Ապրեք համեստ ու հասարակ


 

Չինաստանի ժողհանրապետության հիմնադիր Մաո Ցզեդունի այս պահանջը վերստին օրակարգային է երկրի համար:

Կառավարությունը շուտով պետական կազմակերպություններին կարգելի բյուջետային միջոցները մսխել շքեղության իրեր-առարկաներ ձեռք բերելու, շատ թանկարժեք արտասահմանյան շրջագայությունների և ճոխ ընդունելություններ կազմակերպելու նպատակով (տեղեկացրել է BlooΗberg-ը): Ու ամենացնցողն այն է, որ բյուջեին խնամքով վերաբերվելու նմանօրինակ պահանջը հասունացել է ազգաբնակչության դժգոհությունից: Անհարկի նման շռայլությունը դիտվում է որպես կոռուպցիայի տարբերակ:

Չարիքն արմատախիլ անելու համար արմատը պետք է գտնել: Այս պարագայում` թե ո՞ր պահից են պաշտոնյաները սկսել անխնա վատնել պետական միջոցները: 2004 թ. 408,5 միլիարդ յուան (մոտ 64 միլիարդ դոլար) նրանք ծախսել են փոխադրամիջոցների վրա, 200 միլիարդ յուան` պետության հաշվին սննդի և 300 մլդ մսխել են արտասահմանյան գործուղումներում: Թեև վերջին տարիների թվերը չեն հիշատակվում, բայց ենթադրվում է, որ նշյալ գումարները բազմապատկվել են:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ Չինաստանի տնտեսության վիճակը հուսադրող չէ, և կառավարությունը որոշել է «խնայողության օրինակ ծառայել»: Եվ պետպաշտոնյաները «հասարակ կյանքով» ապրել կսկսեն հոկտեմբերի 1-ից: