանկ»-ը Հայաստանի պատմության մեջ փառավոր էջեր չգրեց, այլ հայտնի դարձավ իր ձախողումներով, մինչև որ վաճառվեց Արդշինինվեստբանկին: Ասենք, որ ինչ-որ չափով այս բանկի հետ է կապակցվում նաև «նշանավոր» «Ճոյտի» անունը:

Գուրգեն Արսենյանը 1999-ին էլ դարձել է Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ: Հոգնելով միայն տնտեսական գործունեությունից, կամ էլ առավել ամուր ու հուսալի տանիք ունենալու համար, 2000-ին Արսենյանն առաջադրվել է պատգամավորության թեկնածու թիվ 29 ընտրատարածքից և եկել Ազգային ժողով:

Իր «քաղաքական» և տնտեսական գործունեության ընթացքում էլ Արսենյանը, ով մինչև վերջերս ման էր գալիս թիկնապահներով, պահում հատուկ մի քանի հոգու, որ իր պիջակը կամ վերարկուն բռնեն` կարգին հարստացել է: Եթե միայն նրա հայտարարագրին նայենք` զանց առնելով «ստվերում» մնացածը, կտեսնենք, որ Գուրգեն Արսենյանին ընդհանուր բաժնային սեփականությամբ պատկանում է 3 շենք, 3 շինություն, 8 հողամաս: Նա շարժական գույքի պակաս էլ չունի, ավելին` 2 ինքնաթիռ է հայտարարագրել: Ըստ հայտարարագրի` Գուրգեն Արսենյանն ունի «Լեքսուս LS 600 HL», «Ռենջ Ռովեր SuΘer ChΖrgeo», «Տոյոտա Պրադո», ինչպես նաև հայտարարագրել է «Զենեյր CH-701 STOL» մակնիշի երկու ինքնաթիռ: Սակայն, օրեր առաջ երկու ինքնաթիռներն էլ Գուրգեն Արսենյանը նվիրել է ԼՂՀ կառավարությանը: Այստեղ, իհարկե, պետք է ոտքի կանգնել ու ծափահարել, որովհետև մարդն այսպիսի թանկարժեք նվիրատվություն է արել չճանաչված պետությանը: Սակայն երբ զանգահարեցինք Ստեփանակերտ և մի շատ բարձր պաշտոնյայից ուզեցինք ճշտել, թե ինչպիսի՞ պայմանավորվածություններ կան նվիրատվության հարցում, թե արդյո՞ք Արսենյանն այլևս այդ ինքնաթիռների տերը չի հանդիսանում` պաշտոնյան ասաց. «Դե, իրեն հարցրեք, կբացատրի»:

Հուսանք, որ այս հրապարակումից հետո Գուրգեն Արսենյանն անպայմանորեն կբավարարի մեր հետաքրքրասիրությունը:

Դարձյալ հենվելով հայտարարագրին, նշենք, որ Գուրգեն Արսենյանը վերջին մեկ տարվա ընթացքում «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից ստացել է 1 միլիարդ 107 միլիոն 171 հազար 965 դրամ եկամուտ, «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ից` 11 միլիոն 809 հազար 568 դրամ, «Բիզնես Սթայլ» ՓԲԸ-ից` 5 միլիոն 997 հազար 600 դրամ եկամուտ: Գուրգեն Արսենյանին եկամուտ են բերել նաև մի շարք ընկերություններից ստացած վարձավճարները` «ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ-ից 13 մլն 590 հազար դրամ, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ-ից` 2 մլն 160 հազար և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ից` 1 միլիոն 80 հազար դրամ: Իսկ 48 միլիոն 655 հազար 691 դրամի եկամուտ Գուրգեն Արսենյանին ապահովել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված տոկոսները: 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ, Գուրգեն Արսենյանի հաշվին եղել է 35 միլիոն 233 հազար 242 դրամ, 6 միլիոն 253 հազար 17 դոլար և 23 հազար 138 եվրո: Նա 10 ընկերություններում ունի բաժնեմաս` 20-100 տոկոս:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ