Մի մոտեցրեք վերջին 13 րոպեն


 

Դեռևս սառը պատերազմի ժամանակներում Միացյալ Նահանգներում միջուկային մարտագլխիկներով ցամաքային հրթիռներն արձակման պատրաստ էին պահում` նախագահի հրամանից 3-4 րոպե հետո. ոչ ինքնանպատակ հիշեցրել է The WΖshington Post-ը: Եվ ինչպես բացատրում էին ամեն նորընտիր նախագահի` սպառնալիքի ահագնացման դեպքում այդ հրթիռների արձակման որոշումը պետք է կայացվի առնվազն 13 րոպե առաջ: Այդ մասին իմանալով, ասում են` Ջոն Քենեդին բացականչել է`

- Եվ մենք մեզ մարդկություն ենք անվանում:

Սառը պատերազմի ավարտից 20 տարի հետո էլ ամերիկյան ռազմավարական ուժերի 1/3-ը նախկինի նման պահվում է մարտական պատրաստականության վիճակում:

Պաշտոնաթող գեներալ Ջեյմս Քարտրայթի խոսքերով` 2008 թ. նախընտրական արշավի ընթացքում դեռևս նախագահի թեկնածու Բարաք Օբաման կոչ էր անում` այդ հրթիռների առնչությամբ բանակցել Ռուսաստանի հետ (գրել է InoΘressΖ.ru-ն): Նրա այդ գաղափարը քննարկվել է 2010 թ.` Միջուկային քաղաքականության ամփոփման մեջ: Եղան տարբեր առաջարկներ: Առաջիկա շաբաթում էլ սպասվում է, որ նախագահը կստորագրի ռազմական դոկտրինի կիրարկման հրահանգը: Սակայն հրթիռների մարտական պատրաստականության առնչությամբ ոչինչ չի ենթադրվում:

Ամերիկյան լրատվամիջոցի կարծիքով` մինչ օրս Միացյալ Նահանգներն իրենց հրթիռները պատրաստ են պահում արձակման այն պատճառով, որ Ռուսաստանը ևս նույն կերպ է վարվում:

- Սակայն ԱՄՆ-ը և Ռուսաստանն այլևս թշնամիներ չեն. միջուկային պատերազմի կամ անակնկալ հարձակման հնարավորությունը մոտ է զրոյի,- նշվել է հոդվածում:

- Այսօր ԱՄՆ-ը և Ռուսաստանը տիրապետում են 1800 միջուկային մարտագլխիկների, որոնք ցանկացած պահի գտնվում են մարտական պատրաստականության մեջ: Դա պահանջվածի ավելի և ավելորդ քանակություն է, որովհետև սառը պատերազմն ավարտվել է: Մենք գտնում ենք, որ երկու երկրները պետք է նվազեցնեն ռազմավարական ուժերի պատրաստականության չափը:

Սպառազինությունների մրցավազքը փաստորեն շարունակվում է. նախկինում սառը պատերազմող տերությունների հարաբերություններն ասես ջերմացել են: Բայց լիարժեք վստահության մթնոլորտ կարծես այդպես էլ չի ձևավորվում: